«Հրապարակորեն մերկացող կինն ինձ հիշեցնում է ռեժիսորի, ով ֆիլմի հենց սկզբում բացահայտում է հանգուցալուծումը»։ Ալֆրեդ Հիչքոկ
 |
Գրեյս Քելլի և Ալֆրեդ Հիչքոկ |
«Հաջողությունն ամեն ինչ է: Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ վախկոտ եմ, ծնվել եմ այդպիսին, գերզգայուն եմ վախի հանդեպ, քանզի սուպերհերոսն ի վիճակի չէ նկարահանել լավ սարսափ-ֆիլմ»․ այս խոսքերից հետո ծնունդով անգլիացի, բայց ամերիկյան նշանավոր ռեժիսորի մասին կարծիքը կարող է լիովին փոխվել։ Ոչ սովորական մտածելակերպով՝ սասփենսի «արքան» իր տեղն է գտել ոչ միայն ամերիկյան սարսափ-ֆիլմերի շարքում, այլև առհասարակ ամերիկյան կինոյի աշխարհում՝ բերելով նոր ոճ, կերպարներ և, իհարկե, իսկական կինո: Սակայն Հիչքոկը հետաքրքիր ու հիշվող էր ոչ միայն իր ներքին բնույթով, այլև ֆիզիկապես տարբերվում էր մյուս ռեժիսորներից. գեր, ճաղատ մի մարդ, ով ճարպակալում էր ամսեամիս, և դա նրան չէր անհանգստացնում: Ուներ տարօրինակ կառուցվածք և դեմքի այնպիսի արտահայտություն, ասես նրան ոչինչ չէր խանգարում երջանիկ լինելու համար, և կատարում էր այնպիսի գործողություններ, որ նույնիսկ Անգլիայի թագուհին չէր համարձակվի: Իսկ ֆիլմե՜րը... նրա ֆիլմերը լի էին հետաքրքիր գեղարվեստականությամբ, որտեղ առանձնացված էին դետեկտիվն ու թրիլերը (սարսափի առավել բարդ տարբերակը), որոնք, միախառնվելով, փոխազդում էին՝ դառնալով այնպիսի մի խառնաշփոթ, որ նույնիսկ ինքը՝ Հիչքոկը չգիտեր, թե ի՞նչ է լինելու հետո:
 |
«Պսիխո» ֆիլմի նկարահանման հրապարակում |
Ահա, կարծես թե, դերասանները կան, նկարահանման տաղավարը տեղում է, նա հասցրել է ուտել իր սիրելի տապակած փոքրիկ հավը, խմել սուրճը, մտածել տարօրինակությունների մասին և նույնիսկ հասցրել է վախենալ ոստիկաններից, ովքեր հայտնվում էին նրա ամեն մի նկարահանումից առաջ: Սա էլ իր մութ պատմությունն ուներ, ինչպես նրա ֆիլմի հերոսներինն է։ Սակայն նա չի հասցրել անել ամենակարևորը, ամենանշանակալիցը ֆիլմում՝ ավարտել սցենարը, առանց որի ֆիլմը ֆիլմի չէր վերածվի, ավելի ճիշտ՝ հիչքոկյան ֆիլմը ֆիլմի չէր վերածվի. «Մեծ ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ է երեք բաղկացուցիչ՝ սցենար, սցենար և կրկին սցենար»։ Այս պատճառով է, որ նա չգիտեր, թե ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է փրկվելու ստախոս և գող Մարնին, ով փայլում է իր գեղեցկությամբ՝ այդպիսով, սառը վերաբերմունք ցուցաբերելով ուրիշների հանդեպ («Մարնի»), ի՞նչ է լինելու երկակի կյանքով ապրող, կարծես մետամորֆոզի վերածված Նորմանի հետ, ով գտնվում է ճաղերի ետևում, բայց և չի զրկվել իր միակ դժբախտությունից («Պսիխո»), կամ էլ՝ երկու ընկերների հետ, ովքեր դիակը պահում են արկղում, և այդ արկղը վերածվում է ավանդական երեկույթի մի սեղանի, որտեղից բազմաթիվ մարդիկ ուտելիք ու վիսկի են վերցնում («Պարանը»), և նման շատ ու շատ կերպարներ և իրադարձություններ․․․ Նրա ֆիլմերը հասկանալու համար նախ պետք է ճանաչել հեղինակին՝ սըր Ալֆրեդ Հիչքոկին, և այս առումով հարկավոր է նկարագրել նրա կյանքում ճակատագրական դարձած դեպքը, որը հետագայում հետք թողեց նրա ֆիլմերում։
