Իոսիֆ Բրոդսկու էսսեն Սերգեյ Դովլաթովի մասին՝ վերջինիս մահվան տարելիցի կապակցությամբ, 1991թ․-ի օգոստոսի 24-ին
Մեկ տարվա ընթացքում, որ անցել է նրա մահից, կարելի էր, թվում է, մի քիչ վարժվել նրա բացակայությանը։ Առավել ևս, որ մենք հանդիպում էինք ոչ շատ հաճախ, համենայնդեպս՝ Նյու Յորքում։
Հարազատ քաղաքում դեռևս կարելի է մարդուն հանդիպել փողոցում, կինոթատրոնի առջև գոյացած հերթում, 1-2 կարգին սրճարաններից մեկում։ Ինչը և տեղի էր ունենում՝ չխոսելով արդեն ծանոթների բնակարանների, ընդհանուր ընկերուհիների, այն փոքրաթիվ ամսագրերի շենքերի մասին, ուր մեզ ներս էին թողնում։ Հարազատ քաղաքում՝ ներառյալ ծայրամասերը, գրողի տեղագրությունը հասկանալի էր, և, ենթադրում եմ, մեր նոթատետրերում հասցեների ու հեռախոսահամարների երեք քառորդը համընկնում էին։ Նոր Աշխարհում, մեր բոլոր փոխադարձ ջանքերով հանդերձ, համընկնում էր լավագույն դեպքում մեկ տասներորդը։ Այդուհանդերձ, նրա բացակայությանը վարժվել դեռևս չի հաջողվում։
Գուցեև ես այնքան էլ չեմ հարմարվել նրա բացակայությանը՝ հատկապես հաշվի առնելով սույն պոռթկումը։ Ինքդ քեզ վատագույնի մեջ կասկածելու հակումը կարող է ստիպել դրական պատասխան տալ այս հարցին։ Սոլիպսիզմը, սակայն, իր սահմաններն ունի․ մարդու կյանքը, նույնիսկ՝ մտերիմի, կարող է դրանցից նաև խուսափել, մահը ստիպում է ձեզ ուշքի գալ։ Պատկերացնել, որ նա դեռևս գոյություն ունի, պարզապես չի զանգահարում ու չի գրում՝ իր ողջ գրավչությամբ ու նույնիսկ ապացուցելիությամբ հանդերձ, քանզի նրա գրքերը մինչ այժմ շարունակում են լույս տեսնել, անմիտ է․ ես նրան ճանաչել եմ նախքան նրա՝ գրող դառնալը։
Գրողները, հատկապես՝ հրաշալիները, ի վերջո, չեն մահանում․ նրանք մոռացվում են, նորաձևությունից դուրս են գալիս, վերահրատարակվում են։ Այնքանով, որքանով գիրքը գոյություն ունի, ընթերցողի համար գրողը միշտ էլ ներկա է։ Ընթերցանության պահին ընթերցողը դառնում է այն, ինչ ինքը կարդում է, և նրա համար, ըստ էության, միևնույն է, թե որտեղ է գտնվում հեղինակը, ինչպիսին է նրա դրությունը։ Նրա համար հաճելի է իմանալ, իհարկե, որ հեղինակը հանդիսանում է իր ժամանակակիցը, բայց նրան առանձնապես չի վշտացնի, եթե դա այդպես չէ։ Գրողները, հատկապես՝ հրաշալիները, բնակչության մեկ շնչի հաշվով բավականին շատ են։ Ավելի շատ, համենայնդեպս, քան մարդիկ, ովքեր ձեզ համար իրապես թանկ են։ Մարդիկ, սակայն, մահանում են։
