«Բանականությունն ինձ օգնեց հասկանալ բանականության անզորությունը»։ Ռյունոսկե Ակուտագավա, «Գաճաճի խոսքերը» էսսեից
Արվեստագետը, ես վստահ եմ, իր ստեղծագործությանը ծնունդ է տալիս գիտակցաբար։ Այդուհանդերձ, ծանոթանալով տվյալ ստեղծագործությանը՝ տեսնում ենք, որ դրա գեղեցկությունը կամ տգեղությունը կիսով չափ թաքնված են արվեստագետի գիտակցության սահմաններից դուրս գտնվող խորհրդավոր աշխարհում։ Կիսով չա՞փ։ Թերևս, ավելի ճիշտ է ասել՝ հիմնականո՞ւմ։
Արդարանալով՝ մենք մատնում ենք մեզ։ Ուզենք, թե չուզենք՝ արարվող ստեղծագործություններում միշտ մերկանում է մեր հոգին։ «Կտրիչով հարվածը խոնարհման պես է» հին ասույթը մի՞թե չի վկայում այն ժամանակների մարդկանց՝ անգիտակցականի հանդեպ ունեցած վախի մասին։
Ստեղծագործելը միշտ էլ պահանջում է խիզախում։ Երբ մարդու ողջ ուժը սպառվում է, նա կարող է հույս դնել միայն երկնային կամքի վրա․ այլ տարբերակ չկա։
Երբ ես երիտասարդ էի և սովորում էի գրել, ես տանջվում էի այն պատճառով, որ հարթ չի ստացվում։ Կասեմ միայն, որ ջանքերը գործի կեսն են, և լոկ ջանք գործադրելով կատարելության չես հասնի։ Միայն ծերանալուց հետո ես սկսում հասկանալ, որ համառությունն ամեն ինչ չէ․ «ամբողջի երեք մասը կազմում է մարդու գործը, յոթ մասը՝ երկնքից տրված շնորհը»։ «Լունշիից» քաղված այս տողերը հաստատում են իմ ասածը։ Արվեստը մի մռայլ անդունդ է։ Եթե չլիներ փողի ծարավը, եթե չլիներ փառքի ձգտումը, եթե, ի վերջո, չլինեին ստեղծագործական կրքից ծնված տառապանքները, ապա, հնարավոր է, մենք կունենայինք բավականաչափ քաջություն՝ այդ չարագուշակ արվեստի հետ մենամարտի բռնվելու համար։
2.Քննադատությունը
Գեղարվեստական ստեղծագործության գնահատականը արվեստագետի և քննադատի համագործակցությունն է։ Այլ կերպ ասած՝ մեկ ուրիշի ստեղծագործությունը վերլուծելիս քննադատն ընդամենը փորձում է ստեղծել իր սեփականը։ Այդ իսկ պատճառով բոլոր այն ստեղծագործություններին, որոնք ժամանակի ընթացքում պահպանել են իրենց նշանակալից արժեքը, անպայմանորեն բնորոշ են ամենատարբեր քննադատական գնահատականների հնարավորություն տվող որոշակի գծեր։ Այդուհանդերձ, Անատոլ Ֆրանսի խոսքերով՝ տարբեր քննադատական գնահատականների հնարավորությունը չի նշանակում մեկնաբանության թեթևություն, քանի որ ստեղծագործությունները ծնվում են ասես մշուշում։ Ռոձան լեռան կատարի պես՝ ստեղծագործությունը տարբեր դիտակետերից ընկալվում ու գնահատվում է տարբեր կերպ։
3.Դասականները
Դասականների երջանկությունն այն է, որ նրանք մեռած են։
4.Հիասթափված արվեստագետները
Բազմաթիվ արվեստագետներ ապրում են հիասթափությունների աշխարհում։ Նրանք չեն հավատում սիրուն։ Նրանք չեն հավատում խղճին։ Հին ճգնակյացների նման՝ նրանք ուտոպիայի անապատը դարձրել են իրենց տունը։ Հենց այդ պատճառով էլ, թերևս, նրանք արժանի են խղճահարության։ Սակայն հիասքանչ միրաժները ծնվում են միայն անապատի երկնքում։ Հիասթափվելով մարդկային գործերից՝ արվեստում նրանք, որպես կանոն, չեն հիասթափվում։ Ընդհակառակը՝ արվեստի մասին ամեն մի հիշատակումից հետո նրանց աչքերի առջև բացվում են ոսկե տեսիլքներ՝ սովորական մարդկանց համար անհասանելի։ Եվ նրանք, մտորելով գեղեցիկի մասին, սպասում են իրենց երջանիկ ակնթարթին։
5.Քաղաքական հանճարը
