«Կնոջ ուղեղը հանելուկ է։ Կանայք ունեն ուշադրության կարիք, նրանց հետ պետք է խոսել, փաղաքշել նրանց, նրբորեն որսալ նրանց տրամադրությունը, հիշել այն մասին, որ նրանք կան, ողջ են, հիշել այն մասին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար»։ «Խոսիր նրա հետ», 2002թ
«Խոսիր նրա հետ» դրաման իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նկարահանել է 2002թ-ին: Սկզբում ֆիլմը միահյուսում է երկու տղամարդկանց կյանքի և սիրո պատմությունը. լրագրող Մարկոյի և կին ցլամարտիկ Լիդիայի ռոմանտիկ հարաբերությունների թեման զուգորդվում է բուժեղբայր Բենինյոյի և պարուհի Ալիսիայի պատմության հետ: Այս ֆիլմն իր բովանդակությամբ էապես տարբերվում է Ալմոդովարի մյուս գործերից: Իսպանացի ռեժիսորին իրավամբ կարելի է համարել ժամանակակից կինոյում կանանց գլխավոր գովերգու: «Խոսիր նրա հետ» ազդեցիկ մելոդրամում ներկայացված են սիրելի կանանց կորցնելու վտանգի առջև կանգնած երկու տղամարդիկ՝ իրենց ապրումներով և ստեղծված իրավիճակում ցուցաբերած տարբեր մոտեցումներով:
«Ես հավատում եմ հրաշքների, և դու էլ պիտի հավատաս»։ «Ե՞ս։ Ինչո՞ւ»։«Որովհետև դա քեզ պետք է։ Իսկ հիմա դու եթե նույնիսկ տեսնես հրաշքը, դու այն չես էլ նկատի»։Լրագրող Մարկոն և բուժեղբայր Բենինյոն ծանոթանում են հիվանդանոցի պատերի ներսում: Առաջինի սիրած կինը՝ Լիդիան, ցլամարտերից մեկի ժամանակ ստացած ուժգին հարվածի հետևանքով հայտնվել է կոմայի վիճակում։ Իսկ բուժեղբայր Բենինյոն արդեն չորս տարի խնամում է Ալիսիային, ում սիրահարված էր դեռևս այն ժամանակ, երբ աղջիկը հաճախում էր պարի դասերի, իսկ Բենինյոն նրան հետևում էր դիմացի շենքի իր պատուհանից: Աղջիկը ավտովթարից հետո հայտնվում է կոմայի մեջ, իսկ Բենինյոն դառնում է նրա խնամակալը: Նա իր մտքի ծայրով անգամ չի անցկացնում, որ աղջիկն անգիտակից վիճակում է, որ գոյատևում է ասես բույս: Նա պատմում է Ալիսիային այն ամենի մասին, ինչ կատարվում է շուրջբոլորը, պատմում է իր դիտած ֆիլմերի ու պարային ներկայացումների մասին, խնամում է՝ առաջնորդվելով ոչ թե մասնագիտական պարտքի զգացումով, այլ նրա հանդեպ տածած սիրո ու հիացմունքի շարժիչ ուժով: Բենինյոն սեփական բարդույթներից առաջացած ներքին փոթորիկների և, միևնույն ժամանակ, անասելի հանգստության խառնուրդ է: Խոսելով Ալիսիայի հետ՝ նա նույնը խորհուրդ է տալիս նաև Մարկոյին՝ խոսել Լիդիայի հետ. դա բուժման միակ ձևն է, միակ զենքը:
«Ես հարգում եմ մյուսների ֆոբիաները»։Ինչ-որ մի պահից սկսած՝ Ալմոդովարը դադարում է միաձուլել երկու պատմությունները, ավելի ճիշտ՝ նա Մարկոյին դարձնում է Բենինյոյի և Ալիսիայի պատմությանը հետևելու պրիզմա՝ ավարտին հասցնելով նաև նրա ու Լիդիայի պատմությունը (վերջինիս նախկին սիրեցյալն ասում է Մարկոյին, որ ճակատագրական ցլամարտից առաջ ինքը հաշտվել էր Լիդիայի հետ): Կինոնկարի ամենաշքեղ դրվագներից մեկը Բենինյոյի պատմած հերթական համր ֆիլմի տեսարանն է, երբ հերոսն, ընդունելով ընկերուհու պատրաստած էլիքսիրը, անասելի չափով փոքրանում է ու, մտնելով ընկերուհու հեշտոցի մեջ, անհետանում: Բենինյոյի ու Ալիսիայի միջև տեղի ունեցող սեռական ակտը սիմվոլիկ, այլընտրանքային ձևով ներկայացնող այս հատվածն ինչ-որ առումով նաև Բենինյոյի էության ու նրա պատմության փոխաբերական դրսևորումն է:
«Ի՞նչ գիտես դու կանանց մասին»։ «Ե՞ս։ Ամեն ինչ։ Ես 20 տարի անցկացրել եմ մի կնոջ հետ և 4 տարի՝ մյուսի»։Բենինյոյի սեքսուալ բարդույթավորվածությունը հանգում է իր տրամաբանական ավարտին․ նա, որ հասուն տարիքում դեռևս չուներ սեռական կյանքի որևէ փորձ, կորցնելով իրականության զգացողությունը՝ հղիացնում է կոմայի մեջ գտնվող Ալիսիային և դրանով իսկ ապրեցնում նրան, քանի որ Ալիսիան անհաջող ծննդաբերությունից հետո ուշքի է գալիս և վերադառնում գիտակցական կյանք։ Ալիսիայի անձի շուրջ ծավալվող հետագա իրադարձությունները դաժան, բայց միաժամանակ հետաքրքիր կերպով խաչում են նրա և Մարկոյի ճանապարհները: Եթե Ալմոդովարի ֆիլմերում տղամարդիկ զուտ գործիք են՝ կնոջ ֆենոմենն ու ապրումները բացահայտելու համար, ապա այստեղ նա փոխում է դերերը. կանայք լուռ են, անշարժ, և հենց դա է ստիպում, որ տղամարդիկ ակամա և անթաքույց արտահայտեն իրենց հույզերը: Կանանց լռությունը տղամարդկանց ներաշխարհը բացահայտելու լավագույն միջոցն է, և ռեժիսորը դա անում է նույնքան նրբանկատորեն, ինչպես կանանց պարագայում։
«Ամենատխուրը սերն է, որն ավարտվել է․․․»։
Մի քանի փաստ
Ֆիլմի սցենարի սկզբնաղբյուրը Ռումինիայի դիահերձարաններից մեկում տեղի ունեցած իրական պատմությունն է. աշխատակիցներից մեկը, ով փորձել է սեքսով զբաղվել լեթարգիական քնի վիճակում հայտնված և բժիշկների կողմից մահացած համարվող մի կնոջ հետ, արդյունքում արթնացրել է նրան: Եվ չնայած կնոջ ու նրա ընտանիքի երախտագիտությանը՝ ենթարկվել է քրեական հետապնդման:Ֆիլմը սկսվում է թատրոնի վարագույրի կադրով. այն նույն կադրով, որով ավարտվել էր ռեժիսորի նախորդ աշխատանքը՝ «Ամեն ինչ իմ մոր մասին»:
Ֆիլմի սկզբում ցուցադրվող ժամանակակից բալետի պարուհիներից մեկը գերմանացի լեգենդար խորեոգրաֆ Պինա Բաուշն է:
«Խոսիր նրա հետ» ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ «Օսկար»՝ լավագույն օրիգինալ սցենարի համար, «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ որպես տարվա լավագույն ֆիլմ:
Գլխավոր դերերը կատարող բոլոր դերասանների համար «Խոսիր նրա հետ» ֆիլմը առաջին համագործակցությունն է Պեդրո Ալմոդովարի հետ: Բենինյոյին մարմնավորող Խավիեր Կամարան հետագայում խաղացել է ռեժիսորի «Վատ դաստիարակություն» և «Ես շատ գրգռված եմ» ֆիլմերում: Իսկ Մարկոյի դերակատար Դարիո Գրանդինետիին կարելի է տեսնել ռեժիսորի վերջին ֆիլմում՝ «Ջուլյետայում»:
Լիլիթ Աղաջանյան