«Եվ, որպես նոր Ռոբինզոն, սկսեցի տեղավորվել երեք շաբաթով՝ ասես ամբողջ կյանքի համար»։ Ժան-Ժակ Ռուսո
Համավարակն ու ինքնամեկուսացումը, որպես նոր ժամանակների աննախադեպ երևույթներ, դեռևս անցյալ տարեսկզբին վերլուծության առարկա դարձան մասնագիտական ամենատարբեր շրջանակների համար՝ բժիշկներից մինչև տնտեսագետներ, սոցիոլոգներից մինչև արվեստագետներ և այլն։ Թեման չշրջանցեցին նաև ճանաչված փիլիսոփաները՝ իրենց դիտանկյունից անդրադառնալով մարդկության ճակատագրի համար վճռորոշ դարձած այս իրավիճակին։
«Եվ, որպես նոր Ռոբինզոն, սկսեցի տեղավորվել երեք շաբաթով՝ ասես ամբողջ կյանքի համար։ Սկզբում ես զբաղված էի լվերի որսով․․․ Իսկ երբ սպիտակեղենն ու հագուստը հաճախակի փոխելու միջոցով ես վերջապես ազատվեցի դրանցից, ապա սկսեցի կահավորել իմ ընտրած սենյակը․․․ Ֆուֆայկաներից ու վերնաշապիկներից պատրաստեցի մի լավ ներքնակ, մի քանի սրբիչներից՝ սավան․․․ Տափակակողմով շրջելով՝ ճամպրուկներից մեկը սարքեցի նստելատեղ, և մյուս ճամպրուկը՝ սեղան․․․ Սանդուղքն իմ ճաշարանն էր, սանդուղքահարթակն ինձ ծառայում էր որպես սեղան, աստիճանը՝ նստոց․․․ Հացկերույթների ընդմիջումներին ես գնում էի զբոսնելու բողոքականների՝ ինձ համար որպես բակ ծառայող գերեզմանատանը կամ բարձրանում էի նավահանգստի կողմը բացվող վերնատուն, որտեղից կարող էի տեսնել ժամանող ու մեկնող նավերը։ Այդպես ես անցկացրեցի երկու շաբաթ․․․»։
Ֆրանսիացի ժամանակակից փիլիսոփա Կատրին Մալաբուն տեղին է վերհիշել 18-րդ դարի մեծ մտածող, փիլիսոփա և գրող Ժան-Ժակ Ռուսոյի «Խոստովանություն» վեպից այս հատվածը, քանի որ Ռուսոն էլ էր հայտնվել կարանտինի մեջ, երբ ուղևորվում էր Սիցիլիա, որտեղ ժանտախտի համաճարակ էր բռնկվել։ Պատմությունը կրկնվում է, և այսօր Կատրին Մալաբուն մտորում է սովորական դարձած սոցիալական կապերի խաթարման հետևանքով խորացած մարդկային միայնակության մասին։ Ըստ նրա՝ մենությունից հարկ է ոչ թե փրկվել, այլ օգտվել՝ սեփական ներաշխարհն ու ցանկություններն ավելի լավ հասկանալու համար։ «Անհրաժեշտ է հանել բոլոր ծածկույթները, հագուստը, վարագույրները, դիմակները, վերջ տալ անհեթեթ դատարկախոսությանը, որը մշտապես կպչում է, երբ քեզ առանձնացնում են մյուսներից։ Ապաստարանում բանտարկությունը պիտի հանդիսանա Ռոբինզոն Կրուզոյի արմատական փորձ, մի փորձ, որը թույլ է տալիս տուն կառուցել ոչնչից։ Որպեսզի ամեն ինչ սկսես նորից։ Կամ վերհիշես»,- գրում է նա։
Իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենը, հակառակը, համակարծիք է արմատական տրամադրվածություն ունեցող այն քաղաքական գործիչների ու իրավապաշտպանների հետ, ովքեր համոզված են, որ ինքնամեկուսացումն ու սահմանափակումներն ուղղակի հարված են քաղաքացիական ազատություններին։ Քաղաքացիների շփումները սահմանափակող միջոցները նա բնորոշում է որպես «խելագար, ոչ ռացիոնալ և բացարձակապես անհիմն», իսկ իտալական իշխանությունների գործողություններն ու իբր օրենքը վկայակոչող լղոզված ձևակերպումները՝ «իրապես ռազմականացված»։ Ավելին՝ նա նույնիսկ ենթադրում է, որ համաճարակի քարոզիչները հենց իշխանություններն են, որոնք նպատակ ունեն այդ կերպ սահմանափակել մարդկանց իրավունքներն ու ազատությունները, քանզի զանգվածային վախ առաջացրած նախորդ երևույթը՝ միջազգային ահաբեկչությունը, արդեն կորցրել էր իր ազդեցությունը հանրության վրա։