Գլուխ առաջին
(Հիչքոկը նկարագրում է իր մանկությունը)
1
 |
Ալֆրեդ Հիչքոկ և Շոն Քոների |
Երբ արևի շողերն ընկնում են Անգլիայի քաղաքներից կամ փողոցներից որևէ մեկի շենքերին և սկսում ծավալվել, անգլիացիները ապշանքով ու հիացմունքով են նայում այդ դեղին ու պայծառ Հելիոսին, որ կարծես քիչ առաջ էր հրաժեշտ տվել Սելենեին՝ լուսնի աստվածուհուն։ Հելիոսը ժպտում է մռայլ ու անձրևոտ երկնքին, իսկ Անգլիան արթնանում է ամեն մի փողոցում։ Սկսվում է ուրախ իրարանցումը, փողոցի ամեն մի անկյունում առևտրական շունչն է, որի ելևէջները լսվում են նաև Լեյթոնսթոունում։ Ահա շենքերից մեկը, որի երկրորդ հարկում, թիվ 517 տանը, ապրում է Հիչքոկների ընտանիքը։ Առևտրական հայրը՝ Ուիլյամ Հիչքոկը հենց շենքի ներքևում վաճառում էր միրգ ու բանջարեղեն, իսկ մայրը՝ Էմմա Հիչքոկը այդ տարօրինակ ընտանիքում (քանզի Ալֆրեդի հայրը, ինչպես հայտնի է, նույնպես ունեցել է ոչ սովորական, այսպես կոչված, այլընտրանքային մտածողություն) միակն էր, ով ուներ հանգիստ բնավորություն, սիրում էր տնային աշխատանքը և, Ալֆրեդի հուշերի համաձայն, շատ համեղ էր պատրաստում, ինչը վերջինիս մեծ հաճույք էր պատճառում։ «Աշխատանքի գնալիս,- վերհիշում է Հիչքոկը,- հայրս հագնում էր իր սև, փայլուն կոստյումը, որի տակից շողեր էր արձակում ճերմակ վերնաշապիկը, իսկ այն զարդարում էր սև փողկապը»։ (Հետագայում մենք կնկատենք, որ Ալֆրեդ Հիչքոկը հետևում էր իր հոր հագուստի ոճին ու սև կոստյումից բացի՝ ուրիշ ոչինչ չէր կրում)։
 |
«39 աստիճան» ֆիլմի նկարահանման հրապարակում |
Ալֆրեդը միակ երեխան չէր ընտանիքում, կային նաև քույրը՝ Էլենը և եղբայրը՝ Ուիլյամը։ Ահա, կարծես թե, հայրը աշխատանքի է շտապում։ Մի պահ պատկերացնենք այս տեսարանը։ «Գունավոր» մարդկանց իրարանցման մեջ անշտապ քայլերով ընթացող մի «սև» մարդ, դեմքին սարսափի ոչ մի նշույլ (թեպետ տեսարանն ինքնին սարսափի նախանշաններով է)՝ գնում է աշխատանքի։ Նա նույնիսկ համարձակվում է ողջունել մի ոստիկանի, ումից ամենևին չի վախենում (Հիչքոկ կրտսերն իր ամբողջ կյանքի ընթացքում վախեցել է ոստիկաններից ու բանտերից, քանզի նրան 5-6 տարեկան հասակում բանտ են նստեցրել ու երևակայական երկյուղի արմատները բխում են այդ միջադեպից, կար նաև վախը գծավոր (հորիզոնական և ուղղահայաց) ստվերների հանդեպ, ինչը հրաշալիորեն նկարագրված է նրա «Կախարդվածը» ֆիլմում։ «Չեմ հասկանում, թե ի՞նչ էի արել այն ժամանակ, որ ոստիկաններն ինձ բանտ էին նստեցրել,- վերհիշում է Հիչքոկը՝ համարելով, որ դա իր տարօրինակ վախերից մեկն է):
 |
Վինսենթ Փրայս և Ալֆրեդ Հիչքոկ |
Սակայն կյանքի այս փուլն էլ մի օր ավարտվեց։ Հիչքոկները տեղափոխվեցին Լայմհաուս, որը ժամանակին եղել էր ամենահրաշալի, զուտ անգլիական քաղաքներից մեկը, որտեղով հոսում էին գետեր, որտեղ բնությունը գեղեցիկ էր ու ներդաշնակ։ Եվ ահա նրանց տեղափոխվելու ընթացքում պատկերված իրականությունը. գետը դեռ հոսում էր իր դժբախտ գոյության հետ միասին, հոսում էր աղբերի ու ցեխերի վրայով, իսկ կողքին սև, ծխացող գործարաններն էին, որտեղից քիմիական վառելիքի հոտ էր փչում։ Անգլիայի հրաշալի Լայմհաուսը, ուր տեղափոխվելիս Հիչքոկն իրեն լիովին անգլիացի էր պատկերացնում, վերածվել էր «տեղի մարդկանց նման կեղտոտ ու գռեհիկ, լքված մի տարածքի, որտեղ ամեն ինչ մեռած էր»։ Հիչքոկը այդ ժամանակ 7 տարեկան էր, և 1906թ-ն էր։ Ուիլյամ Հիչքոկի աշխատանքն ընթանում էր իր հունով, և նրա սիրելի Ֆրեդը կամ Էլֆին (ինչպես ծնողներն էին Հիչքոկին անվանում) ինչ-որ չափով օգնում էր նրան՝ դրա համար ստանալով գրոշներ և դրանք ծախսելով սրճարաններում կամ մյուզիք-հոլերում, որտեղ էլ ձևավորվում էր նրա աշխարհայացքը, նրա մտածված իրական կյանքը։ Բայց այս խրախճանքները երկար չտևեցին։ Երբեք չարտասվող, սակայն լացի հասնող վախը սրտում լռությամբ կրող Հիչքոկի կյանքը փոխվեց, ինչպես մարդու՝ հոգևոր ցնցումներից հետո խախտվող տեսությունը։ Նա տեղափոխվեց սբ. Իգնատիոսի ճիզվիտների քոլեջ։ Ճիզվիտները, ովքեր կաթոլիկ եկեղեցու վանականներն էին, մեծ հեղաշրջում կատարեցին ինչպես եվրոպական շատ երկրներում, այնպես էլ Հիչքոկի հոգեբանության մեջ։
 |
«Պատուհան դեպի բակ» ֆիլմը նկարահանելիս |
Ճիզվիտականությունն ուղղություն էր, որը ձևավորվել էր դեռևս 1534թ-ին և հաստատվել էր 1773-1840թթ-ներին։ Ճիզվիտներն ակտիվորեն մասնակցում էին գիտական ու մանկավարժադաստիարակչական աշխատանքներին, և շատ երկրներում, ինչպես նաև Անգլիայում, ստեղծել էին քոլեջներ, որտեղ բավականին խիստ էին վերաբերվում աշակերտներին՝ փորձելով նրանց վերածել դիլետանտների ու կրոնական «վախկոտների»։ «Այնտեղ տիրում էր խստացված կարգապահություն,- հիշում է Հիչքոկը,- և անգամ փոքրիկ խախտման դեպքում պատժում էին ռետինե փայտով»: Կարելի է ասել՝ հենց ճիզվիտները (լատիներենից թարգմանաբար նշանակում է «երկերեսանի») պատճառ հանդիսացան, որ Հիչքոկի բնավորության մեջ ձևավորվի վախը բարոյական հատկանիշների հանդեպ, այսինքն՝ վախը դեպի սեփական անձը ( ֆիզիկական), որն ինչ-որ չափով անձնական մեղքի հատուցման նման էր։ «Ես վախենում էի թե՛ ոստիկաններից, թե՛ հայր ճիզվիտներից, թե՛ ֆիզիկական տանջանքներից» (որոնց հոգեբանական հիշողությունները դարձան նրա գիրության պատճառը)։ Հիչքոկի ֆիլմերը դիտելիս պարզ է դառնում, որ նրա կինոարվեստի արմատները դրանից են սերում։ Այդուհանդերձ, ճիզվիտյան քոլեջում ուսուցումը Հիչքոկին, կարծես թե, դուր էր գալիս, քանզի այնտեղ նա սովորում էր մաթեմատիկա, ֆրանսերեն, ինչպես նաև երգեցողություն ու ընդհանուր էթիկա։ Այդտեղից էլ ծագում է ազատված լինելու հաճույքը՝ մեղքի զգացումից ազատված լինելու։ Քոլեջը, ի թիվս այլ դաստիարակչական մեթոդների, ուներ հետևյալ կարգախոսը․ «Տվեք մեզ ձեր տղային, և մենք նրան տղամարդ կդարձնենք»։
 |
Ինգրիդ Բերգման և Ալֆրեդ Հիչքոկ |
