«Կոլեկտիվում մարդը կորցնում է արմատները, և այդ ժամանակ դևերը կարող են տիրել նրան»։ Կառլ Յունգ
Շվեյցարացի նշանավոր հոգեբույժ, վերլուծական հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգի այս բացառիկ և գրեթե անհայտ հարցազրույցը տպագրվել է շվեյցարական մամուլում 1945թ-ի մայիսին՝ Ռեյմսում գերմանական բանակի կապիտուլյացիայից չորս օր անց։ «Կգտնե՞ն, արդյոք, հոգիները խաղաղություն» վերնագիրը կրող հարցազրույցում Յունգը մտորում է գերմանական ազգի՝ 1930-40թթ․-ի զանգվածային հոգեխանգարմունքի պատճառների մասին, դևերի մասին, որոնք սպասում են հարմար պահի՝ մեր պսիխիկայի մակերևույթ դուրս սողալու նպատակով, և այն մասին, որ Գերմանիայից հետո Չարիքը կսկսի այլ ներշնչվող ժողովուրդներ փնտրել իր մարմնավորման համար։ Մեծն գիտնականի բնորոշմամբ՝ այս թեմաները, ցավոք, հավերժ արդիական են։
-Չե՞ք կարծում, որ պատերազմի ավարտը կառաջացնի ահռելի փոփոխություններ եվրոպացիների հոգիներում, հատկապես՝ գերմանացիների, ովքեր այժմ ասես արթնանում են երկար ու սարսափելի երազից։
-Այո, իհարկե։ Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա մեր առաջ ծառանում է մի հոգեբանական խնդիր, որի կարևորությունը դեռևս դժվար է պատկերացնել, բայց դրա ուրվագծերը կարելի է դիտարկել հենց իմ հիվանդների օրինակով։ Հոգեբանի համար պարզ է մի բան, այն է՝ նա չպիտի հետևի լայնորեն տարածված սենտիմենտալ բաժանմանը նացիստների և ռեժիմի հակառակորդների։ Ես ունեմ բացահայտ հականացիստ երկու հիվանդ, և, այնուհանդերձ, նրանց երազները վկայում են, որ այդ ամբողջ պարկեշտության ետևում մինչ օրս մեռած չէ խիստ արտահայտված նացիստական հոգեբանությունն իր ողջ բռնությամբ ու դաժանությամբ։ Երբ շվեյցարացի լրագրողը ֆելդմարշալ ֆոն Կյուխլերին հարց ուղղեց Լեհաստանում գերմանացիների վայրագությունների մասին, վերջինս զայրալից բացականչեց․
«Ներեցե՛ք, դա վերմախտը չէր, դա կուսակցությունն էր», և սա հրաշալի օրինակն է այն իրողության, որ ծայրահեղ միամտություն է գերմանացիներին ազնիվների ու անազնիվների բաժանելը։ Նրանք բոլորը, գիտակցաբար թե անգիտակցաբար, ակտիվորեն թե պասիվորեն, մասնակից են սարսափներին․ նրանք ոչինչ չգիտեին այն մասին, ինչ տեղի էր ունենում, և, միևնույն ժամանակ, գիտեին։ Հավաքական մեղքի գաղափարը, որն այդչափ նեղություն է պատճառել և նեղություն է պատճառելու քաղաքական գործիչներին, հոգեբանի համար հանդիսանում է կասկածներ չհարուցող փաստ, և բուժման ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ գերմանացիներին ստիպես ընդունել իրենց մեղքը։ Հիմա նրանցից շատերն ինձ արդեն իսկ դիմում են բուժվելու խնդրանքով։ Եթե խնդրանքները հնչում են «ազնիվ գերմանացիներից», ովքեր դեմ չեն մեղքը բարդել գեստապոյի 1-2 ներկայացուցչի վրա, ապա ես այդպիսի դեպքերը համարում եմ անհույս։ Ինձ ոչինչ չի մնում անել, քան առաջարկել նրանց հարցաթերթիկներ այսօրինակ ոչ երկիմաստ հարցով․ «Ի՞նչ եք մտածում Բուխենվալդի մասին»։ Լոկ այն դեպքում, եթե պացիենտը գիտակցել ու ընդունել է իր մեղքը, կարելի է կիրառել անհատական բուժում։
-Բայց ինչպե՞ս հնարավոր եղավ, որ գերմանացիները, մի ամբողջ ժողովուրդ, հայտնվեցին այդ անհույս հոգեբանական իրավիճակի մեջ։ Կարո՞ղ էր, արդյոք, նման բան պատահել մեկ այլ ազգի հետ։
