Այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչ Չառլզ Բուկովսկին համարվում է 1980-ականներին սկիզբ առած այդ գրական ուղղության «կնքահայրը»։
Անցյալ տարի՝ օգոստոսին, գրականության, մասնավորապես՝ ամերիկյան գրականության, սիրահարները նշեցին գրող, բանաստեղծ, դրամատուրգ Չառլզ Բուկովսկու ծննդյան 100-ամյակը։ Այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչ Չառլզ Բուկովսկին համարվում է 1980-ականներին սկիզբ առած այդ գրական ուղղության «կնքահայրը», ուղղություն, որն իր հերոսներով ու գաղափարախոսությամբ հակադրվում էր «ամերիկյան երազանքին»՝ անթաքույց անկեղծությամբ խոսելով այլախոհության և բուրժուական հասարակության արատավոր դիմանկարի մասին։ Բուկովսկին իր ժամանակի ամենասկանդալային գրողներից էր և մինչ օրս էլ ամենաշատ ընթերցվող հեղինակների շարքում է։ Ներկայացնենք մեջբերումներ նրա ստեղծագործություններից, որոնք արտացոլում են ոչ միայն հեղինակի, այլև այդ սերնդի գրողներից շատերի հայացքներն ու մերժողական ոգին, որ բնորոշ էին 80-ականների այլախոհներին։
Բուկովսկին՝ աշխարհի ու կյանքի մասին
Պարզապես ապրել, քանի դեռ չես մահացել՝ արդեն ծանր աշխատանք է։
Անհնար է գերագնահատել ամբոխի հիմարությունը։
Որքան ավելի քիչ ես հավատում կյանքին, այնքան ավելի քիչ ես կորցնում։ Ես գրեթե ոչինչ չունեի կորցնելու․․․
Ժողովրդավարության ու բռնատիրության միջև տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում դուք սկզբում քվեարկում եք, հետո հրամաններ ստանում, իսկ երկրորդի դեպքում դուք ստիպված չեք լինում ժամանակ կորցնել քվեարկության համար։
Որոշ իմաստով, որքան էլ որ ես չսիրեմ կրթությունը, այն օգնում է, երբ կարդում ես ճաշացանկը կամ աշխատանք ես փնտրում․ հատկապես՝ երբ կարդում ես ճաշացանկը։
Գիտե՞ք, թե որն է քննադատի ու սովորական հանդիսատեսի տարբերությունը։ Քննադատն անվճար է ֆիլմ դիտում։
Բուկովսկին՝ կանանց ու սիրո մասին
Կանայք տարբեր են լինում։ Կան պարզապես կանայք, և կան կախարդական արարածներ։
Շատ փոքրաթիվ գեղեցիկ կանայք են ձգտում մարդկանց առաջ ցույց տալ, թե իրենք ինչ-որ մեկին պատկանում են։
Սերը միայն իսկական մարդկանց համար է։
Սերը բնականոն երևույթ է նրանց համար, ովքեր կարողանում են հաղթահարել մտավոր գերբեռնվածությունը։
Բուկովսկին՝ մարդկանց ու գրողների մասին
Մարդկանց մեծամասնությունն արդարության մասին սկսում է գոռալ լոկ այն ժամանակ, երբ դա վերաբերում է անձամբ իրենց։
Դեռևս քսանհինգ տարեկան չդարձած՝ մարդկանց հիմնական մասն արդեն վերածվում է լիակատար ապուշի։ Բթամիտների մի ամբողջ ազգ՝ իրենց ավտոմեքենաների, ուտելիքի ու բազմանալու համար ցնորված։
Գրել սովորելու լավագույն միջոցը որակյալ գրողներին ընթերցելն է և ապրելը։
Սովորաբար մարդիկ շատ ավելի լավն են իրենց նամակներում, քան իրականության մեջ։ Այդ իմաստով նրանք շատ նման են բանաստեղծներին։
Ցանկացած հիմար կարող է իր համար ճարել ինչ-որ մի աշխատանք․ ընդհակառակը՝ միայն իմաստուն մարդը կարող է առանց դրա իր գլուխը պահել։
Ես, միևնույն է, չեմ կարող թողնել գրելը․ դա խելագարության ախտանշան է։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
պատրաստեց Անուշ Բաբայանը