2020-ը ֆելինիական տարի է․ 1920թ․-ի հունվարի 20-ին ծնված մեծագույն ռեժիսորի 100-ամյա հոբելյանը նշանավորվեց ողջ աշխարհի արվեստասերների կողմից։
«Յուրաքանչյուր արվեստ ինքնակենսագրական է. արվեստը մարգարիտն է, ինքնակենսագրությունը` խեցին»,- ասել է Ֆելինին։ Իր հուշերում նա խոստովանել է, որ միշտ առանձնահատուկ կարևորություն է տվել սեփական երազներին, որոնցից շատերն արտացոլել է իր ֆիլմերում։ Ավելին՝ նրա երազները հաճախ հիմք են դարձել կինոյում նոր մտահղացումների ծնունդի համար։ Երազների մեծ մասը, սակայն, այդպես էլ չի ստացել մարմնավորում՝ թափթփված պատառիկների տեսքով մնալով նրա հուշերի գրառումներում կամ նրա երևակայության մեջ։ Ֆելինին ափսոսանքով է նշել, որ իր իրականացված մտահղացումները չնչին մասն են կազմում չիրականացվածի․ պատճառները տարբեր են եղել՝ ֆինանսավորման բացակայություն, առողջական խնդիրներ, անընդհատ «խանգարող» նոր կինոնախագծեր․․․ Արդյունքում՝ նա համարում էր, որ իր լեգենդար ֆիլմերը՝ «8 ½», «Քաղցր կյանք», «Ճանապարհ», «Ամարկորդ», «Ջուլյետան և ոգիները», «Կաբիրիայի գիշերները» և այլն, ընդամենը նախասրահի վարագույրն են դեպի իր հոգու դղյակ, որտեղ պահպանվում էին անհամար թաքնված ու այլոց համար այդպես էլ անտեսանելի մնացած գանձեր։
Իր «Կինոարարում» գրքում, օրինակ, Ֆելինին գրում է․ «Կա մի ֆիլմ, ուզում եմ ասել՝ գաղափար, զգացողություն, ֆիլմի նախազգացում, որով տարված եմ արդեն տասնհինգ տարի, բայց այն ոչ մի կերպ չի ընտելանում, ինձ չի արժանացնում իր վստահությանը, չի բացահայտում իր մտադրությունները։ Ամեն անգամ, երբ ես ավարտում եմ որևէ աշխատանք, այն անփոփոխ զգացնել է տալիս իր մասին՝ ասես ցանկանալով հիշեցնել, որ հիմա հասել է իր հերթը․ ինչ-որ ժամանակամիջոց այն մնում է կողքիս՝ սպասելով, բայց մի գեղեցիկ առավոտ տեսնում ես, որ էլ չկա։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ես նույնիսկ ուրախանում եմ․ այն մի տեսակ չափից դուրս լուրջ էր, պատասխանատու, խիստ, մեր միջև դեռևս չկար հարազատություն։ Երբեմն ես նույնիսկ սկսում եմ կասկածել, թե դա ամենևին էլ ֆիլմ չէր, այլ ինչ-որ մի այլ բան, որը դեռևս ի վիճակի չեմ գիտակցելու, և այդ ժամանակ որոշակի անհարմարություն եմ զգում»։ Ֆելինին այդ չնկարահանված ֆիլմը կապում է իր երազներից մեկի հետ։ «Մի անգամ, շատ վաղուց, ես երազ տեսա, որը, հնարավոր է, ինչ-որ ձևով կապված էր այս ֆիլմ-քիմեռի հետ, ավելի ճիշտ՝ դրա հանդեպ իմ վերաբերմունքի հետ․ այն և՛ գրավում է ինձ դեպի իրեն, և՛ վախեցնում՝ հոգիս լցնելով մերթ հրճվանքով, մերթ թերահավատությամբ, մի խոսքով՝ ի սկզբանե մերթ հրապուրում է, մերթ վանում»։