Հիչքոկը ամեն ինչում հանդիսանում էր կարգապահության և մաքրության մարմնացում։ Քոլեջում նա 343-րդ համարի ներքո էր, բայց դա նրան չէր խանգարում լինել երրորդական կամ երկրորդական դերում (ի զարմանս շատերի՝ առաջին տեղում չէր սիրում լինել․ «Առաջին տեղում,- վերհիշում է նա,- բոլորն են ձգտում լինել, իսկ ես բոլորը չեմ, բոլորն եմ իմ մեջ»)։ Քանզի Հիչքոկը ծնվել էր կաթոլիկ ընտանիքում և սովորում էր դաստիարակչական- կաթոլիկական քոլեջում, որտեղ ավելի շատ հոլանդացիներ կային, քան անգլիացիներ, նա իրեն միայնակ էր զգում այդ շրջանում (դիցաբանական արմատներում գոյություն ունի «միայնակության ու լքվածության թախիծը», որին հետևում էին հունական բոլոր աստվածները, և այդ ամենը զգալուց հետո մարդն ավելի զգայունակ ու միաժամանակ զորեղ է դառնում, քանզի դրա աշխարհընկալումը պարզ է, հասկացությունը՝ բարդ), ինչից էլ ձևավորվում են նրա վախը սեփական անձի հանդեպ (ինչպես տեսնում ենք՝ Հիչքոկն իր աշխարհընկալմամբ է ճանաչել իր շրջապատը) և ատելության զգացումն ինքն իր նկատմամբ։ Այս առումով՝ նա ապրում էր հոգևոր կյանքով (ճանաչում էր աշխարհը) և անհարմարավետության զգացումով համակված։ Հիչքոկն ուներ իր երկրորդ կյանքը. նա շրջագայող էր։ Մանկության տարիներին նրա մահճակալի կողքին գտնվող աթոռին կարելի էր նկատել ճանապարհորդական և քարտեզագրական գծանկարներ, որոնց վերնագիրն էր «Անգլիան և իր փողոցները»։ Հիչքոկը ճանապարհորդում էր ոչ հետիոտն (ինչը զարմանալի էր), նա ամենևին չէր տեսել անգլիական խուլ քաղաքները և վարչական տարածքները, որոնց ճանապարհներն ու երթուղիներն անգիր գիտեր։ Նա նստում էր իր փափուկ բազմոցին և, քարտեզին նայելով, կարողանում էր մտովի տեղափոխվել տվյալ վայրը, իսկ պատկերացումները (ստուգելու ժամանակ) ճիշտ հաշվարկներ էին տալիս։
 |
Սալվադոր Դալիի հետ՝ «Կախարդվածը» ֆիլմը նկարահանելիս |
Հիչքոկը, սակայն, այլ ունակությամբ էլ էր օժտված. նա հաշվում էր կիլոմետրերը՝ ամենևին չիմանալով տվյալ քաղաքի տարածքը՝ մինչև իր գտնվելու վայրը, այնուհետև, ստուգելով, զարմանում էր, որ իր եղանակով հաշվարկված կիլոմետրերը ճշգրիտ էին ստացվում։ Նա ընդամենը 3 տարի է անցկացնում ճիզվիտյան քոլեջում։ Նա հետևողական էր, և առավելապես՝ կինոյի ու դրա ֆանտաստիկ աշխարհի նկատմամբ։ Նա ծանոթանում է Դևիդ Ուորք Գրիֆիթի ռեժիսորական փայլատակումներին, Դուգլաս Ֆերբենքս կրտսերի, Հարոլդ Լլոյդի և Մերի Փիքֆորդի կինոգործունեությանը։ Ի թիվս նրա ինքնակրթական այլ հիշատակումների՝ կարելի է նշել, որ 14 տարեկան հասակում նա բացահայտեց Չապլինի հանճարեղ կինեմատոգրաֆը՝ դիտելով անգլիական կինոթատրոնների մեծ էկրանին, իսկ ամենակարևոր հայտնագործությունը, որը հետագայում արտահայտվելու էր նրա ամբողջ կինոմատենաշարում, Էդգար Պոյի ֆանտաստիկ, դետեկտիվ-միստիկական աշխարհն էր, որին Հիչքոկը հետևում է իր ողջ բանական կյանքի ընթացքում։
 |
Կիմ Նովակի հետ՝ «Գլխապտույտ» ֆիլմը նկարահանելիս |