Ավանդաբար համարվում է, որ քաղաքական հանճարը նա է, ով ժողովրդի կամքը վերածում է իր սեփական կամքի։ Սակայն իրականում հակառակն է։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ քաղաքական հանճարը նա է, ով իր սեփական կամքը վերածում է ժողովրդի կամքի։ Կամ, առնվազն, ստիպում է հավատալ, որ հենց դա է ժողովրդի կամքը։ Այդ իսկ պատճառով քաղաքական հանճարը պետք է լինի նաև հանճարեղ դերասան։ Նապոլեոնն ասում էր․ «Մեծից մինչև ծիծաղելին մեկ քայլ է»։ Այս խոսքերը համապատասխանում են ոչ այնքան կայսրին, որքան դերասանին։
6.Վտանգավոր մտքերը
Վտանգավոր են համարվում այն մտքերը, որոնք ստիպում են ուղեղն աշխատեցնել։
7.Ողբերգությունը
Ողբերգությունն այն է, երբ հարկադրված ես լինում զբաղվել մի գործով, որը համարում ես ամոթալի։ Հետևաբար՝ մարդկային ողջ հասարակությունը միավորող ողբերգությունը հենց հոգսերը հոգալն է։
8.Աստվածները
Այն ամենից, ինչը բնորոշ է աստվածներին, իմ ամենամեծ խղճահարությունը առաջացնում է նրանց՝ ինքնասպանություն գործել չկարողանալը։
9.Սահմանները
Նույնիսկ հանճարը կաղապարված է դժվար հաղթահարելի սահմաններով։ Այդ սահմանների հայտնաբերումը չի կարող չառաջացնել որոշակի թախիծ։ Սակայն աննկատելիորեն առաջանում է նաև հակառակ զգացմունքը՝ գոհունակությունը։ Ասես գիտակցել ես, որ հնդկեղեգը հնդկեղեգ է, բաղեղը՝ բաղեղ։
10.Միջակությունը
Միջակ ստեղծագործությունը, եթե նույնիսկ արտաքուստ մոնումենտալ է, նման է պատուհաններ չունեցող սենյակի։ Այն ոչ մի կերպ չի համապատասխանում կյանքի պահանջներին։
11.Հնարավորությունները
Մենք հնարավորություն չունենք անելու այն, ինչ ցանկանում ենք։ Եվ անում ենք այն, ինչ կարող ենք։ Սա վերաբերում է ոչ միայն մեզ՝ անհատներիս, այլ նաև ողջ հասարակությանը։ Հնարավոր է՝ Աստված նույնպես չի կարողացել աշխարհն արարել այնպիսին, ինչպիսին կուզենար արարել։
12.Իմ սիրելի ստեղծագործությունները
Իմ սիրելի ստեղծագործությունները, նկատի ունեմ՝ գրական, այն ստեղծագործություններն են, որոնցում ես հեղինակին զգում եմ որպես մարդու՝ այն ամենով, ինչը բնորոշ է մարդուն՝ ուղեղով, սրտով, ֆիզիոլոգիայով։ Սակայն, որքան էլ տխուր հնչի, նրանք հիմնականում արատավոր են։ (Ի՛նչ խոսք, երբեմն չես կարող չխոնարհվել մեծ արատավորի առջև)։
13.Վեհությունը
Ժողովուրդը հաճախ հիանում է մարդկային վեհությամբ ու դրա դրսևորումներով։ Սակայն դարերի ընթացքում դեռևս չի պատահել այնպիսի դեպք, որ ժողովուրդը ցանկանա հանդիպել վեհության հետ։
14.Արվեստ հանուն արվեստի
«Արվեստ հանուն արվեստի» գաղափարի մոլի հետևորդները հիմնականում հանդիսանում են իմպոտենտներ այդ նույն արվեստում։ Միևնույն տարբերակով՝ մոլի ազգայնականներն էլ հիմնականում այն մարդիկ են, ովքեր զուրկ են հայրենիքից։ Ոչ մեկիս պետք չէ այն, ինչն արդեն ունենք։
15.Վեպը
Ճշմարտանման է համարվում ոչ թե այն վեպը, որն իրադարձությունների զարգացման մեջ պարունակում է փոքրաթիվ պատահականություններ, այլ այն վեպը, որում պատահականություններն ավելի քիչ են, քան կյանքում։
16.Գրական ստեղծագործությունը
Գրական ստեղծագործության մեջ օգտագործված բառերին պիտի տրվի ավելի մեծ գեղեցկություն, քան դրանք ունեն բառարանում։
17.Բանականությունը
Բանականությունն ինձ օգնեց հասկանալ բանականության անզորությունը։
18.Արվեստը
Ամենաբարդ արվեստը ազատ ապրելն է։ Իհարկե, «ազատը» չի նշանակում «անամոթաբար»։
19.Սերը
Սերը բանաստեղծորեն արտահայտված սեռական ձգողությունն է։ Ամեն դեպքում՝ սեռական ձգողությունը, որը բանաստեղծորեն արտահայտված չէ, արժանի չէ սեր կոչվելու։
20.Մենք
Մենք ամաչում և միաժամանակ վախենում ենք ինքներս մեզնից։ Սակայն ոչ ոք դա անկեղծորեն չի խոստովանում։
COMMENTS