Ֆելինին երազում տեսնում է չինացու՝ վանող արտաքինով, անլվա մազերով, «ոչ այն է՝ ազնվականի, ոչ այն է՝ թշվառականի դեմքով», և այդ խորհրդավոր կերպարը և՛ վանում, և՛ գրավում է նրան։ Չինացին մի ուշ գիշեր ժամանում է օդանավակայան, որտեղ Ֆելինին, իբր, տնօրեն է և պետք է մուտքի վիզաներ տրամադրի ժամանածներին։ Երազում նա սկսում է զգալ, որ չինացու հանդեպ ունի նույն վերաբերմունքը, որն ուներ չնկարահանած ֆիլմի հանդեպ։ Եվ «օդանավակայանի տնօրեն» Ֆելինին սկսում է մտորել՝ հյուրին թույլ տա՞ մուտք գործել իր երկիր, թե՞ ոչ։ Իսկ հյուրը սպասում է։ Ֆելինին փորձում է խուսափել պատասխանատվությունից և հայտարարում է, որ չի ընդունում որոշում, քանզի իրենից ոչինչ կախված չէ, ինքը շարքային աշխատակից է։ Այդուհանդերձ, նրա սեղանի վրա «տնօրեն» բառով ցուցանակն է։ Երազը վերլուծելով՝ ռեժիսորը հասկանում է, որ չինացին հանդիսանում է իր չնկարահանած ֆիլմի մարմնավորումը․ նա «ժամանել է» ռեժիսորի ենթագիտակցության խորքերից և ուզում է տեղափոխվել իրական աշխարհ՝ հատելով սահմանը։ Նա այնքան տարօրինակ է, որ Ֆելինին փորձում է ազատվել նրանից, սակայն, միևնույն ժամանակ, ինչ-որ բան ռեժիսորին հետ է պահում այդ քայլից։
Ֆելինին հետագայում գրել է, որ այս ֆիլմի նկարահանումների համար արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ դեկորացիան, մարդիկ, գումարը․․․ Սակայն նա զգում էր, որ պատրաստ չէ նկարահանելու։ Նևրասթենիկ նոպաները խանգարում են նրա աշխատանքին, նրան թվում է, թե չի կարող իրականություն դարձնել այն, ինչ մտահղացել է։ Եվ նկարահանումներն այդպես էլ չեն մեկնարկում։ Չինացին շարունակում է երազում այցելել նրան։ Այցելում էր նաև «8 ½»-ի նկարահանումներից առաջ։ Ֆելինին ֆիլմի պրոդյուսերին գրած նամակում խոստովանում է, թե ինքը ստեղծագործական ամլության վիճակում է։ Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մեկը՝ «8 ½»-ը, ըստ էության, հենց այդ մասին է՝ ռեժիսորի ստեղծագործական ճգնաժամի։ «Երբ ես սկսում էի «8 ½»-ի աշխատանքները, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց։ Ես միշտ վախեցել եմ, որ դա տեղի կունենա, բայց երբ տեղի ունեցավ, ես նույնիսկ պատկերացնել չէի կարող, թե այդքան վատ կզգամ։ Ես ապրում էի ստեղծագործական այնպիսի ճգնաժամ, ինչպիսին, հավանաբար, ապրում են գրողները։ Ես ունեի պրոդյուսեր, ունեի պայմանագիր։ Ամեն ինչ պատրաստ էր նկարահանումները սկսելու համար։ Սպասում էին միայն ինձ, և ոչ ոք չգիտեր, որ ֆիլմը, որը պատրաստվում էի նկարահանել, խույս էր տվել ինձնից։ Արդեն պատրաստ էին դեկորացիաները, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել անհրաժեշտ հուզական վիճակը։ Ես կմկմում էի ու անհեթեթություններ դուրս տալիս, երբ Մաստրոյանին ինձ հարցեր էր ուղղում իր դերի մասին»։ «8 ½»-ի սցենարի սկզբնական տարբերակում ստեղծագործական ճգնաժամի թեման այդչափ հստակ գծագրված չէր․ կար միայն դրա կանխազգացումը։ Թեման հստակություն ձեռք բերեց լոկ այն պահին, երբ ռեժիսորը հրաժարվեց նկարահանել ֆիլմը։
