հատվածներ Յուլյա Ռուսինայի «Խորհրդային կինոյի պատմություն» ձեռնարկից, 2019թ
Որպես նախաբան
Պատմական կրթության ավանդույթները հարուստ չեն խորհրդային կինոյի՝ որպես ինքնուրույն առարկայի, դասավանդման փորձով։ Խորհրդային կինեմատոգրաֆի զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկություններն ուսանող-պատմաբանները ավելի հաճախ ըմբռնում են մշակութաբանական դիսկուրսի շրջանակներում։ Գեղարվեստական կինոն՝ որպես պատմական նյութ, որը նպաստում է խորհրդային հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների գիտակցմանն ու ընկալմանը, գործնականում չի օգտագործվում։ Մինչդեռ հայրենական պատմական գիտությունն արդեն վաղուց է իր հայացքն ուղղել մարդկային կեցության տարատեսակ մանրամասներին՝ պատասխանելով 20-րդ դարի երկրորդ կեսի մեթոդաբանական մարտահրավերներին։ Ընդ որում՝ «մարդը պատմության մեջ» համատեքստը վայելում է հետազոտողների առավել լայն ու վառ արտահայտված հետաքրքրությունը։
Խորհրդային շրջանում նկարահանված գեղարվեստական ֆիլմերը հարուստ են նյութով, իսկ երբեմն էլ՝ վավերագրական տեղեկություններով, որոնք ճիշտ վերլուծական մոտեցման դեպքում թույլ կտան հասնել գիտական լուրջ ընդհանրացումների մակարդակի։ Ներթափանցումը այս, թվում է, հանելուկային ստեղծագործական ոլորտ՝ կինոարտադրության ստեղծման իր հատուկ օրենքներով և դեպի հանդիսատես իր ուղիով, անկասկած, կարող է նպաստել խորհրդային մարդու էության, նրա սոցիալական ու հոգեբանական բնութագրերի, հասարակական գիտակցության ու ամենօրյա գործառնությունների, արժեքային կողմնորոշիչների կայացման ու դինամիկայի, մշակութային կարծրատիպերի, խորհրդային հասարակության բարոյագիտական ու բարոյական կատեգորիաների ընկալմանը։ Միևնույն ժամանակ՝ առաջարկվում է խորհրդային կինոն ուսումնասիրել որպես հոգևոր մշակույթի ֆենոմեն՝ իր զարգացման ժամանակագրությանը, ժանրային բազմազանությանը համապատասխան՝ հաշվի առնելով գաղափարախոսական ու քաղաքական դիսկուրսները և շեշտադրելով առավել ճանաչված գործիչների ստեղծագործությունը։
Կինեմատոգրաֆի առաջամարտիկները
Մոսկվայում և Պետերբուրգում առաջին կինոսեանսները տեղի են ունեցել 1896թ-ին։ Իսկ 1914թ-ի նախաշեմին արդեն գործում էին 30 ընկերություններ, որոնք ռուսաստանյան կինեմատոգրաֆի պատմության առաջին երկու տասնամյակի ընթացքում թողարկեցին ավելի քան 300 կինոնկար։![]() |
Ալեքսանդր Դրանկով |
![]() |
Ալեքսանդր Խանժոնկով |
Իր գործը հաջողությամբ սկսած Ալեքսանդր Խանժոնկովն ի դեմս Դրանկովի տեսնում էր գլխավոր մրցակցի։ Նրանց մրցակցությանը հետաքրքրասիրությամբ հետևում էր ռուսաստանյան ողջ կինեմատոգրաֆիական հանրությունը։ Կինոյի ժամանակակից պատմաբան Նիկոլայ Իզվոլովի խոսքերով՝ «Դրանկովը հետաքրքրված էր սենսացիաներով, իսկ Խանժոնկովը՝ լուրջ գործով»։
1906թ-ին Խանժոնկովը Մոսկվայում բացեց կինոնկարների վարձույթի ռուսաստանյան առաջին գրասենյակը, իսկ 1907թ-ին հիմնեց «Խանժոնկով և Ընկ․ առևտրային տունը»՝ դառնալով Ռուսաստանում առաջին կինոարդյունաբերողը։ Ձեռնարկության պատկերանիշ ընտրվեց ոգեշնչում ընծայող Պեգասը՝ թևավոր նժույգը։ 1909-1914թթ-ին Խանժոնկովի ընկերությունը թողարկեց ավելի քան 70 խաղարկային ֆիլմ։ Արտադրության ծավալով այն զբաղեցրեց Ռուսաստանում առաջին տեղը։ Սյուժեներ ընտրելիս Խանժոնկովն իր գործունեության սկզբում առաջնորդվում էր ռուսական դասական գրականությամբ․ նա թողարկում էր ֆիլմ-նկարազարդումներ Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Տոլստոյի, Օստրովսկու ստեղծագործությունների թեմաներով։ «Խանժոնկով և Ընկ․» թողարկած առաջին գեղարվեստական կինոժապավենը «Երգ վաճառական Կալաշնիկովի մասին» ֆիլմն էր (1909)՝ Լերմոնտովի պոեմի հիման վրա և ռեժիսոր Վասիլի Գոնչարովի կողմից նկարահանված։ Սա ռուսաստանյան կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին գեղարվեստական ֆիլմերից էր, որ հանդիսատեսի շրջանում հսկայական ճանաչում ձեռք բերեց։ Գոնչարովի ֆիլմերում շատ նորամուծություններ կային նկարահանման տեխնիկայի առումով․ հերոսի դեմքի խոշորացում դեռևս նախքան խոշոր պլանի տեխնիկայի ի հայտ գալը, համայնապատկերային նկարահանման կիրառումը։ Հետո նկարահանվեցին «Երմակ» և «Մազեպա» ֆիլմերը, էկրանավորվեց «Մեռած հոգիները»։ Նրա ֆիլմերում նկարահանվում էին ռուսաստանյան համր կինոյի աստղեր Իվան Մոզժուխինը, Վերա Խոլոդնայան, Միխայիլ Չեխովը, Ալեքսանդր Վերտինսկին և նույնիսկ հռչակավոր օպերային բաս Ֆյոդոր Շալյապինը։
1911թ-ին Խանժոնկովը՝ որպես համահեղինակ և համառեժիսոր, Գոնչարովի հետ նկարահանեց կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմը Ղրիմի պատերազմի մասին՝ «Սևաստոպոլի պաշտպանությունը»։ Այս աշխատանքը մի շարք առումներով ուներ նորարարական բնույթ։ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվեց ճակատամարտ պատկերող տեսարանների նկարահանման փորձ, ընդ որում՝ դրանք որպես ռեժիսոր նկարահանեց ինքը՝ Խանժոնկովը։ Կինոյի պատմության մեջ առաջին անգամ նկարահանումն անցկացվեց դեպքերի իրական վայրում։ Միանգամից երկու կինոխցիկների օգտագործումը նույնպես նորամուծություն էր ֆիլմը ստեղծողների կողմից։
1910-ական թթ-ին Խանժոնկովի ընկերությունը սկսեց հրատարակել «Կինեմատոգրաֆի տեղեկագիր» (Մոսկվա) և «Սինեմա» (Ռոստով) ամսագրերը։ 1915թ-ից լույս էր տեսնում նրա «Պեգաս» ամսագիրը, որը նվիրված էր մշակութային իրադարձություններին՝ թատրոնին, երաժշտությանը, գրականությանը և, իհարկե, կինոյին։
![]() |
Խանժոնկովի կինոթատրոնը |
(շարունակելի)
թարգմանությունը՝ Սարո Դիվանդարեի