Կարելի է մոտենալ գրադարակին և վերցնել նրա գրքերից մեկը։ Շապիկի վրա նրա լրիվ անունն է, բայց ինձ համար նա միշտ եղել է Սերյոժա։ Գրողին փաղաքշական անունով չեն դիմում․ գրողը դա միշտ ազգանուն է, իսկ եթե նա դասական է, ապա դա նաև անուն ու հայրանուն է։ Տասը-քսան տարի անց հենց այդպես էլ կլինի, բայց ես, ես երբեք չեմ իմացել նրա հայրանունը։ Երեսուն տարի առաջ, երբ մենք ծանոթացանք, ո՛չ շապիկների, ո՛չ գրականության մասին ընդհանրապես խոսք չկար։ Մենք Սերյոժան ու Իոսիֆն էինք, ավելին՝ մենք միմյանց դիմում էինք «Դուք»-ով, և այդ վերամբարձ-հեգնական, ինքներս մեզնից փոքր-ինչ վերացական շփման ձևն ու դիմելաձևն ի զորու չեղան փոխելու ո՛չ ալկոհոլը, ո՛չ ճակատագրի անհեթեթ ցատկերը։ Հիմա արդեն ոչինչ չի փոխի դա։
Մենք ծանոթացել էինք հինգերորդ հարկի բնակարաններից մեկում, Ֆինլանդական կայարանի մոտ։ Տանտերը ԼՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի ուսանող էր․ հիմա նա այդ նույն ֆակուլտետի պրոֆեսոր է գերմանական փոքրիկ քաղաքում։ Բնակարանը մեծ չէր, բայց ալկոհոլ այնտեղ շատ կար։ Դա, կարծեմ, 1959-ի կամ 1960-ի ձմեռն էր, և մենք այն ժամանակ պաշարում էինք կարճ խուզված, բարետես միևնույն ամրոցը՝ Պեսկիի ինչ-որ մի կետում տեղակայված։ Այստեղ թվարկելու համար չափից դուրս արտասովոր պատճառներով ես շատ շուտով ստիպված եղա պաշարումը չեղարկել ու մեկնել Միջին Ասիա։ Երկու ամիս անց վերադառնալով՝ ես հայտնաբերեցի, որ ամրոցն ընկել է։
Ինձ միշտ թվացել է, թե նրա վիթխարի հասակի պարագայում նրա հարաբերությունները մեր կարճլիկ, ճեփ-ճերմակահեր իրականության հետ պիտի դասավորվեին բավականին յուրօրինակ ձևով։ Նա միշտ հեռվից նկատելի էր, հատկապես եթե հաշվի առնենք հարազատ քաղաքի անթերի հեռանկարները, և քաղաքի յուրաքանչյուր տարածքում ակամա հայտնվում էր ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ, որ դա նրան մի քիչ ճնշում էր, հատկապես՝ պատանեկության տարիներին, և նրա շարժուձևին ու խոսքին բնորոշ էր ինչ-որ հեգնական սիրալիրություն՝ նրա ֆիզիկական ավելցուկի համար ասես արդարացող ու ներողություն հայցող։ Ըստ իս՝ մասամբ նաև այդ պատճառով նա հետագայում ձեռքը վերցրեց գրիչը․ տեղի ունեցող ամեն ինչի՝ աբսուրդի հասնող պարադոքսալության զգացողությունը՝ ինչպես նրա գիտակցությունից դուրս, այնպես էլ նրա գիտակցության ներսում, գործնականում բնորոշ է այն ամենին, ինչը դուրս է եկել նրա գրչի տակից։
Մյուս կողմից՝ նրա կերպարանքի բացառիկությունը նրան ազատում էր իր արտաքին տեսքի չափից դուրս մեծ խնամքից։ Ամբողջ կյանքի ընթացքում, որքան նրան հիշում եմ, նա եղել է միևնույն սանրվածքով․ ես նրան չեմ հիշում ո՛չ երկարամազ, ո՛չ մորուքավոր։ Նրա զանգվածի մեջ կար որոշակի ավարտունություն, որը, որպես կանոն, առավել բնորոշ է սևահերներին, քան շիկահերներին․ թխահեր մարդը միշտ ավելի որոշակի է, նույնիսկ՝ հայելու մեջ։ Բանասիրականի աղջիկները նրան անվանում էին «մեր արաբը»՝ այն ժամանակ առաջին անգամ մեր էկրաններին հայտնված Օմար Շարիֆի հետ Սերյոժայի ունեցած հեռավոր նմանության պատճառով։ Իսկ ինձ նա միշտ աղոտ կերպով հիշեցնում էր կայսր Պյոտրին, թեպետ նրա դեմքն ամբողջությամբ զուրկ էր պյոտրյան կատվայնությունից․ քանզի հարազատ քաղաքի հեռանկարները (ինչպես ինձ էր թվում) պահպանում են այդ անդադար քայլող երկայնահասակի մասին հիշողությունը, և ինչ-որ մեկը պետք է ժամանակ առ ժամանակ լրացնի նրա կողմից օդում թողնված վակուումը։
