2024թ․-ին նկարահանված «Իմ սիրելի տորթը» ֆիլմն իրանական ժամանակակից կինոյի հերթական ազդեցիկ նմուշն է։
2024թ․-ին նկարահանված «Իմ սիրելի տորթը» ֆիլմն իրանական ժամանակակից կինոյի հերթական ազդեցիկ նմուշն է․ «հերթական» բառն իրանական կինոյի պարագայում լիովին արդարացված է, քանի որ գործ ունենք արդեն իսկ կայուն բարձր նշաձող ունեցող կինեմատոգրաֆի հետ։ Ռեժիսորներ և ֆիլմի սցենարի հեղինակներ Մարյամ Մողադամ և Բեհթաշ Սանաիհա ամուսնական զույգի ստեղծագործական համատեղ աշխատանքի ևս մեկ արդյունքը առաջին իսկ կադրերից հանդիսատեսին կլանում է իր անկեղծությամբ, բնականությամբ, համարձակությամբ ու հուզականությամբ։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի՝ Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում, սակայն ռեժիսորներն Իրանի իշխանությունների սահմանափակումների պատճառով չկարողացան մասնակցել այդ իրադարձությանը։ Այդուհանդերձ, նրանց բացակայությունը ոչ միայն չխանգարեց ֆիլմի ունեցած հաջողությանը, այլև ավելի մեծացրեց այն՝ ապահովելով բարձր վարկանիշ հանդիսատեսի շրջանում, կինոքննադատների միաձայն հավանությունն ու դրական գնահատականը, ինչպես նաև ՖԻՊՐԵՍԻ-ի և էկումենիկ ժյուրիի մրցանակները։
70-ամյա Մահինի և Ֆարամարզի (Լիլի Ֆարհադփուրի և Էսմայիլ Մեհրաբիի հրաշալի դերակատարմամբ) ուշացած ու կարճատև սիրո պատմությունն, իրոք, չի կարող անտարբեր թողնել ցանկացած սերնդի ու սեռի հանդիսատեսի՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, աշխարհայացքից ու մշակութային ընկալումից։ Ֆիլմը դիտելիս ակամա վերհիշում ես Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի վերջին դրվագները, երբ նույնիսկ կյանքի մայրամուտին կինն ու տղամարդն ուզում են զգալ սիրո և միասին ապրելու երջանկությունը։
Արդեն 30 տարի, ինչ ավտովթարից մահացել է ամուսինը, Մահինի մահճակալին տղամարդ չի քնել, , և արդեն 20 տարի, ինչ երեխաները տեղափոխվել են արտերկիր, նրա առավոտները, ցերեկները և գիշերները միապաղաղ են ու միանման։ Նախկին բուժքույր Մահինը միայնակ տարեց կնոջ հավաքական կերպար է, նրա պես հազարավորներն ապրում են վաղաժամ ավարտված ու այդպես էլ չկրկնված սիրո հուշ-երազանքով, հրաշքի թաքուն սպասումով, հոգու խորքում կայծկլտացող հույսից ապրելու ուժ ստանալով։ Իսկ այդ ընթացքում ժամանակը նրան գլորում է դեպի ծերություն։
Ֆարամարզի ճակատագիրն ավելի տխուր տպավորություն է թողնում։ Նա անզավակ է, եղել է զինվորական, պատերազմի մասնակից, իսկ կյանքի վերջին 20 տարին՝ տաքսու վարորդ։ Տարիներ առաջ ամուսնալուծվել է, հետո սիրել է ինչ-որ կնոջ, բայց արդյունքում այդպես էլ մենակ է մնացել։ Նա բարեսիրտ է, ինչպես Մահինը, միաժամանակ՝ բնավորությամբ ավելի թույլ է, քան Մահինը։ Նա համակերպվել է իր ճակատագրին և հնազանդորեն դիմավորել իր ծերությունը։
Մահինը, ի՛նչ խոսք, կանացի վառ կերպար է, և դերասանուհի Լիլի Ֆարհադփուրը կարողացել է լիարժեք մարմնավորել այդ համարձակ, կենսախինդ, անկեղծ, ազատամիտ, պայմանականություններից ու քաղքենիական կամ ավանդապաշտական ձևականություններից զերծ կերպարը։ Մահինի երիտասարդությունն անցել է նախահեղափոխական Իրանում, և նա մտովի անընդհատ վերադառնում է անցյալ՝ միաժամանակ նայելով շուրջը և երեխայի պես զարմանալով, թե որքան բան է փոխվել։ Պայմանականությունների, կարծրատիպերի և հասարակական կարծիքի սահմանափակումներում խեղդվող մարդկային էությունը, միևնույն է, սիրո մասին է երազում՝ անկախ սեռից, կարգավիճակից ու տարիքից։ Մի՞թե ամեն ինչ ավարտված է․ այս հարցն ամբողջ ֆիլմի ընթացքում ուղղվում է հանդիսատեսին՝ ասես պատասխան, արդարացում և քաջալերանք ստանալու ակնկալիքով։
Հարցին պատասխան տալու փորձ է արվում նաև ֆիլմի «ներսում», երբ Մահինի ընկերուհիներից մեկը նրա տանը կազմակերպված ընկերական հավաքույթի ժամանակ կշտամբում է, թե Մահինը 30 տարի շարունակ եղել է օրինավոր կին և մայր, սակայն միայնակ մնալուց հետո էլ ոչինչ չի արել իր կյանքը փոխելու և իրեն որպես կին ու որպես անհատ դիտարկելու համար։ Հավաքույթի տեսարանն առանցքային է այս ֆիլմում․ կանայք, գրեթե առանց բացառության, խուսափում են խոսել տարիքի բերումով իրենց բաժին հասած առողջական խնդիրների մասին և խոսում են տղամարդկանց, նոր ծանոթության հնարավորությունների և սիրո անհրաժեշտության մասին։