Մինչ Մաստորնայի մասին չնկարահանված ֆիլմը սպասում էր իր հերթին, Ֆելինին նկարահանեց «Ջուլյետան և ոգիները»։ Նա ենթագիտակցորեն խուսափում էր Մաստորնայի պատմությունն էկրանավորելուց։ «Երբ ես մտահղացա «Ջուլյետան և ոգիները» ֆիլմը, իմ պատկերացրած միակ բանական լուծումը անսանձ երևակայությունն էր, յուրատեսակ թեթև խաղը, որը թույլ է տալիս ինչ-որ տեղ ինչ-որ բան ակնարկել, ինչ-որ տեղ ինչ-որ բան կիսատ ասել»,- գրում է Ֆելինին։ Թերասացությունն այդ ժամանակ նրա համար փրկություն էր, փախուստ իրեն վախեցնող ու նաև հրապուրող մեկ այլ սյուժեից։ 1965թ․-ին, երբ նա, հիվանդանոցում պառկած, սկսեց գրել «Կինոարարում» գիրքը, չմոռացավ հիշատակել նաև իր չնկարահանված ֆիլմը, սակայն՝ առանց մանրամասներ նշելու, թեպետ տարիներ անց լույս տեսած իր մեկ այլ գրքում խոստովանում է, որ Մաստորնայի պատմությունն իր գլխում ծնունդ է առել իր կինեմատոգրաֆիական կարիերայի ամենասկզբում և իրեն ուղեկցել է մյուս բոլոր ֆիլմերի նկարահանումների ընթացքում՝ առաջինից մինչև վերջինը։ Շատերի համար անբացատրելի էր, թե ինչու նա այդպես էլ չնկարահանեց իր կյանքի կարևորագույն ֆիլմը՝ վերջապես ունենալով ֆինանսավորում։ Պաշտոնական պատճառաբանությունը հիվանդությունն էր, սակայն Ֆելինիի պարագայում ոչինչ չէր կարող այդքան «պարզ» լինել։
Նա ասում էր, որ Մաստորնան, ինչպես և ինքը, կարողանում է երազում թռչել ու թռիչքի պահերին զգալ ազատության նույն երջանկավետ անսահմանությունը։ Հետո խոստովանում է, թե Մաստորնան, ինչպես և ինքը, սարսափելի վախենում է բարձրությունից։ Կարողանալ թռչել և, միաժամանակ, վախենալ բարձրությունից․ այսպիսին է նա, այսպիսին է նրա հերոսը։ «Մարդ, ով ձեռք է բերում թռչելու ունակություն․ ահա սյուժեն, որը պատանեկության տարիներից կրքոտ կերպով հետաքրքրում է ինձ։ Նույնիսկ մանուկ ժամանակ ես մտածում էի այն մասին, թե որքան լավ կլիներ վեր կենալ ու թռչել։ Ես երազում միշտ տեսել եմ, որ կարողանում եմ թռչել։ Երազում թռչելով՝ ես զգում էի արտասովոր թեթևություն։ Ես պաշտում էի այդ երազները։ Դրանք ինձ հասցնում էին էքստազի»,- գրում է Ֆելինին։ Նա սիրում էր իր մանկական մտապատկերները, որոնց շարունակում էր հավատարիմ մնալ նաև հասուն տարիքում, սիրում էր ֆանտասմագորիկ տեսարանները, որոնք նրա երևակայության մեջ վառ առկայծումների պես հաջորդում էին միմյանց։ Մանկությունից է սկիզբ առնում նաև նրա վախը թռիչքի բարձրության հանդեպ։ Թռիչքը նա ընկալում է որպես տեղափոխություն մի աշխարհից մեկ այլ աշխարհ, և այդ երևակայական տեղափոխությունն արդեն իսկ պարունակում է վտանգ գիտակցության համար, քանզի ապրում ես սահմանագծին, և փոխակերպումները, լինելով անհրաժեշտություն, չպիտի վնասեն առողջ բանականությանը։ Իր առաջին ինքնուրույն ֆիլմը՝ «Սպիտակ շեյխը» նկարահանելիս Ֆելինին ասում էր․ «Թվում է՝ ես անդունդն եմ թռչում»։