Պոյի կախարդությունը արտահայտված է ավելի շատ «Սպանություն Մորգ փողոցում» դետեկտիվ դրամայում, որտեղ վառ էր արտացոլվել Հիչքոկի նախընտրած հետապնդումը։ Նա սիրում էր ընթերցել կինոթերթեր, որտեղ ծանոթանում էր հոլիվուդյան «վերածննդին»՝ իր համար, այդպիսով, ընտրելով նաև այն դերասաններին, ում նկարահանելու էր իր գալիք ֆիլմերում։ Իհարկե, Հիչքոկը համոզված էր, որ իր կինոկարիերան, անկասկած, դետեկտիվ-սարսափ բնույթ էր ունենալու։ Ճիզվիտյան «սևացած» գիտելիքներից հետո նա որոշում է սովորել Լոնդոնի համալսարանում՝ ուսումնասիրելով ճարտարապետություն և գեղանկարչություն։ Սա հետագայում հիմք է դառնում, որ նա ավելի պրոֆեսիոնալ մակարդակով առնչվի ոչ միայն գեղանկարչությանը, այլև ծանոթանա և համագործակցի Սալվադոր Դալիի հետ՝ վերջինիս տաղանդն օգտագործելով իր «Կախարդվածը» ֆիլմում, որտեղ Դալին պատկերել ու ձևավորել է գլխավոր հերոս Ջոն Բալանթայնի (ում դերը խաղացել է Գրեգորի Պեկը) երազը։ Հիչքոկի՝ գեղարվեստով լի կյանքը, ցավոք, երկար չտևեց։ Սկիզբ առան վախի ու բռնկումների իրական պատկերները, սակայն ոչ միայն Հիչքոկի կյանքում, այլև ողջ աշխարհի և մարդկության համար։ Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
2
 |
«Մարնի» ֆիլմը նկարահանելիս |
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ-ի օգոստոսի 1-ին, երբ Հիչքոկն ընդամենը 15 տարեկան էր։ Սակայն մինչ նրա՝ այդ ժամանակաշրջանի գործողություններին անդրադառնալը կարելի է վերհիշել պատերազմի պատճառները, որոնք մեծ հետք թողեցին, մասնավորապես, Անգլիայի պատմության վրա։ Այն ժամանակ, երբ Հիչքոկը որոշեց որպես կամավորական մասնակցել պատերազմին և մեկնեց զինվորագրման, արդեն ձևավորվել էին միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումները՝ Անտանտը (թարգմանաբար նշանակում է «համաձայնություն»), որի կազմում էին Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, և Եռյակ միությունը՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան (հետագայում ընդգրկվեց նաև Թուրքիան)։ Հիմնական պատճառը տնտեսական իմպերիալիզմն էր (որի զարգացմանը գերակայություն էր տվել Ջոն Հոբսոնը (1902թ), իսկ ավելի ուշ՝ նաև Լենինը (1916թ), սա կայսերապաշտություն էր, մոնոպոլիստական կապիտալիզմ, և վտանգում էր երկրների միջև շուկայական սպառումը․ խթան էին հանդիսանում նաև իմպերիալիզմը զարգացնող գաղութատիրությունը, ֆինանսական կապիտալը և բանկային ու արդյունաբերական հումքը), ինչն էլ իր հերթին հանգեցնում էր մյուս պատճառին՝ եվրոպական տերությունների դաշնային պարտավորությանը։ Կարճ ասած՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառը հիմնականում մոնոպոլիստների զարգացումն էր, նրանց, ովքեր անօրինական առևտրով էին զբաղված և այդ ճանապարհով ֆինանսական հրաշալի տվյալներ էին ձեռք բերում՝ վնասելով այս կամ այն երկրի ֆինանսական ու տնտեսական կայունությանը։
 |
«Թռչունները» ֆիլմի նկարահանման հրապարակում |