Հավաքույթից հետո Մահինն ասես սթափվում է, նրա մեջ արթնանում է երբեմնի գեղեցիկ ու կենսասեր կինը, նա վերջապես գիտակցում է, որ գոնե կյանքի ավարտին պիտի ապրի ինքն իր համար ու չլինի միայնակ։ Եվ նա սկսում է փնտրել իր պես միայնակ և սիրո ու հոգատարության կարիք ունեցող տղամարդու։ Փնտրտուքը նրան հասցնում է սկզբում զբոսայգի, որտեղ բարքերի ոստիկանությունից փրկում է անկաշկանդ հագնված մի երիտասարդ աղջկա, այնուհետև թոշակառուների ռեստորան, որտեղ էլ տեսնում է միայնակ ճաշող Ֆարամարզին։ Մահինն իրադարձությունների կառավարումը վերցնում է իր ձեռքը և կազմակերպում այնպես, որ հայտնվի Ֆարամարզի տաքսիում և ավելի մոտիկից ծանոթանա նրա հետ։
Շարունակությունն արդեն նման է Մահինի դիտած ռոմանտիկ ֆիլմերին, երբ միայնակ կինն ու տղամարդը գտնում են իրար ու անմիջապես հասկանում, որ կարող են միասին ապրել ու երջանիկ լինել։ Միասին անցկացրած մի քանի ժամվա ընթացքում նրանք ասես շտապում են վայելել միմյանց ներկայությունն ու հենց Կյանքը՝ վերապրելով այն, ինչից հրաժարվել էին ավելի քան երկու տասնամյակ։ Նրանք ընթրում են Մահինի առանձնատան հիասքանչ այգում, երգում են, պարում են, լուսանկարվում են, զրուցում են, իսկ ուշ երեկոյան, արդեն գինովցած, փորձում են հաղթահարել ամոթն ու անվստահությունը և իրենց հարաբերությունները հասցնել վերջնարդյունքին՝ ֆիզիկական կապին։
Հիասքանչ է լոգարանում ցնցուղի տակ հագուստով նստած Մահինի ու Ֆարամարզի տեսարանը։ Տասնապատիկ ավելի ազդեցիկ է, քան կլիներ մերկության ու մարմնական սիրո ցանկացած տեսարան։ Այս տեսարանն իրանական կինոյին բնորոշ ոճում է․ չցուցադրել ամեն ինչ, սակայն ասել ամեն ինչ, չմերկացնելով ամբողջ ճշմարտությունը՝ կարողանալ տեղ հասցնել ամբողջ ճշմարտությունը։ Եվ այդ ամենն անել ապշեցուցիչ կերպով ճշմարտացի։
Մինչ Ֆարամարզը ննջարանում պառկած է, Մահինը թխում է իր սիրելի տորթը՝ նարնջով ու սերուցքով։ Տորթն ասես նրա ուշացած ու կարճատև երջանկության խորհրդանիշը լինի՝ այդպես էլ չհամտեսված քաղցրություն, թեպետ պատրաստ էր ու պատրաստված էր համտեսվելու համար։ Ֆարամարզին նա գտնում է մեռած։
Ուշագրավ է, որ Մահինի հետագա վարքագծում չկա վախ, խուճապ, հետքերը ամոթից դրդված թաքցնելու նպատակ․ կա իրական սուգ գտնված ու կորսված սիրո համար։ Ֆարամարզին վերակենդանացնելու նրա բոլոր փորձերն ապարդյուն էին։ Եվ նա ուժասպառ քնում է հանգուցյալի գրկում՝ ասես ցանկանալով գոնե սառը մարմնի կողքին մի քիչ էլ երկարաձգել երջանիկ երեկոյի իր զգացողությունը։
Այգում, որտեղ նրանք ցանկանում էին ծաղիկներ տնկել, վարձու բանվորը փոս է փորում՝ չիմանալով, թե իրականում ինչին է ծառայելու այդ փոսը, իսկ Մահինը նրա հեռանալուց հետո կարգի է բերում ու պատանում է Ֆարամարզի մարմինը՝ իր սիրելի տորթից մի կտոր դնելով նրա թուլացած ծնոտի մեջ։ Այնուհետև հուղարկավորում է նրան՝ առհավետ թողնելով իր այգում, իր կողքին, իր կյանքում։ Իսկ առջևում վերստին միայնությունն է․․․
Տոնինո Գուերան իր «Կյանքի յոթ տետրերը» գրքում գրում է․ «Մահվանից երկու օր առաջ Ֆեդերիկո Ֆելինին ասաց․ «Ինչպես կուզենայի ևս մեկ անգամ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ավարտին հասած մարդն ուզում է կրկին վերապրել սերը, թևածել երկրի վրա, հնազանդվել նրան, ում ցանկանում է հնազանդվել, ունկնդրել նվագախմբի երաժշտությունը հոգում․․․ Նա չէր խոսում կնոջ մասին, նա ուզում էր ասել, որ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես լինել պարզապես մարդ՝ վերածվելով բույրի։ Դու չես քայլում հողի վրա, այլ ճախրում ես երկրի վերևում։ Սիրահարվածության հենց այդ զգացումն էլ կյանքում ամենագլխավորն է»։ Թերևս, ամեն ինչ ասված է։
Անուշ Բաբայան
լուսանկարները՝ ru.kinorium.com կայքից
COMMENTS