«Հաղորդությունը» հավատքի մասին է, բայց ոչ միայն Աստծո հանդեպ, այլև սեփական անձի և շրջակա աշխարհի։
«Հաղորդություն» ֆիլմը Ինգմար Բերգմանի «Հավատքի եռապատման» երկրորդ ֆիլմն է։ Այդ եռապատումում ընդգրկված են նաև «Մշուշոտ ապակու միջով» և «Լռություն» ֆիլմերը։ Երեք ֆիլմերն էլ անդրադառնում են հավատքի ճգնաժամի, Աստծո լռության և հավատացյալի միայնության թեմային, սակայն երեքն էլ իրենց տեսակի մեջ ինքնատիպ են և միևնույն թեմայի վերաբերյալ ունեն իրենց ուրույն ասելիքը։ «Հաղորդությունը» մի ֆիլմ է, որը հավատքի մասին է, բայց ոչ միայն Աստծո հանդեպ, այլև սեփական անձի և շրջակա աշխարհի։ Մարդկային գթասրտությունը, միմյանց հանդեպ կարեկցանքը կամ անտարբերությունը, անկեղծությունը և կեղծիքը, ապրելու և մեռնելու հանդեպ վախը՝ սրանք ևս հավատքի տարատեսակ դրսևորումներն են, որոնք հոգեբանական ամենաանկեղծ ճշգրտությամբ արտացոլված են ֆիլմում։
Ֆիլմի հերոսը միջին տարիքի մի քահանա է՝ Թոմաս Էրիքսոն անունով։ Ֆիլմը սկսվում է հաղորդության տեսարանով, որտեղ Թոմասը անցկացնում է պատարագի արարողությունը՝ կարդալով իր քարոզը։ Թոմասի երերուն ձայնից և անկայուն հոգեվիճակից կարելի է հենց ֆիլմի սկզբից ենթադրել, որ նա ինքն էլ չի հավատում սեփական խոսքերին։ Եկեղեցում տիրող առօրեական, ոչ հոգևոր միջավայրը, որը ձանձրույթ ու միապաղաղություն է տարածում, թվում է՝ յուրատեսակ լրացում են հանդիսանում Թոմասի ներսում տիրող ամայության համար։ Հորանջող և անընդհատ ժամին նայող երգեհոնահարը, չարաճճիություն անող երեխան, զուտ հանուն սովորույթի եկեղեցի եկած ծխականները՝ սրանք աչքից չվրիպող դետալներ են, որոնք վկայում են տիրող հոգևոր ճգնաժամի մասին։
Ֆիլմի ընթացքում հետզհետե բացահայտվում է Թոմասի ներքին դրաման, որը մասամբ պայմանավորված է անձնական կյանքում ունեցած նրա կորստով, որի հետ նա այդպես էլ չէր համակերպվել։ Դա անդրադարձել էր նաև գյուղաբնակ մի կնոջ՝ իր սիրուհի Մարթայի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Մարթան հավատացյալ չէր, բայց նա փորձում էր հավատալ Աստծուն Թոմասի հանդեպ իր ունեցած սիրո միջոցով։ Հետաքրքրական է ֆիլմի ընթացքում հանդիսատեսին մատուցվող այն բացահայտումը, որ առերևույթ անհավատ Մարթայի մեջ առավել սեր, նվիրվելու ունակություն և կարեկցանք կա, քան առերևույթ հավատացյալ և եկեղեցուն ծառայող Թոմասի մեջ, որը ասես վարակված լիներ սկեպտիցիզմի ախտով։ Թվում է՝ նրա կասկածները ծնունդ են առել դեռևս մանկուց, երբ, ինչպես Թոմասն է Մարթային ասում, իր ծնողները երազել են, որ ինքը եկեղեցու սպասավոր դառնա։ Այս խոսքերի մեջ արդեն իսկ ակնարկ կա այն մասին, որ նրա ընտրությունն ի սկզբանե իր կամքով չի եղել։ Հետագայում իր կնոջ հանդեպ տածած սերը և վերջինիս ճիշտ ուղղորդումը ասես վստահություն են ներշնչել Թոմասին, որ դա ճիշտ ընտրություն էր։ Սակայն նրա հավատքը, միևնույն է, ամուր չէր, և դրա ամենամեծ վկայությունն այն էր, որ այդ հավատքը խարխլվեց առաջին իսկ կորստից հետո։