-Թույլ տվեք այստեղ փոքր-ինչ շեղվել և ընդհանուր գծերով անդրադառնալ հավաքական հոգեբանական անցյալի վերաբերյալ իմ տեսությանը, որը նախորդել էր նացիոնալ-սոցիալիստական պատերազմին։ Որպես ելակետ վերցնենք մի ոչ մեծ օրինակ իմ պրակտիկայից։ Մի անգամ ինձ մոտ եկավ ոմն կին և սկսեց մոլեգին մեղադրանքներ տեղալ ամուսնու հասցեին, թե նա մարմնացյալ դև է, նա տանջում ու հետապնդում է իրեն, և այլն, և այլն։ Իրականում այդ մարդը, ինչպես պարզվեց, լիովին բարեկանոն քաղաքացի է՝ որևիցե դիվային դիտավորությունների առումով անմեղ։ Որտեղի՞ց էր այդ կնոջ գլխում ծագել նման խելահեղ գաղափար։ Պարզապես նրա սեփական հոգում ապրում էր այն դևը, որին նա արտապատկերում էր դրսում՝ իր իսկ ցանկություններն ու մոլեգնությունը տեղափոխելով ամուսնու վրա։ Ես նրան բացատրեցի այդ ամենը, և նա համաձայնեց՝ նմանվելով զղջացող գառնուկի։ Թվաց՝ ամեն ինչ կարգին է։ Այդուհանդերձ, հենց դա էլ ինձ անհանգստացրեց, որովհետև ես չգիտեմ՝ ուր կորավ դևը, որ նախկինում միաձուլվել էր ամուսնու կերպարի հետ։ Բացարձակապես նույնը, բայց՝ ավելի մեծ մասշտաբով, տեղի ունեցավ Եվրոպայի պատմության մեջ։ Պարզունակ մարդու համար աշխարհը լի է դևերով ու խորհրդավոր ուժերով, որոնցից նա վախենում է․ նրա համար ամբողջ բնությունը շնչավորված է այդ ուժերով, որոնք իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա սեփական ներքին ուժերը՝ արտաքին աշխարհում արտապատկերված։ Քրիստոնեությունն ու ժամանակակից գիտությունը ապադիվականացրել են բնությունը, ինչը նշանակում է, որ եվրոպացիներն աշխարհից հետևողականորեն իրենց մեջ են ներքաշում դիվային ուժերը՝ դրանցով անընդհատ ծանրաբեռնելով իրենց անգիտակցականը։ Բուն մարդու մեջ այդ դիվային ուժերն ապստամբում են ընդդեմ քրիստոնեության թվացյալ հոգևոր անազատության։ Դևերը մխրճվում են բարոկկոյի արվեստ․ ողնաշարերը կորանում են, երևան են գալիս սատիրի կճղակները։ Մարդը հետզհետե վերածվում է ուրոբորոսի՝ ինքն իրեն ոչնչացնող, մի կերպարի, որ հնագույն ժամանակներից ի վեր հանդիսանում է դիվահարված մարդու խորհրդանիշը։
Այդպիսի մարդու առաջին ավարտուն օրինակը Նապոլեոնն է։ Գերմանացիները, իրենց անհավանական ներշնչելիության պատճառով, դրսևորում են առանձնահատուկ թուլություն այդ դևերի հանդեպ։ Դա արտահայտվում է հպատակության հանդեպ ունեցած նրանց սիրո և հրամաններին անկամորեն հնազանդվելու մեջ, ինչը հանդիսանում է ներշնչելիության ընդամենը մեկ ուրիշ դրսևորումը։ Դա համապատասխանում է գերմանացիների ընդհանուր հոգեկան անլիարժեքությանը՝ Արևելքի ու Արևմուտքի միջև անորոշ դիրք զբաղեցնելու հետևանքով։ Նրանք Արևմուտքում միակն են, որ ազգերի արևելյան արգանդից բոլորի հետ միասին ելնելով՝ ամենաերկարն են մնացել իրենց մոր հետ։ Վերջիվերջո, նրանք հեռացան, բայց ժամանեցին չափից դուրս ուշ, մինչդեռ «մուժիկը» չէր ձգտում ազատագրվել ընդհանրապես։ Այդ իսկ պատճառով գերմանացիներին խորապես տանջում է անլիարժեքության բարդույթը, որը նրանք փորձում են փոխհատուցել մեծամոլական զառանցանքով՝ «գերմանական ոգին կփրկի աշխարհը», թեպետ իրենք իրենց բավականաչափ հարմարավետ չեն զգում սեփական կաշվի մեջ։ Սա տիպիկ պատանեկական հոգեբանություն է, որը դրսևորվում է ոչ միայն համասեռամոլության արտակարգ տարածման մեջ, այլ նաև գերմանական գրականության էջերում «անիմայի» կերպարի (anima լատիներեն բառով Յունգը բնորոշում էր տղամարդու պսիխիկայի կանացի հատվածը- խմբ․) բացակայության մեջ (մեծ բացառություն է կազմում