Հետո նա անհետացավ փողոցից, որովհետև հայտնվեց բանակում։ Այնտեղից նա վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմվածքների փաթեթով և հայացքի մեջ որոշ շվարածությամբ։ Թե ինչու նա դրանք քարշ տվեց ինձ մոտ՝ այնքան էլ հասկանալի չէր, քանի որ ես բանաստեղծություններ էի գրում։ Մյուս կողմից՝ ես մի քանի տարով մեծ էի, իսկ երիտասարդության շրջանում երկու տարվա տարբերությունը բավականին նկատելի է՝ զգացվում է միջնակարգ դպրոցի իներցիան, բարձրդասարանցու բարդույթը․ եթե դուք գրում եք բանաստեղծություններ, դուք արձակագրի համեմատ է՛լ ավելի մեծ չափով եք բարձրդասարանցի։ Հետևելով այդ իներցիային՝ նա իր պատմվածքները ցույց էր տալիս նաև Նայմանին, ով առավել մեծ չափով էր բարձրդասարանցի։ Այդ ժամանակ նա երկուսիս կողմից մի լավ հանդիմանվեց․ այդուհանդերձ, չդադարեց պատմվածքները մեզ ցույց տալ, քանի որ չդադարեց դրանք հորինել։
Բանաստեղծություն գրողների հանդեպ նրա այդ վերաբերմունքը պահպանվեց ամբողջ կյանքում։ Գուշակություն չեմ անի, թե այդ տարիների՝ առավելապես ներողամիտ-հեգնական մեր գնահատականներից ու դատողություններից ո՞րը նրան օգուտ տվեց։ Անկասկած է մի բան․ նրան առաջնորդում էր լիովին անգիտակցական զգացողությունը, թե արձակը պետք է չափվի բանաստեղծության հետ։ Դրա ետևում կար, իհարկե, ինչ-որ մի ավելի մեծ բան․ պատկերացումը առավել կատարյալ հոգիների գոյության մասին, քան իր սեփականն է։ Կարևոր չէր՝ հարմա՞ր էինք մենք այդ դերին, թե՞ ոչ, ավելի շուտ՝ ոչ․ կարևոր էր, որ այդ պատկերացումը գոյություն ուներ, արդյունքում՝ կարծում եմ, ոչ ոք չտուժեց։
Հիմա ետ նայելով՝ պարզ է, որ նա թղթի վրա ձգտում էր բանաստեղծական խոսքին բնորոշ հակիրճության, արձանագրայնության՝ արտահայտության առավելագույն տարողունակության։ Ռուսերենով այդ կերպ արտահայտվողը միշտ էլ թանկ է վճարում իր ոճաբանության համար։ Մենք երկարաբանող ու բազմաբարդ ազգ ենք, մենք ստորադասական նախադասության, պտույտագոյացող ածականների մարդիկ ենք։ Հակիրճ խոսողը, առավել ևս՝ հակիրճ գրողը, վհատեցնում և, ասես, անվանարկում է մեր բառային լիառատությունը։ Զրուցակիցը, մարդկանց հետ հարաբերությունները առհասարակ սկսում են ընկալվել որպես բալաստ, մեռած բեռ, և ինքը՝ զրուցակիցը առաջինն է, ով դա զգում է։ Նույնիսկ եթե նա հարմարվում է ձեր հաճախականությանը, համբերությունը երկար չի տևում։