Կնոջ մահից հետո Թոմասը ներքուստ սկսում է ընդդիմանալ Աստծուն՝ չկարողանալով մինչև վերջ հասկանալ՝ եթե կա Աստված, և այդ Աստված ամենազոր է, ապա ինչո՞ւ է թույլ տվել, որ ինքը՝ Աստծո հավատարիմ սպասավորը, կորուստ կրի, կորցնի ամենասիրելի մարդուն, և եթե Աստված սեր է, ինչպես գրված է Սուրբ գրքում, ապա ինչո՞ւ է ոչնչացնում սեր կոչվածը։ Թոմասի ներքին ողբերգությունն ավելի է խորանում այն պատճառով, որ ի պատասխան իր հարցերի՝ նա տեսնում ու լսում է միայն լռություն։ Մինչդեռ նա անընդհատ ինչ-որ հրաշքի, ինչ-որ նշանի, իրեն ի վերուստ ուղարկված հույսի մի նշույլի է սպասում։ Իր մռայլ և սիրուց զուրկ աշխարհում ներփակված՝ Թոմասը դադարում է կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ փրկել իր պես հուսահատության մատնված գոնե որևէ մեկի հոգին։ Ի վերջո, նա մոռանում է, որ իր ապաքինման բանալին քրիստոնեական մի պարզ ճշմարտության մեջ է․ փրկիր, որ փրկվես։
Երբ նրա օգնությանն է դիմում սեփական վախերից խուճապի մատնված Յոնասը՝ տեղի բնակիչներից մեկը, Թոմասը չի կանխազգում վտանգը և ոչ միայն չի փարատում նրա վախերը, այլև ակամա ավելի է խորացնում դրանք՝ անգիտակցաբար պատճառ դառնալով Յոնասի ինքնասպանության համար։ Իրականում Թոմասն ուզում էր հաղորդակից լինել Յոնասի ապրումներին, սակայն նրա ներսում տիրող անապատի պես ամայությունը խանգարում էր նրան գտնել դեպի ուրիշի հոգին տանող «դռան» բանալին։ Նրանք երկուսն էլ յուրովի վախենում էին մահից։ Յոնասը, փաստորեն, վախենում էր այնքան շատ, որ գերադասեց արագացնել սեփական վախճանը և իր իսկ ձեռքով վերջ տալ իր կյանքին, քան անընդհատ վախի մեջ սպասել արտաքին վտանգին։ Չնայած Յոնասը վախենում էր միջուկային պատերազմից, բայց իրականում դա կյանքի և ապրելու հանդեպ ունեցած վախն էր, որը առկա է նաև Թոմասի մոտ։
Թոմասը վախենում էր նաև միայնությունից, և Մարթայի հետ նրա կապը այդ միայնությունից փախչելու համար էր։ Դա երևում է այն տեսարանում, որտեղ Թոմասը կոպտում է Մարթային, վիրավորում և ասում, որ վերջինս երբեք չի փոխարինի իր կնոջը, իսկ հետո, երբ պատրաստվում է հեռանալ, խնդրում է Մարթային, որ իր հետ գա։ Մարթան ներքուստ հասկանում է, որ Թոմասն իրեն երբեք չի սիրել ու չի սիրելու, բայց, միևնույն է, շարունակում է նրա կողքին մնալ՝ ասելով, որ այլ ընտրություն չունի․ նա թե՛ իր զգացմունքների և թե՛ հասարակական կարծիքի գերին է։ Գյուղում բոլորը գիտեին նրանց կապի մասին, բայց Թոմասը, հաշվի չառնելով Մարթայի հեղինակությանը վնասող բամբասանքները, հրաժարվում էր ամուսնանալ նրա հետ։ Մարթայի հանդեպ Թոմասի սիրո բացակայության մասին վկայում են նրա