«Ես Կուբան եմ: Երբեմն ինձ թվում է, թե իմ արմավենիների բները արյունով են լի: Երբեմն ինձ թվում է, որ շուրջբոլորը ոչ թե ծովն է ծփում, այլ արցունքները: Ո՞վ է պատասխան տալու այս արյան համար, ո՞վ է պատասխան տալու այս արցունքների համար»: «Ես Կուբան եմ», ռեժ.` Միխայիլ Կալատոզով

ռեժիսոր՝ Միխայիլ Կալատոզով
սցենարի հեղինակ՝ Էնրիկե Պինեդա Բարնետ, Եվգենի Եվտուշենկո
օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
կոմպոզիտոր՝ Կառլոս Ֆարինյաս
դերերում՝ Սերխիո Կորիերի, Սալվադոր Վուդ, Խոսե Գալարդո, Ռաուլ Գարսիա
արտադրությունը՝ Կուբա, ԽՍՀՄ, 1964թ
տևողությունը՝ 1ժ 48ր
Ֆիլմը նվիրված է Կուբայում ընթացող հեղափոխական իրադարձություններին և բաղկացած է մի քանի նովելից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մարդկային ճակատագրերի մասին հեղափոխությունից առաջ և բուն հեղափոխության ժամանակ։ Կենսախինդ մրգավաճառը սիրահարվում է հարևանուհի Մարիային, սակայն հետո իմանում է, որ նա հարկադրված զբաղվում է մարմնավաճառությամբ։ Ծեր գյուղացի Պեդրոն այրում է իր իսկ քրտինքով աճեցրած բերքը, որովհետև իմանում է, որ այդ հողը վաճառվել է ամերիկացիներին։ Հավանայի համալսարանի ուսանողները տպագրում են հեղափոխական թռուցիկներ, իսկ վրա հասած ոստիկանությունը սպանում է երիտասարդ ակտիվիստներին։ Գեղջուկ Մարիանոն սկզբում չի ուզում միանալ պարտիզանական շարժմանը, բայց որդու զոհվելուց հետո ձեռքն է վերցնում զենքը․․․
Հանճարեղ օպերատորական աշխատանք, պոետիկ սցենար, իրական հերոսներ․ այսպիսի ֆիլմ կարող էր ստեղծվել հենց հեղափոխական 60-ականներին և միմիայն 60-ականներին։
- Օպերատոր Սերգեյ Ուրուսևսկու աշխատանքը մինչ օրս համարվում է կինոարվեստի հետագա զարգացման համար էտալոնային: Շատ հանրահայտ օպերատորներ այն համարում են կինոյի պատմության ընթացքում լավագույնը:
- Գրեթե ողջ ֆիլմը նկարահանված է ձեռքի կինոխցիկով: Ուրուսևսկին հատուկ օգտագործել է լայնանկյուն օբյեկտիվներ` քայլելու ընթացքում տատանումներից խուսափելու համար: Նաև` ֆիլմում բազմիցս կիրառվել է ներկադրային մոնտաժը:
- 2007 թվականին Մարտին Սկորսեզեի ղեկավարությամբ ԱՄՆ-ում լույս տեսավ ֆիլմի վերականգնված տարբերակը (այդ թվում` ռուսերեն հնչյունավորմամբ):
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