Իրականության կախումը գրականության առաջարկած ստանդարտներից չափազանց հազվագյուտ երևույթ է։ Իրականության ձգտումն՝ իրեն պարտադրել գրականությանը՝ շատ ավելի տարածված երևույթ է։ Ամեն ինչ բարեհաջող է անցնում, եթե գրողը պարզապես պատմիչ է՝ պատմությունները, կյանքում պատահած դեպքերը և այլնը շարադրող։ Այդպիսի շարադրանքից միշտ կարելի է դեն նետել մի կտոր, կրճատել ֆաբուլան, վերադասավորել իրադարձությունները, փոխել հերոսների անունները և գործողության վայրը։ Իսկ թե գրողը ոճաբան է, ապա աղետն անխուսափելի է՝ ոչ միայն նրա ստեղծագործությունների, այլև կենցաղային առումով։
Սերյոժան նախևառաջ հրաշալի ոճաբան էր։ Նրա պատմվածքները հիմնված էին առավելապես ֆրազի ռիթմի վրա, հեղինակային խոսքի կադանսի վրա։ Դրանք գրված են բանաստեղծությունների պես․ սյուժեն այստեղ ունի երկրորդական նշանակություն, այն ընդամենը առիթ է խոսքի համար։ Դա ավելի շուտ երգեցողություն է, քան շարադրանք, և զրուցակից ունենալու հավանականությունը այդպիսի ձայն ու լսողություն ունեցող մարդու համար, զուգերգի հավանականությունը մեծ հազվագյուտություն է։ Զրուցակիցը սկսում է զգալ, որ իր բերանի մեջ շիլա է, և գործնականում հենց այդպես էլ պատահում է։ Կյանքն իրականում վերածվում է գրամեքենայի վրա սոլոյի, քանզի վաղ թե ուշ գրողի մեջ եղած մարդը կախվածության մեջ է հայտնվում մարդու մեջ եղած գրողից, ո՛չ սյուժեից, այլ ոճից։
Իր բնատուր ողջ մեղմությամբ ու բարեսրտությամբ հանդերձ՝ նրա անհամատեղելիությունը շրջակա միջավայրի հետ, նախևառաջ՝ գրական միջավայրի հետ, անխուսափելի էր ու ակնհայտ։ Գրողն արարիչ է այն իմաստով, որ ստեղծում է մինչ այդ գոյություն չունեցած կամ չնկարագրված գիտակցության տեսակ, աշխարհընկալման տեսակ։ Նա արտացոլում է իրականությունը, բայց ոչ թե հայելու պես, այլ որպես օբյեկտ, որի վրա այդ իրականությունը հարձակվում է․ Սերյոժան, այդքանով հանդերձ, նաև ժպտում էր։ Նրա պատմվածքներից ծնված մարդու կերպարը ռուսական գրական ավանդույթի հետ չհամընկնող կերպար է և, իհարկե, բավականին ինքնակենսագրական կերպար։ Դա մի մարդ է, ով չի արդարացնում իրականությունը կամ ինքն իրեն, իրականությունն իրենից հեռու քշող մարդ՝ տարածքից դուրս եկող և ոչ թե այնտեղ կարգուկանոն հաստատել փորձող կամ խոր իմաստը, նախախնամության ձեռքը նկատող։
Ուր է նա այդ տարածքից դուրս գալիս՝ բաժակածախ կրպակ, աշխարհի ծայրը, յոթ սարից այն կողմ՝ տասներորդական հարց է։ Այս գրողն իր հետ տեղի ունեցածից դրամաներ չի սարքում, քանզի դրաման նրան դուր չի գալիս՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեբանական։ Նա հրաշալի է առաջին հերթին հենց ռուսական գրականության ողբերգական ավանդույթից (որը միշտ իներցիայի վեհանձն անունն է), նույն կերպ նաև՝ դրա մխիթարիչ պաթոսից հրաժարումով։ Նրա արձակի տոնայնությունը ծաղրական-զուսպ է՝ նրա կողմից նկարագրվող գոյության ամբողջ հուսահատությամբ հանդերձ։ Նրա գրական արմատների, ազդեցությունների և այլնի մասին խոսակցությունները անիմաստ են, քանզի գրողն այն ծառն է, որը հողից է դուրս հրվում։ Ասեմ միայն, որ նրա ամենասիրելի հեղինակներից մեկը Շերվուդ Անդերսոնն էր, ում «Ասմունքողի պատմությունը» Սերյոժան պահպանում էր աչքի լույսի պես։
