Կիրիլ Միխանովսկու «Ինձ ազատությո՛ւն տվեք» ֆիլմը այսօր նորովի է ընկալվում ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի լույսի ներքո:
Հետաքրքիր է վերանայել ֆիլմերն ու նշմարել, զգալ այն տարբերությունները, որոնք ի հայտ է բերում ժամանակը, հասկանալ, որ մի քանի ամիսները կարող են փոխել ընկալումներն ու պատկերացումները: Կիրիլ Միխանովսկու «Ինձ ազատությո՛ւն տվեք» (GIVE ME LIBERTY, 2019) ֆիլմը, որի առաջին ցուցադրությունները կայացել են Սանդենսում և Կաննի «Երկու շաբաթ ռեժիսորների հետ» ծրագրում (Directors' Fortnight), նորովի է ընկալվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ցույցերի լույսի ներքո: Մյուս կողմից՝ թեև ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում, որն ԱՄՆ ամենասեգրեգացված քաղաքներից մեկն է, սխալ կլիներ դիտարկել այն միայն սևամորթ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Պատմությունը կառուցված է Վիկի շուրջ, բայց ոչ մի կերպ նրա մասին չէ: Երիտասարդը, ով ռուս գաղթականների ընտանիքից է և հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղափոխող մինիբուսի վարորդ է աշխատում, չդադարող աճապարանքի մեջ է: Տպավորություն է ստեղծվում, թե նա ժամանակ չունի անգամ պատմելու իր պատմությունը, ինչպես և չունի ժամանակ լուծելու՝ անընդհատ առաջ եկող խնդիրները: Հուսալով գտնել իր ազատությունը` նա ուղղակի փախչում է` ծնողների խնամքից ու սիրուց, բարձրագույն կրթության կապանքներից, և փորձում է միայն ճիշտ քայլեր կատարել:
Վիկը այս ֆիլմում է, ասես, մյուս հերոսներին բացահայտելու համար: Իսկ մյուս հերոսները բազմաթիվ են` ռուս գաղթական տատիկներ և պապիկներ, մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ամերիկացիներ, ընդ որում՝ բոլորը տեղավորված են Վիկի մինիբուսի մեջ, գոռում են, երգում, վիճում ու սիրահարվում:
«Ինձ ազատությո՛ւն տվեք» ֆիլմը ժանրային, մշակութային խառնուրդ է: Տատանվելով էքսցենտրիկ կատակերգության (screwball comedy), մամբլքորի (mumblecore) և սոցիալական դրամայի միջև` ֆիլմը ստեղծում է անտանելի ծանոթ միջավայր, իսկ ռուսերեն և անգլերեն երկխոսություններն ընդգծում են հերոսների սահմանագծային գոյակցությունը: Միխանովսկին զուգահեռներ է անցկացնում ամերիկյան և ռուսական ընտանիքների, նրանց առօրյաների միջև, զուգակցում է ռուսական հարմոնն ամերիկյան հիթերի հետ, տեղ-տեղ նույնիսկ միավորում դրանք: Ձեռքի շարժական (handheld) տեսախցիկը, որն անմիջական կապ է ստեղծում հերոսների հետ, երբեմն մալիքյան պոետիկ ֆիլմ է հիշեցնում, իսկ կտրուկ մոնտաժը խորհրդանշում է Վիկի աճապարանքն ու անընդհատ հնչող «10 րոպեից» խոստումը:
Ֆիլմում իրադարձությունները չափազանց շատ են, չնայած, փաստացի, ամենը տեղի է ունենում մեկ, անվերջանալի թվացող օրվա ընթացքում: Ռեժիսորը ցանկացել է խոսել ամեն ինչի մասին` գաղթականության և ինտեգրացիայի, հաշմանդամություն ունեցող մարդկանց ու սևամորթների խնդիրների, ծնողների և զավակների հարաբերությունների, սիրո, շահի և ընկերության մասին: Միակ բանը, որ միավորում է ֆիլմի բոլոր հերոսներին, նրանց դիրքն է հասարակության մեջ. նրանք մարգինալներ են, որ խտրականության են ենթարկվում ամեն քայլափոխի: Սակայն նրանք շարունակում են ապրել, պայքարել՝ հավատալով, որ կյանքը հրաշալի է` չնայած, օրինակ, տարիներ շարունակ անկողնուն գամված լինելուն: Եվ այս ամենին Միխանովսկին տալիս է ամենատրամաբանական ամփոփումը, այն է` միայն փոխադարձ աջակցության և ընկերության շնորհիվ է հնարավոր փոփոխության հասնել: Մի բան, որին պետք է հետևել ամեն օր:
Սոնա Կարապողոսյան