Նա կարողանում է վարպետորեն արտացոլել հայ ժողովրդի հավաքական հիշողությունը մեկ հերոսի միջոցով:
Պատահական չէ, որ կինոգետ Դավիթ Մուրադյանը Ֆրունզե Դովլաթյանին անվանել է «հայ կինոյի վիպասան». նա կարծես էպիկական պատմող լինի, միայն թե՝ կինոլեզվով։ Դովլաթյանի ֆիլմերի հերոսները հայ մարդիկ են, որոնք անցնում են պատմության քառուղիներով՝ երբեմն կրելով տվյալ ժամանակաշրջանի մտածողությունը, երբեմն էլ՝ դրա հարվածները։ Իր ֆիլմերով նա կարծես խոսում է իր դարաշրջանի մարդու մասին՝ երկար ու ձիգ կամուրջ գցելով նախորդ դարերի միջև: Նա կարողանում է վարպետորեն արտացոլել հայ ժողովրդի հավաքական հիշողությունը մեկ հերոսի միջոցով:
Ֆրունզե Դովլաթյանը հայկական կինոյում առանձնանում է իր փիլիսոփայական խորությամբ և իրականության նրբաճաշակ դիտարկումներով:
Նա որպես ռեժիսոր հանդես է եկել «Բարև, ես եմ» (1965), «Սարոյան եղբայրներ» (1968), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972), «Երկունք» (1976), «Ապրեցեք երկար» (1979), «Մենավոր ընկուզենի» (1986), «Կարոտ» (1990) ֆիլմերով: «Դովլաթյանի ռեժիսուրան միշտ աչքի է ընկել բազմապլան և բազմամարդ գործողությամբ, շարունակ տարածքներ նվաճող հակումով։ Նրա, հետևաբար, նաև նրա հերոսների համար միշտ նեղ էր ժամանակը»(1)։
Դովլաթյանի ֆիլմերում մեծ դեր է խաղում հիշողության գործոնը, որն, այնուամենայնիվ, ո՛չ նոստալգիկ հիշողություն է, ո՛չ էլ անցյալի հիվանդագին կարոտախտ։ Դա գենետիկ հիշողություն է, այսինքն՝ արյան կանչ, որը ստիպում է յուրաքանչյուրին հիշել իր արմատները։ Հենց դա ենք տեսնում Դովլաթյանի ամենաողբերգական հերոսներից մեկի՝ Առաքելի օրինակով։ «Կարոտը» Դովլաթյանի վերջին ֆիլմն է, նրա «վերջին հիշողությունը» անցյալի մասին:
Հրաչյա Քոչարի «Կարոտ» վիպակի հիման վրա համանուն ֆիլմն ի սկզբանե պետք է նկարահաներ հայ անվանի մեկ այլ կինոռեժիսոր` Հենրիկ Մալյանը։ Սակայն նա Ռուբեն Հովսեփյանի հետ հասցնում է աշխատել միայն ֆիլմի սցենարի վրա։ «Կարոտը» նկարահանում է Ֆրունզե Դովլաթյանը՝ նվիրելով Հենրիկ Մալյանի հիշատակին։ «Այս ֆիլմում Դովլաթյանը պատմում է մի նոր ու ողբերգական հակամարտության մասին՝ ստալինիզմի վանդակը և իր հիշողությանն ու սրբություններին հավատարիմ հայը, որի հանցանքը սահմանից այն կողմ մնացած հայրենիքը չմոռանալու մեջ է»(2):
Մալյանն ի սկզբանե գլխավոր հերոսի դերում պատկերացնում էր Մհեր Մկրտչյանին կամ Կարեն Ջանիբեկյանին, սակայն Դովլաթյանը Առաքել Էլոյանի կերպարում տեսավ միայն գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանին, որն արդեն մեկ անգամ նկարահանվել էր նրա «Մենավոր ընկուզենի» ֆիլմում։ Ի դեպ, «Կարոտում» Առաքելի ձայնը հնչյունավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը։
Ֆիլմն սկսվում է հարցաքննության տեսարանով, որի ընթացքում պարզ է դառնում, որ գյուղացի Առաքել Էլոյանը ոտքով հատել է Թուրքիայի հետ սահմանը՝ ծննդավայր վերադառնալու նպատակով։ Գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Միության տարիներին, 1930-ական թվականներին։ Դեպքերի հաջորդականությունը հետևյալն է․ Առաքելը երազում տեսնում է, թե ինչպես է վերադառնում իր երկիր: Նա հենց այդ գիշեր Ախուրյան և Արաքս գետերի հատման կետով անցնում է սահմանը և գնում Թուրքիա։ Քուրդ զինյալների օգնությամբ Առաքելն այցելում է ծնողների գերեզմանը, այնտեղից մի բուռ հող վերցնում և գնում իր նախկին տունը, որն այժմ այրված ու քանդված է։ Նույն ճանապարհով վերադառնում է, սակայն նրան ձերբակալություն է սպասվում։ Սահմանահատումը դիտվում է որպես դիվերսիա և պետական դավաճանություն:
Վերադառնալով գյուղ` Առաքելը տեսնում է, որ տան դուռը կողպել են, և իմանում է ընտանիքի անդամների ձերբակալության մասին: Նրա ընտանիքը պատրաստ են ազատ արձակել միայն այն դեպքում, եթե նա խոստովանի, թե ով է իրեն ուղարկել Թուրքիա և ինչ նպատակով։ Սակայն Առաքելը անդադար կրկնում է, որ կարոտն է իրեն ստիպել վերադառնալ հայրենի երկիր, և որ ինքը անուսում, անխելք մարդ է, ու պարզապես լսել է իր սրտի ձայնը։
Գյուղում շատերը հասկանում էին Առաքելին, բայց նաև գիտակցում էին, որ անցյալով ապրելը միայն վնասում է իրենց։ Նրա ընկեր Մուշեղը (Ալեքսանդր Հովհաննիսյան) նույնպես տառապում է հայրենի երկրի կարոտով, սակայն չի համարձակվում բարձրաձայնել։ Փոխարենը` ասում է Առաքելին․ «Սրտի ժամանակ չէ, խելքի ժամանակ է։ Սիրտդ դիր մի կճուճի մեջ ու հորի»։ Առաքելին հասկանում է նաև ոստիկան Շավարշյանը (Լևոն Շարաֆյան), որ նույնպես գաղթել էր Արևմտյան Հայաստանից։ Նա առաջինն է գտնում սահմանը հատած Առաքելին, սակայն չի շտապում հանձնել կոլեգաներին, այլ զրուցում է հետը` փորձելով հասկանալ «հանցագործության» դրդապատճառը և ապացուցել անմեղությունը։ Դա տեսնելով՝ ոստիկան Սարկիսովը (Ազատ Գասպարյան) հայտարարում է, որ Շավարշյանն էլ է դավաճան, անգլիական հետախուզության անդամ։ Արդյունքում Շավարշյանին նույնպես ձերբակալում են, իսկ հետո գնդակահարում։ Առաքելին էլ դաժանաբար խոշտանգում են, կոտրում ոտքերն ու ձեռքի մատները, ստիպում են ստորագրել կեղծ ցուցմունք։ Նրան աքսորում են համակենտրոնացման ճամբար, սակայն մինչև տեղ հասնելը Առաքելն իր կոտրատված մատներով պարան է հյուսում և կախվում։ Նա մեռնում է անօգնական՝ առանց որևէ բան փոխելու իր կյանքում կամ շրջակա աշխարհում։
Թեպետ Առաքելը վերադարձավ հայրենի երկիր, բայց այն, ինչ նա փնտրում էր, այլևս գոյություն չուներ։ Առաքելն անցյալով էր ապրում, բայց այդ անցյալն իրեն բերում էր միայն ցավ ու կորուստ։ Նրա հայրենի հողը, տունը, եկեղեցին կամ քանդված էին, կամ այրված, ոչնչացված։ Նրա վերադարձը հոգու համար սփոփանք չէր հանդիսանում, այլ ընդհակառակը` ևս մեկ անգամ տառապանքի վերապրում էր: Առաքելի, այսպես կոչված, «անմիտ» արարքը կործանարար հետևանքներ ունեցավ ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամների համար։ Սակայն նա մինչև վերջ էլ հավատարիմ մնաց սեփական համոզմունքներին ու չզղջաց իր արարքի համար: Այդ արարքը կարող է հասկանալի լինել միայն հանուն հայրենիքի ապրող և հանուն հայրենիքի մեռնելուն պատրաստ մարդուն։ Հերոսի ապրած ողբերգությունից հետո ինքնասպանությունը հուսահատ փախուստ էր ստալինյան իրականությունից:
Այս ֆիլմով Դովլաթյանը ցույց է տալիս, որ հիշողության ու կարոտի հետապնդումը տանում է միայն կործանման, բայց մյուս կողմից` մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ հիշողություն ունի, ինչպես ասել է Հրանտ Մաթևոսյանը։
Ֆիլմը չի թողնում հույսի որևէ զգացողություն, այլ սկզբից մինչև վերջ հանդիսատեսը կիսում է հերոսի ցավը և անմորմոք կարոտը: Սա ոչ թե մի մարդու պատմություն է, այլ ամբողջ ազգի ճակատագիր, որն իր մեջ ամփոփում է կորսված հայրենիքի հիշողությունն ու մարդկային անարդարության բեռը։
Մերի Ավետիսյան
Ծանոթագրություններ․
1. Ս. Գալստյան, KINO ԱՇԽԱՐՀ. Ֆրունզե Դովլաթյան․ Համատեղ արշավ դեպի անցյալ, (https://kinoashkharh.am/2018/05/%D6%86%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A6%D5%A5-%D5%A4%D5%B8%D5%BE%D5%AC%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%E2%80%A4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A4%D5%A5%D5%BA/), (hասանելի է՝ 26.02.2025):
2. Դ․Մուրադյան, KINOVERSUS, Հայ կինոյի վիպասանը, (https://www.kinoversus.com/2017/05/frunze-dovlatyan.html), (hասանելի է` 26.02.2025):
COMMENTS