Ինչևէ, անդրադառնանք իր տարիքից ավելի մեծ երևացող Հիչքոկին (տարիքից ավելի մեծ երևալու պատճառը գիրությունն էր), ում տարիքային անհամապատասխանությունը նկատեց նաև անդամագրման կոմիտեն։ Ճակատամարտ, ցավոք (կամ էլ՝ բարեբախտաբար), մեկնել չհաջողվեց, բայց 15-ամյա Հիչքոկին հաջողվեց տեղափոխվել արգելոց, որտեղ նա ջանասիրաբար պայթուցիկ նյութերն էր ուսումնասիրում։ Երբեմն կարողանում էր տուն գնալ և ճանապարհին երկնքում նկատում էր բազմաթիվ ուղղաթիռներ, որոնք սև էին, ինչպես ագռավները (սա նրան հետագայում ոգեշնչեց «Թռչունները» ֆիլմը ստեղծելիս)։ Պատերազմն ավարտվում է 1918թ-ի նոյեմբերին՝ Անտանտի հաղթանակով։ Ինչպես ամերիկյան կապիտալն է ներթափանցում Եվրոպա, այնպես էլ Հիչքոկի կյանքում, դժվար ու ծանր օրերից հետո, սկսվում է ոչ միայն ներթափանցումը կինոաշխարհ, այլև, 1921թ-ին, գործնական քայլերը Paramount ընկերությունում, որտեղ նա փորձում է գտնել իր տեղը և քարտեր է նկարում (հիշենք Լոնդոնի ճարտարապետության և գեղանկարչության համալսարանը) ֆիլմերի տիտրերի համար։
 |
Ալֆրեդ Հիչքոկը թոռնիկների հետ |
Մի անգամ, արդեն 1925թ-ին, երբ Հիչքոկն ավարտում է իր «Վայելքների այգին» ֆիլմը, և այն էկրան է բարձրանում, նա նկատում է իր անունը լրագրերից մեկում, որտեղ անգլիական հայտնի «Դեյլի Էքսպրեսը» նրան անվանում էր «Երիտասարդ, բայց առյուծի տվյալներով»։ Հիչքոկը քմծիծաղում է (որովհետև գուշակում էր, որ հաջողության է հասնելու), լրագիրը դնում է մի կողմ և, գլուխը հենելով, փորձում է մտածել։ Մտքում ինչ-որ հյուրանոցներ են, սերիական մարդասպան՝ ձեռքին դիմակ, ոսկենման ինչ-որ երևույթներ կամ իրեր, և այդպես՝ 1926թ-ին Հիչքոկն իր երևակայությունն իրականության է վերածում՝ ստեղծելով «Բնակիչը» ֆիլմը։ Այս ֆիլմից հետո է, որ Հիչքոկը նկարահանում է բացառապես դետեկտիվ-միստիկական ժանրի ֆիլմեր, որոնք համեմում էր ( ինչպես իր սիրելի տապակած հավին) սարսափով, կադրերի այլաբանությամբ, սիմվոլներով։ Ֆիլմը պատմում է լոնդոնյան մի դեպքի մասին, երբ բացահայտվում է նոր սերիական մարդասպան, ով գիշերը սպանում էր երիտասարդ շիկահերներին՝ հանցագործության վայրում թողնելով գրություն՝ «Վրիժառու»։ Սպանությունները շարունակվում են ամեն գիշեր, մի նոր շիկահեր է զոհվում, և այդ ժամանակ փոքրիկ հյուրանոցում, որը կառավարում էին ամուսիններ՝ իրենց շիկահեր դստեր հետ, հայտնվում է համակրելի արտաքինով, գեղեցիկ դիմագծերով մի երիտասարդ, ում դեմքին վիշտ ու նյարդային ցնցումների հետքեր էին երևում։ Տանտերերը նրան համակրում են և սիրալիր ընդունելություն են կազմակերպում մինչև այն պահը, երբ երիտասարդը սկսում է տարօրինակ վարքագիծ դրսևորել։ Թվում էր՝ ամեն ինչ լավ էր, նա ուներ գումար, բարեհաջող տեղավորվել էր հյուրանոցում, զբաղեցրել էր ամենաճոխ ու գեղեցիկ սենյակներից մեկը և որևէ պատճառ չուներ իրեն այդպես պահելու։ Մինչդեռ պատճառը պատին էր փակցված, այն էլ՝ ոչ թե մեկը, այլ մի քանիսը։ Հյուրը պատի վրա նկատում է շիկահերների բազմաթիվ լուսանկարներ, որոնք, հերթով պոկելով, դուրս է տանում՝ դրանց նայելով