հոգատարության, պատասխանատվության ու կարեկցանքի բացակայությունը։ Մարթայի սերը նրա համար սոսկ հարմարավետության, մենակ չմնալու և օգուտ քաղելու համար է։ Ֆլեշբեքից մենք իմանում ենք, որ երբ Մարթայի ձեռքերը պատված են եղել խոցերով, նա Թոմասին խնդրել է աղոթել իր ձեռքերի համար, սակայն Թոմասը նույնիսկ դա չի արել, ինչը կրկին վկայում է կարեկցանքի բացակայության մասին։ Անհավատ Մարթան սերը համարում է միակ ճշմարտությունը, որին կարելի է հավատալ, և ֆիլմի ավարտին նույնիսկ սկսում է աղոթել այդ սիրո միջոցով փրկության համար։ Նրա կերպարն ասես կոչված է թե՛ Թոմասին, թե՛ հանդիսատեսին հիշեցնելու, որ կրոնն ու հավատքը սոսկ չոր օրենքների պահպանումը չեն, այլ նախևառաջ սեր են պահանջում, քանի որ քրիստոնեական գաղափարախոսության հիմքում իրականում միմիայն սերն է։ Ֆիլմի ավարտին տեսնում ենք նաև եկեղեցու կրտսեր սպասավորի և Թոմասի զրույցը, որի ժամանակ կրտսեր սպասավորը ասում է իր՝ Նոր կտակարանի ընկալման մասին, ըստ այդմ՝ երբ Հիսուսը խաչվեց, նա գլուխը բարձրացրեց և դիմեց Տիրոջը՝ ասելով․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ», ինչը, սպասավորի կարծիքով, վկայում է Աստծո լռության մասին, քանի որ Հիսուսը կյանքի վերջին րոպեներին ոչինչ չէր լսում՝ բացի Աստծո լռությունից։ Այդ նույն ընկալումն ունի նաև Թոմասը, որի աղոթքները նույնպես անպատասխան են մնացել։ Ֆիլմն ավարտվում է գրեթե դատարկ եկեղեցում արարողություն անցկացնող Թոմասի քարոզի տեսարանով։ Եկեղեցու համարյա դատարկ սրահը վկայում է այն մասին, որ Թոմասը, կարծես, ինքն իր համար քարոզ կարդա, ոչ թե ծխականների համար։ Նա ասես անհաղորդ է սեփական հաղորդությանը։
Խոր փիլիսոփայական և ընդգծված էքզիստենցիալիստական շեշտադրումներով գրված այս սցենարը, որի հեղինակը հենց ինքը Բերգմանն է, ասես հենց ռեժիսորի ինքնախոստովանությունը լինի, քանի որ ոչ միայն «Հավատքի եռապատումի» ֆիլմերում, այլև նրա մյուս աշխատանքների գերակշիռ մասում ևս կարմիր թելի պես անցնում է այդ նույն թեման՝ միայնակ և ներքին անելանելիությունից ելք փնտրող անհատը, նրա կասկածներն ու հուսահատությունը, նրա հիշողություններն ու առ Աստված ուղղված բողոքը, նրա ճակատագրապաշտությունը։ Թվում է՝ Բերգմանի հերոսները հայտնվել են մի փակ շրջանակում, որտեղից փրկության ելք են փնտրում, սակայն չեն կարողանում գտնել՝ է՛լ ավելի խորացնելով իրենց հոգու վերքերը և է՛լ ավելի խճճվելով սեփական կասկածների մեջ։ Այդուհանդերձ, Բերգմանը թե՛ իր և թե՛ իր հերոսների համար թողնում է հույսի մի վերջին շող, թեպետ ինքն էլ մինչև վերջ չի հավատում դրան։ Պատահական չէ, որ համաշխարհային կինովարձույթում ֆիլմի անվանումներից է նաև «Ձմեռային լույսը», ինչը հենց սառնության մեջ ծնված փոքրիկ ու աղոտ հույսն է խորհրդանշում։
ԱՐԱՄ ԴՈՎԼԱԹՅԱՆ
COMMENTS