Նրան ընթերցելը հեշտ է։ Նա, ասես, իր հանդեպ ուշադրություն չի պահանջում, չի պնդում մարդկային բնության վերաբերյալ իր մտահանգումները կամ դիտարկումները, իրեն չի պարտադրում ընթերցողին։ Ես նրա գրքերը կլանում էի միջինը 3-4 ժամվա անընդմեջ ընթերցանության ընթացքում․ որովհետև նրա խոսքաձևի հենց այդ մեղմավարությունից դժվար էր կտրվել։ Նրա պատմվածքների ու վիպակների առաջացրած անփոփոխ արձագանքը՝ երախտագիտություն հավակնության բացակայության համար, իրերին ուղղված հայացքի սթափության համար, առողջ դատողության՝ նրա յուրաքանչյուր պարբերության մեջ հնչող այդ ոչ բարձր երաժշտության համար։ Նրա խոսքի եղանակն ընթերցողի մեջ դաստիարակում է զսպվածություն և սթափեցնող ազդեցություն է գործում․ դուք դառնում եք նա ինքը, և դա լավագույն թերապիան է, որ կարող է առաջարկվել ժամանակակցին, էլ չասենք՝ հետնորդին։
Հայրենիքում նրա ունեցած անհաջողությունը պատահական չէ, թեպետ, կարծում եմ, ժամանակավոր է։ Ամերիկյան ընթերցողների շրջանում նրա ունեցած հաջողությունը հավասարապես բնական է և, ենթադրվում է, անանցողիկ։ Նրան, ինչպես պարզվեց, համեմատաբար հեշտ էր թարգմանելը, քանզի նրա շարահյուսությունը թարգմանչի համար խոչընդոտներ չէր ստեղծում։ Վճռորոշ դերը, սակայն, խաղաց, իհարկե, ժողովրդավարական հասարակության ցանկացած անդամի կողմից ճանաչելի տոնայնությունը՝ առանձին մարդը, ով թույլ չի տալիս իրեն պարտադրել զոհի կարգավիճակ, ով ազատ է բացառիկության բարդույթից։
Այդ մարդը հավասարի պես է խոսում հավասարների հետ հավասարների մասին․ նա մարդկանց նայում է ոչ թե ներքևից վերև, ոչ թե վերևից ներքև, այլ, ասես, կողքից։ Նրա ստեղծագործություններին, եթե դրանք երբևէ լույս տեսնեն ամբողջական ժողովածուով, կարելի է, որպես բնաբան, լրիվ իրավունքով նախադրել ամերիկացի հրաշալի բանաստեղծ Ուոլես Սթիվենսի տողը․ «Աշխարհն այլանդակ է, և մարդիկ տխուր են»։ Դա համապատասխանում է ըստ բովանդակության, դա նաև հնչում է Սերյոժայի ոճով։