ատելությամբ ու զայրացկոտությամբ։ Ամուսինների կասկածները մեծանում են, և այդ ժամանակ հայտնվում է շիկահեր Դեյզին՝ նրանց դուստրը, ու նկարները տեղափոխում է սենյակից։ Մայրն անհանգիստ է (Հիչքոկը հրաշալի է պատկերել արագորեն շարժվող մոր՝ սարսափից մոլորված աչքերը)։ Հետո երևան է գալիս աղջկա սիրեցյալը՝ երիտասարդ ոստիկան Ջոն, ում հանձնարարված էր փնտրել մարդասպանին։ Նա նկատում է բնակչին, ապա լսում է ծնողների կասկածներն այն մասին, թե իրենց դուստրն ու նոր բնակիչը սիրեցյալներ են, և սկսում է ուշադիր հետևել բնակչին։
 |
Հիչքոկը Life ամսագրի շապիկին |
Հաջորդաբար հայտնվում են կասկածելի ու «անհարմարավետ» կադրեր. ահա, կարծես թե, ոստիկան Ջոյին հաջողվում է համոզել բնակչին, որ նա ի դերև հանի պայուսակում թաքցրածը, քանզի այդ գիշեր կրկին սպանություն էր տեղի ունեցել։ Ամեն ինչ բացահայտվում է, սակայն բնակիչը փորձում է փախչել, իսկ աղջիկը, չդիմանալով ցավին, գնում է նրա ետևից, և նրանք որոշում են թաքնվել մարդաշատ մի վայրում՝ սրճարանում։
Այստեղ նկատում ենք լրագիր ընթերցող մի մարդու, ով այս պատմության հետ գրեթե ոչ մի կապ չունի, բայց եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ նա ոչ այլ ոք է, քան Ալֆրեդ Հիչքոկը, ով հետագայում ևս դիմում էր նման տարօրինակ հնարքների։ Նա, հորինելով պատմությունը, հայտնվում էր այնտեղ՝ առնչություն ու հաղորդակցություն չունենալով (հետագայում նրան կտեսնենք «Կախարդվածը» ֆիլմում, «Պսիխոյում», «Թռչուններում», «Մարնիում» և «Ընտանեկան դավադրությունում», որտեղ նրա սիլուետն է երևում. նա վիճում է ընկերոջ հետ «Ծնելիության ու մահացության բաժանմունքի» դռան ետևի պատուհանից)։
 |
Թիփի Հեդրեն և Ալֆրեդ Հիչքոկ |
Ինչևէ, բնակիչը շղթաներով է, սակայն նրան չեն ձերբակալում, քանզի ոստիկանությունից հայտնում են, թե «մարդասպանին» գտել են։ Բնակիչը, ամուսնանալով Դեյզիի հետ, հեռանում է։ Վերջին կադրում, երբ նա գրկել էր իր շիկահեր կնոջը, նկատվում է նրա սարսափելի, չարությամբ լի հայացքը, որն ուղղված էր Դեյզիի մազերին... Եվ ամեն ինչ պարզ է դառնում։ Հիչքոկը, երբ քարտեր էր նկարում լուսագրումների համար և միաժամանակ սցենարի ու կինոարվեստի դրույթներն էր ուսումնասիրում, «Բնակիչը» ֆիլմի սցենարն անձամբ է գրում՝ նյութը հեշտությամբ գտնելով (քանզի պատկերները վաղուց գծագրվել էին մտքում) Մարի Բելոք Լաունդեսի «Ո՞վ է նա» վեպում։ Գլխավոր հերոսի փնտրտուքով նա բազմիցս էր շրջել նկարահանման տաղավարներում և գտել էր մի դերասանի, բայց ոչ թե այնտեղ, այլ մյուզիքլներում՝ հանրության սիրելի արտիստ Այվոր Նովելոյին, ում Հիչքոկը մեծ ջանքերով վարպետացրեց իր ոչ երաժշտական ֆիլմի համար։ Նովելոն դժվարությամբ էր ընկալում իր բացասական կերպարը, նա պետք է բարի ու մարդասեր հերոսից վերածվեր վրիժառու մարդասպան մոլագարի, ով որսում էր շիկահերներին։ Արդյունքը, բնականաբար, գերազանց էր։
Ալֆրեդ Հիչքոկ. սասփենսի անկրկնելի արքան (մաս երկրորդ)
Հասմիկ
Կարապետյան