«Նասիր» ֆիլմում Արուն Քարթիքը փորձել է պատմել անհատի հոգևոր ու ֆիզիկական անազատության մասին:
Միջազգային փառատոները հաճախ ընկալվում են միակողմանիորեն: Շատերը դրանք դիտարկում են սոսկ որպես կինոցուցադրություններով, հայտնի մարդկանց հետ հանդիպումներով և փակ խնջույքներով լի միջոցառումներ, ինչը, իհարկե, սխալ է: Փառատոների մեծամասնությունը ճանապարհ է հարթում երիտասարդ կինոռեժիսորների համար, ընդ որում՝ ոչ միայն ցուցադրելով նկարահանված ֆիլմերը, այլև աջակցելով դրանց ստեղծմանը: Սրա ցայտուն օրինակ կարող է լինել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը, որի համարտադրության շուկան` Սինեմարթը, ամեն տարի մի քանի նախագիծ է ֆինանսավորում և դրանք, նկարահանվելուն պես, ցուցադրում փառատոնի շրջանակներում: Հնդիկ երիտասարդ ռեժիսոր Արուն Քարթիքի «Նասիր» ֆիլմը հենց այդպիսի ճանապարհ է անցել: Ռոտերդամի կինոփառատոնում ցուցադրելով իր անդրանիկ ֆիլմը՝ «Շիվայի տարօրինակ դեպքը» (The Strange Case of Shiva, 2015), Արունը ֆինանսավորում էր ստացել իր հաջորդ նախագծի` «Նասիրի» համար, որն այս ձմեռ ներկայացված էր փառատոնի հիմնական ծրագրում։
Կանգնել եմ ափին, որի անունն է «լռություն»: Անգութ ժամանակը հոսում է մեջտեղով, իսկ մյուս ափին անձրևում է մենությունը: Ի՞նչ է կյանքը՝ մենությունից և լռությունից բացի…Զանազան գույներով լուսավորված, սարիներով և գործվածքներով զարդարված ֆիլմը պոետ Նասիրի առօրյայի հանդարտ արտացոլանքն է: Նասիրը պոետ է, թեև իր ժամանակի մեծ մասը նվիրում է գույնզգույն կտորների վաճառքին կամ որդեգրյալ զավակի խնամքին, պոետ է, ինչպես Ջիմ Ջարմուշի Պաթերսոնը, ով փախուստ էր փնտրում պոեզիայի տիրույթում: Նասիրն արժանապատիվ է, ազնիվ ու աշխատասեր, երբեք չի բողոքում: Հերոսն անընդհատ գտնվում է միջանցքներում, միայնությամբ ու լռությամբ կաղապարված՝ ազատության շնչի ներթափանցման հնարավորությունները սահմանափակ են: Միայն տետրակի մեջ խնամքով շարադրված հակիրճ բանաստեղծություններն են, որ նրան ազատություն են տալիս:
Ֆիլմի պարզությունը երբեմն տպավորություն է առաջացնում, թե վավերագրություն ենք տեսնում: Կնոջն առավոտյան տրված համբույրը, ատամները լվանալու արարողությունը, խանութի շքամուտքն ավլելը կամ սիեստան և աղոթքը մզկիթում նույնքան իրական են, որքան Նասիրի դերակատարը` Վալավանե Քումարանեն, ով, ասես, ստեղծված է հենց այս դերի համար: Չունենալով որևէ դերասանական փորձ և լինելով թատրոնի բեմադրող ռեժիսոր` Քումարանեն հասկանում է, թե ինչ է հարկավոր ֆիլմին և ներկայանում է առավելագույն պրոֆեսիոնալիզմով: Ֆիլմի ընդհանուր տրամադրությանը ծառայելու է գալիս նաև պատկերը. կադրային բաժանումներն ընտրված են 4:3/1.33 չափերով, իսկ կադրերի սահմանագծերն օվալացված են, ինչը տեսողականորեն ընդգծում է հերոսի «բանտարկվածությունը»:
Հերոսի խաղաղ առօրյան ընդհատում են շարունակաբար հնչող պրոպագանդիստական կոչերը․ դրանք կախված են օդում, լցնում են շուկաները, թաղամասերն ու տները: Տպավորություն է, թե փոխադարձ ատելության քարոզչության միջավայրն այնքան առօրեական է, որ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Խնդիրն այն է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հնդկաստանի Կոյմբատորե քաղաքում, որը գլխավորապես բնակեցված է հինդուներով, իսկ տեղի մահմեդական փոքրամասնությունը ենթարկվում է քաղաքացիական բռնաճնշումների: Քաղաքը ռեժիսորի իրական բնակավայրն է, որտեղ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում` պատճառ դառնալով հարյուրավոր կյանքերի կորստի: Ու նման բախումներից մեկի ականատեսը դառնալն էլ Արունին դրդել է միջադեպը վերածել վիզուալ պատումի: Ֆիլմի մյուս հիմքը Դիլիփ Քումարի «Պատմություն քարտուղարի մասին» կարճ պատմվածքն է:
«Նասիրում» ռեժիսորը փորձել է պատմել հոգևոր և ֆիզիկական անազատության մասին: Արուն Քարթիքը զգուշացնում է, որ անհանդուրժողականությունն ու խտրականությունը կարող են վարակել մարդկանց, սահմանափակել նրանց ֆիզիկապես և հոգեպես: Դրանից կարող է մթագնել միտքը, և, ցավոք, վնաս են կրելու անմեղ մարդիկ: Դա է տեղի ունենում նաև Նասիրի հետ, ով, չնայած անթիվ դժվարություններին ու սահմանափակումներին, ունի ազատ հոգի և ընդամենը փնտրում է ինքնարտահայտվելու տարբերակներ։
Սոնա Կարապողոսյան