Գյոթեն)։ Դա արտահայտվում է նաև գերմանական սենտիմենտալության և «հարմարավետության» մեջ, որոնք իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ անգթություն, անսրտություն և անխղճություն։ Անխղճության և անասնականության համար բոլոր մեղադրանքները, որոնցով գերմանական քարոզչությունը հարձակվում է ռուսների վրա, վերաբերում են հենց իրենց՝ գերմանացիներին․ Գեբելսի ելույթները հենց գերմանական հոգեբանությունն են՝ թշնամու կերպարով արտապատկերված։ Անհատի անհասությունը սարսափեցնող կերպով արտացոլվել է գերմանական գլխավոր շտաբի կամազրկության մեջ՝ իր մեղկությամբ խեցիին կպած կակղամորթ հիշեցնող։ Գերմանիան միշտ եղել է պսիխիկական աղետների երկիր՝ Ռեֆորմացիան, գյուղացիական ու կրոնական պատերազմները։ Նացիոնալ-սոցիալիզմի օրոք դևերի ճնշումն այնքան ուժգնացավ, որ մարդկային արարածները, ընկնելով դրանց իշխանության տակ, վերածվեցին լուսնոտային գերմարդկանց, որոնցից առաջինը Հիտլերն էր, ով դրանով վարակեց մյուս բոլորին։ Նացիստական բոլոր առաջնորդները մոլագար են՝ բառիս բուն իմաստով, և, անկասկած, պատահական չէ, որ նրանց քարոզչության նախարարը խարանված է դեմոնիզացված մարդու նշանով՝ կաղությամբ։ Գերմանական բնակչության տասը տոկոսն այսօր անհույս պսիխոպաթ է։
![]() |
Զիգմունդ Ֆրեյդի հետ |
-Մենք այդ ներշնչելիությունից պատնեշված ենք մեր փոքրաթիվությամբ։ Եթե Շվեյցարիայի բնակչությունը կազմեր ութսուն միլիոն, ապա մեզ հետ ևս կարող էր տեղի ունենալ նույնը, քանի որ դևերը հրապուրում են հիմնականում զանգվածներին։ Կոլեկտիվում մարդը կորցնում է արմատները, և այդ ժամանակ դևերը կարող են տիրել նրան։ Այդ իսկ պատճառով նացիստները գործնականում զբաղված էին միայն հսկայական զանգվածներ ձևավորելով և երբեք՝ անհատ ձևավորելով։ Ու նաև այդ պատճառով է, որ դեմոնիզացված մարդկանց դեմքերն այսօր անկենդան են, քարացած, դատարկ։ Մեզ՝ շվեյցարացիներիս, այդ վտանգներից պատնեշում են մեր ֆեդերալիզմն ու անհատապաշտությունը։ Մեր պարագայում անհնար է այդպիսի զանգվածային կուտակումը, ինչպիսին Գերմանիայում էր, և, հավանաբար, նման մեկուսացածության մեջ է թաքնված բուժման միջոցը, որի շնորհիվ հնարավոր կլիներ սանձահարել դևերին։
![]() |
Յունգի կտավներից |
-Այսօր գերմանացիները նման են հարբած մարդու, ով առավոտյան արթնանում է խումհարից։ Նրանք չգիտեն, թե ինչ են արել, և չեն ցանկանում իմանալ։ Կա միայն անսահման դժբախտության զգացումը։ Նրանք ջղաձիգ փորձեր կձեռնարկեն շրջակա աշխարհի մեղադրանքների ու ատելության առաջ արդարանալու, բայց դա կլինի սխալ ճանապարհ։ Քավությունը, ինչպես արդեն նշեցի, միայն սեփական մեղքի լիակատար ընդունման մեջ է․ «Меа culpa, mea maxima culpa!» («Իմ մեղքն է, իմ մեծագույն մեղքը»)։ Ճշմարիտ զղջման միջոցով են զգում աստվածային գթասրտությունը։ Սա ոչ միայն կրոնական, այլև հոգեբանական ճշմարտություն է։ Բուժման ամերիկյան կուրսը, որի հիմքում այն է, որ քաղաքացիական բնակչությունն անցկացվի համակենտրոնացման ճամբարներով, որպեսզի ցույց տրվեն այնտեղ գործի դրված բոլոր սարսափները, հենց այդ առումով էլ հանդիսանում է լիովին ճիշտ տարբերակ։ Այդուհանդերձ, անհնար է նպատակին հասնել միայն բարոյական խրատներով․ զղջումը պիտի ծնվի հենց իրենց՝ գերմանացիների մեջ։ Թերևս, աղետն ի հայտ բերի պոզիտիվ ուժեր, և այդ ինքնախորասուզվածությունից նորից ծնվեն մարգարեներ՝ այդ տարօրինակ մարդկանց նույնքան բնորոշ, որքան դևերը։ Ով ընկել է այդքան ցած, ունի խորություն։ Ամենայն հավանականությամբ՝ կաթոլիկ եկեղեցին կապահովի հոգիների առատ որս, քանի որ բողոքական եկեղեցին այսօր պառակտված վիճակում է։ Կան տեղեկություններ, թե համընդհանուր դժբախտությունը Գերմանիայում կրոնական կյանքի զարթոնքի է հանգեցրել․ ամբողջական համայնքներ երեկոյան ծնկի են գալիս՝ Տիրոջը խնդրելով փրկել հակաքրիստոսից։