Հարկավոր չէ մտածել, թե նա ձգտում էր դառնալ ամերիկացի գրող, թե նա «ենթակա էր ազդեցությունների», թե նա Ամերիկայում գտավ իրեն ու իր տեղը։ Դա ամենևին այդպես չէր, և հարցն այստեղ այլ է։ Հարցն այն է, որ Սերյոժան պատկանում էր մի սերնդի, որը անհատապաշտության գաղափարն ու մարդկային գոյության ինքնավարության սկզբունքն ընկալել էր ավելի լուրջ, քան դա արվել էր որևէ մեկի կողմից որևէ տեղում։ Ես այդ մասին խոսում եմ գործի իմացությամբ, քանզի պատիվ ունեմ՝ մեծ ու տխուր պատիվ՝ պատկանելու այդ սերնդին։ Այդ գաղափարը դեռևս ոչ մի տեղ արտահայտված չի եղել ավելի լիարժեք ու հասկանալի, քան ամերիկյան գրականության մեջ՝ սկսած Մելվիլից և Ուիթմենից ու ավարտած Ֆոլքներով ու Ֆրոսթով։ Ով ցանկանում է, կարող է դրան գումարել նաև ամերիկյան կինեմատոգրաֆը։ Մյուսներն իրավունք ունեն մեր այդ համախոհությունը բացատրելու նաև կոլեկտիվիզմի հեղձուկ կլիմայով, որի մեջ մենք մեծացել էինք։ Դա կհնչի համոզիչ, բայց իրականությանը չի համապատասխանի։
Հարկավոր չէ մտածել, թե նա ձգտում էր դառնալ ամերիկացի գրող, թե նա «ենթակա էր ազդեցությունների», թե նա Ամերիկայում գտավ իրեն ու իր տեղը։ Դա ամենևին այդպես չէր, և հարցն այստեղ այլ է։ Հարցն այն է, որ Սերյոժան պատկանում էր մի սերնդի, որը անհատապաշտության գաղափարն ու մարդկային գոյության ինքնավարության սկզբունքն ընկալել էր ավելի լուրջ, քան դա արվել էր որևէ մեկի կողմից որևէ տեղում։ Ես այդ մասին խոսում եմ գործի իմացությամբ, քանզի պատիվ ունեմ՝ մեծ ու տխուր պատիվ՝ պատկանելու այդ սերնդին։ Այդ գաղափարը դեռևս ոչ մի տեղ արտահայտված չի եղել ավելի լիարժեք ու հասկանալի, քան ամերիկյան գրականության մեջ՝ սկսած Մելվիլից և Ուիթմենից ու ավարտած Ֆոլքներով ու Ֆրոսթով։ Ով ցանկանում է, կարող է դրան գումարել նաև ամերիկյան կինեմատոգրաֆը։ Մյուսներն իրավունք ունեն մեր այդ համախոհությունը բացատրելու նաև կոլեկտիվիզմի հեղձուկ կլիմայով, որի մեջ մենք մեծացել էինք։ Դա կհնչի համոզիչ, բայց իրականությանը չի համապատասխանի։
Անհատապաշտության, ինքնին մարդու՝ մեկուսի և անաղարտ վիճակում, գաղափարը մեր սեփականն էր։ Դրա ֆիզիկական իրականացման հնարավորությունը չնչին էր, եթե չասենք՝ առհասարակ բացակայում էր։ Տարածության մեջ տեղափոխության մասին, առավել ևս՝ դեպի այն սահմաններ, որտեղից մեր առաջ հայտնվել էին Մելվիլը, Ուիթմենը, Ֆոլքները և Ֆրոսթը, խոսք անգամ չկար։ Իսկ երբ դա դարձավ իրականանալի, մեզնից շատերի համար իրականացնելն արդեն ուշ էր․ այդ գաղափարի ֆիզիկական իրագործման կարիքը մենք այլևս չունեինք։ Քանզի անհատապաշտության գաղափարն այդ ժամանակ մեզ համար արդեն դարձել էր իսկապես գաղափար՝ վերացական, մետաֆիզիկական, եթե կամենաք, կատեգորիա։ Այդ իմաստով՝ մենք գիտակցության մեջ և թղթի վրա հասել էինք ավելի մեծ ինքնավարության, քան դա, որտեղ էլ լինի, մարմնավորելի է իրականում։ Այս առումով մենք եղանք ավելի մեծ չափով «ամերիկացիներ», քան ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը․ լավագույն դեպքում՝ մեզ մնում էր ինքներս մեզ «դեմքով» ճանաչել այն հասարակության սկզբունքներում և ինստիտուտներում, որի մեջ մենք ճակատագրի բերումով հայտնվել էինք։