Ագամբենի վարկածին ի հակադրումն՝ ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Լյուկ Նանսին, ով հայտնի է մարդկանց տարբեր խմբերի փոխազդեցություններն ուսումնասիրող իր աշխատանքներով, համարում է, որ վարակը վտանգի է ենթարկում քաղաքակրթության բուն գոյությունը, իսկ աշխարհի բոլոր երկրների կառավարություններն ընդամենը «տխուր կատարողներն են» արգելքների այն ծրագրի, որ անհրաժեշտ է կյանքի կոչել։ Հավանաբար, հենց գործընկերների հակառակ տեսանկյունը Ագամբենին ստիպեց որոշակիորեն մեղմացնել ու վերանայել իր հայացքները, որովհետև կարճ ժամանակ անց հրապարակված իր «Մտորումներ ժանտախտի մասին» հոդվածում նա արդեն գրում էր այն մասին, որ մարդիկ, անկախ իրենց համոզմունքներից, հեշտությամբ ու առանց բողոքների ընդունեցին իրենց պարտադրված բոլոր սահմանափակումները, հետևաբար՝ ճիշտ չէ միայն իշխանությանը մեղադրելը։ Ըստ նրա՝ միակ դրական փաստն այն է, որ հետագայում, երբ ամեն ինչ արդեն ավարտված կլինի, մարդիկ կսկսեն իրենց հարց տալ, թե արդյո՞ք ճիշտ են ապրել։ Եվ, ի եզրահանգումն, նա վերադառնում է դեռևս 1990-ականներին հնչեցրած իր թեզին, այն է՝ հասարակությունն այլևս ոչնչի չի հավատում՝ «մերկ կյանքից» բացի։
Հրեա սոցիոլոգ և հոգեբան Վիկտոր Վախշտայնը խնդրին անդրադառնում է մարդկային հարաբերությունների տեսանկյունից․ «Համընդհանուր ցնցումները կմեկուսացնեն մեզ՝ ստիպելով վախենալ սեփական հարևաններից»։ Նրա խոսքերով՝ տեղային տեսանելի դժբախտությունները միավորում են մարդկանց, սակայն գլոբալ դժբախտություններն, ընդհակառակը, պառակտում են։ Համեմատություն անցկացնելով տարբեր տարիների իրադարձությունների միջև՝ նա վկայակոչում է 1885թ․-ին ծաղկախտի համաճարակը Մոնրեալում, որտեղ մարդիկ ակնթարթորեն բաժանվեցին խմբերի՝ ըստ կրոնական, ազգային, տարածքային ու լեզվական տարբերությունների, և թշնամացան։ Հոնկոնգում բռնկված ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ աշխարհն այդ երկիրը պարզապես դուրս էր թողել գլոբալ կյանքից՝ արգելելով հոնկոնգցիների մուտքը որևէ այլ երկիր և նրանց մասնակցությունը միջազգային որևէ միջոցառման։ Իսկ բուն Հոնկոնգում բացահայտ պայքար էր ծավալվել արդեն առողջացած և դեռևս չհիվանդացած քաղաքացիների միջև․ բուժվածներին արհամարհում էին, նրանց հետ չէին ցանկանում շփվել՝ համարելով վտանգավոր։ Այս մոդելը, Վախշտայնի կարծիքով, գործում է նաև այսօր․ համավարակի սկզբում ասիական երկրների բնակիչները դարձել էին ռասիստական գրոհերի զոհ։
Սլովեն փիլիսոփա և հոգեվերլուծաբան Սլավոյ Ժիժեկն իր հերթին գրում է, որ կգերադասեր վարակվել կորոնավիրուսով, միայն թե արագ ավարտվեր արդեն ամիսներ շարունակվող անորոշ իրավիճակը․ «Աշխարհը, որը մենք գիտեինք, դադարել է գոյություն ունենալ»։ Նա, չդավաճանելով իր քաղաքական հայացքներին, համարում է, որ կորոնավիրուսի շնորհիվ աշխարհը կվերադառնա կոմունիզմի գաղափարախոսությանը։ Իսկ կորոնավիրուսը նա համեմատում է 1986թ․-ի չեռնոբիլյան աղետի հետ՝ վկայակոչելով Միխայիլ Գորբաչովի խոսքերը, թե ԽՍՀՄ-ի կործանման ճանապարհին առաջին խոշոր ցնցումը Չեռնոբիլն էր։ Ժիժեկը համոզված է, թե, որքան էլ պարադոքսալ թվա, «հետկորոնավիրուսային հասարակությունն ունենալու է կոմունիստական բնութագիր՝ մարդկանց ու գիտության հանդեպ վստահության վրա հիմնված»․ սա ենթադրում է առողջապահության գլոբալ ցանցի ստեղծում, մարդկանց ավելի ազատ տեղաշարժ այլ երկրներով, տնտեսության վերակազմավորում, քանզի մարդիկ ավելի կարևոր են, քան շուկաների տատանումները։
պատրաստեց Անուշ Բաբայանը
COMMENTS