![]() |
Յունգի կտավներից |
-Ոչ, դևերից առայժմ չենք ազատվի։ Դա բարդ խնդիր է, որի լուծումը հեռավոր ապագայում է։ Այժմ, երբ պատմության հրեշտակը լքել է գերմանացիներին, դևերը կսկսեն փնտրել նոր զոհ։ Եվ դա բարդ չի լինի։ Ամեն մի մարդ, ով կկորցնի իր ստվերը, ամեն մի ազգ, որը կհավատա իր անսխալականությանը, կդառնա զոհ։ Մենք սեր ենք տածում հանցագործի հանդեպ և դրսևորում ենք սաստիկ հետաքրքրություն, որովհետև դևը ստիպում է մեզ մոռանալ մեր աչքի մեջ եղած գերանի մասին, երբ տաշեղ ենք նկատել մեր եղբոր աչքի մեջ, և դա մեզ մոլորեցնելու մի եղանակ է։ Գերմանացիները կվերագտնեն իրենց այն ժամանակ, երբ կընդունեն ու կխոստովանեն իրենց մեղքը, բայց ուրիշները կդառնան մոլեգնության զոհ, եթե գերմանական մեղքի հանդեպ իրենց նողկանքի մեջ մոռանան սեփական անկատարությունների մասին։ Մենք չպիտի մոռանանք, որ գերմանացիների ճակատագրական հակումը հավաքականության հանդեպ ոչ պակաս չափով բնորոշ է նաև մյուս հաղթանակած ազգերին, այնպես որ՝ վերջիններս նույնպես անակնկալ կերպով կարող են դառնալ դիվային ուժերի զոհ։ «Համընդհանուր ներշնչելիությունը» հսկայական դեր է խաղում մերօրյա Ամերիկայում, և այն, թե ռուսներն արդեն որքան են հիասթափված իշխանության դևից, հեշտ է նկատել վերջին իրադարձություններից, որոնք պիտի ինչ-որ կերպ չափավորեին մեր խաղաղ ցնծությունը։ Այդ առումով առավել խելամիտ են անգլիացիները․ անհատապաշտությունը նրանց փրկում է լոզունգներով հրապուրվելուց, և շվեյցարացիները կիսում են նրանց զարմանքը հավաքական խելագարության նկատմամբ։
![]() |
Յունգի կտավներից |
-Ես արդեն ասացի, որ փրկությունը միայն անհատի դաստիարակության խաղաղ աշխատանքի մեջ է։ Դա այնքան էլ անհույս չէ, ինչպես կարող է թվալ։ Դևերի իշխանությունը հսկայական է, և զանգվածային ներշնչելիության առավել ժամանակակից միջոցները՝ մամուլը, ռադիոն, կինոն և այլն, նրանց տրամադրության տակ են։ Այնուամենայնիվ, քրիստոնեությունն ի զորու էր պաշտպանել իր դիրքերը անհաղթահարելի հակառակորդի առաջ, և ո՛չ թե քարոզչությամբ ու զանգվածային ուղերձներով (ինչը տեղի ունեցավ ավելի ուշ և, պարզվեց, այնքան էլ էական չէր), այլ մարդուց մարդուն փոխանցված համոզմունքով։ Եվ դա այն ճանապարհն է, որը մենք ևս պիտի անցնենք, եթե ցանկանում ենք սանձահարել դևերին։ Դժվար է նախանձել այդ արարածների մասին գրելու ձեր խնդրին։ Ես հույս ունեմ, որ ձեզ կհաջողվի իմ հայացքները շարադրել այնպես, որ մարդիկ դրանք չհամարեն չափից դուրս տարօրինակ։ Դժբախտաբար, դա իմ ճակատագիրն է․ մարդիկ, հատկապես՝ նրանք, ովքեր համակված են մոլեգնությամբ, ինձ համարում են խելագար, որովհետև ես հավատում եմ դևերին։ Բայց այդպես մտածելը նրանց խնդիրն է․ ես գիտեմ, որ դևերը գոյություն ունեն։ Ուզեն թե չուզեն՝ դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ գոյություն ունի Բուխենվալդը։
թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
COMMENTS