Այդ հասարակությունն էլ, իր հերթին, իրեն որոշակի մակարդակով ճանաչեց մեր մեջ, և դրանով էլ բացատրվում է Սերյոժայի գրքերի հաջողությունը ամերիկացի ընթերցողների շրջանում։ «Հաջողությունը», սակայն, ամենաճշգրիտ տերմինը չէ․ նա և նրա ընտանիքը չափազանց հաճախ չէին կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Նա ապրում էր գրական օրավարձու աշխատանքով՝ միշտ շատ վատ վարձատրվող, իսկ վտարանդիության մեջ՝ առավել ևս։ «Հաջողություն» ասելիս ես նկատի ունեմ այն, որ նրա թարգմանությունների թարգմանությունները տպագրվում էին երկրի լավագույն ամսագրերում և հրատարակչություններում, և ոչ թե նկատի ունեմ նրա պայմանագրերը Հոլիվուդի հետ և նրա անշարժ գույքի ծավալը։ Այդուհանդերձ, դա պրոֆեսիոնալ գրողի ճշմարիտ, ազնիվ, վերջիվերջո՝ սարսափելի կյանքն էր, և ես նրանից երբեք բողոքներ չեմ լսել։ Չեմ կարծում, թե նա շատ էր վշտացած Հոլիվուդի հետ պայմանագրերի բացակայության համար, ո՛չ ավելի, քան «Մոսֆիլմի» հետ դրանց բացակայության համար։
Երբ մարդն այդքան վաղ է մահանում, ի հայտ են գալիս ենթադրություններ նրա կամ շրջապատի գործած սխալի մասին։ Դա բնական փորձ է՝ կորստից առաջացած վշտից, հրեշավոր ցավից պաշտպանվելու։ Ես չեմ կարծում, թե վշտից պետք է պաշտպանվել, և թե այդ պաշտպանությունը կարող է հաջողվել։ Գոյության այլ տարբերակների մասին դատողությունները, ի վերջո, նվաստացուցիչ են նրա համար, ով այդ տարբերակները չի ունեցել։ Չեմ կարծում, թե Սերյոժայի կյանքը կարող էր ապրվել այլ կերպ․ մտածում եմ միայն, որ նրա ավարտը կարող էր լինել ուրիշ, պակաս սարսափելի։ Այդչափ մղձավանջային ավարտ՝ ամառային հեղձուկ օրը շտապօգնության մեքենայում, Բրուքլինում, կոկորդից դուրս ցայտած արյունով և երկու պուերտոռիկացի տխմարներով՝ իբրև սանիտարներ, նա ինքը երբեք չէր գրի․ ոչ թե այն պատճառով, որ չէր կանխատեսել, այլ այն պատճառով, որ հակակրանք ուներ չափազանց ուժեղ էֆեկտների նկատմամբ։
Վշտից, կրկնում եմ, անիմաստ է պաշտպանվելը։ Թերևս, նույնիսկ ավելի լավ է թույլ տալ վշտին՝ ձեզ ամբողջությամբ ճզմելու․ դա, համենայնդեպս, գոնե ինչ-որ կերպ համեմատելի կլինի կատարվածի հետ։ Եթե ձեզ հետագայում հաջողվի ոտքի կանգնել և ուղղել մեջքը, կուղղվի նաև հիշողությունը նրա մասին, ում կորցրել եք։ Հենց նրա մասին հիշողությունն էլ ձեզ կօգնի մեջքն ուղղել։ Նրանք, ովքեր ճանաչել են Սերյոժային միայն որպես գրողի, դա, հավանաբար, ավելի հեշտ կանեն, քան նրանք, ովքեր ճանաչել են և՛ գրողին, և՛ մարդուն, քանզի մենք կորցրել ենք երկուսին էլ։ Բայց եթե մեզ հաջողվի դա անել, ապա մենք նաև շատ ավելի երկար կհիշենք նրան՝ որպես մի մարդու, ով կյանքին ավելի շատ տվեց, քան կյանքից վերցրեց։
թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
COMMENTS