Իր բոլոր ֆիլմերը նա դիտարկում էր որպես մի ամբողջություն, ասես կյանքի ընթացքում միայն մեկ ֆիլմ է նկարահանել․ «Շատ տարիներ առաջ ես սկսեցի նկարահանել ֆիլմ և մինչ օրս նկարահանում եմ այն։ Քանի որ ես ավարտելուց հետո չեմ վերանայում իմ ժապավենները, դրանք իմ գիտակցության մեջ կազմում են ամբողջական ու անբաժանելի ինչ-որ բան»։ «Ճանապարհ» ֆիլմում նրբազգաց Ջելսոմինան ստիպված է թափառել կոպիտ Ձամպանոյի հետ։ «Քաղցր կյանք» ֆիլմում լրագրող Մարչելլոն այդպես էլ չի կարողանում իր մեջ ուժ գտնել և ազատվել ազնվականական ու բոհեմական շրջանակի խորտակող ճահճից։ «Ջուլյետան ու ոգիները» ֆիլմում գլխավոր հերոսուհի Ջուլյետան մարդկանց շրջապատում տառապում է միայնությունից ու չհասկացվածությունից՝ իրեն շրջապատելով ոգիներով։ «Եվ նավը լողում է․․․» ֆիլմում մշակույթի ու բարբարոսության բախումն է, որը կործանմամբ է սպառնում ողջ Եվրոպային։ «Նվագախմբի փորձը» ֆիլմում դիրիժորի ու երաժիշտների անհամերաշխությունը հանգեցնում է քաոսի, իսկ շենքը սկսում է փլվել։ Տարբեր սյուժեներ, տարբեր հերոսներ, սակայն Ֆելինին մեկը մյուսից չէր տարանջատում իր ավելի քան երկու տասնյակ ֆիլմերը։
Իր հուշերում Ֆելինին հիշատակել է ևս մի տարօրինակ երազ, որ տեսել է «Կանանց քաղաքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ․ «Ես, ինչպես լուսանկարում, հստակ տեսա այն ամենը, ինչն ինձ հետ պիտի կատարվեր, և այն, ինչն արդեն կատարվել էր իրականում։ Այդ երազը տևեց մեկ վայրկյանից ոչ ավելի։ Ես տեսա հսկայական ծովային տարածություն և տեսա ինձ՝ փոթորկի կենտրոնում, փոքրիկ նավում, որն արդեն սկսել էր սուզվել, և ջուրը հասել էր իմ սրունքներին։ Իսկ շուրջը լողում էին շնաձկները։ Դա դրամատիզմով լի մի տեսարան էր, որը, այդուհանդերձ, չգիտես ինչու, մի տարօրինակ ողբերգական ցնծությամբ էր լցնում իմ սիրտը, կրոնական հավատով առ այն, թե հիմա ինչ-որ հրաշք է կատարվելու։ Ինչի՞ մասին կարող է մտածել մարդը, ով իրեն տեսնում է շնաձկներով շրջապատված։ Նա կարող է մտածել լոկ այն մասին, ինչի մասին ես էի մտածում այդ պահին․ հիմա պետք է հայտնվի ուղղաթիռը, ինչպես Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, ես պետք է բարձրանամ այդ ուղղաթիռ, կամ՝ շնաձկներից մեկը կլինի ընտելացված և հանկարծակի կվերածվի դելֆինի, կամ՝ ինձ մոտ կթռչի մի խորհրդավոր թռչուն, որի մեջքին կտեղավորվեմ և, այդպիսով, կփրկվեմ մահից»։
Երբեմն համաքաղաքացիներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու են նրա ֆիլմերն այդքան անհասկանալի, և նա պատասխանում էր․ «Որովհետև ես միշտ ասում եմ ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը երբեք չի լինում հասկանալի, մինչդեռ սուտը հասկանալի է բոլորին»։ Նա ասում էր, որ արվեստագետը միջնորդ է երևակայության ու մնացյալ աշխարհի միջև, ու փորձում էր մինչև վերջ թափանցել իր հանճարեղ ու անկառավարելի երևակայության խորքերը, որտեղ թաքնված էին մարդկային էության բոլոր գաղտնիքները և դրանց վերծանման բանալիները։
անդրադարձը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
COMMENTS