«Օվկիանոսից այն կողմ կգտնես լոկ այլ երկինք, բայց ոչ հոգի»։ Հորացիոս
Մերօրյա քաղաքական զարգացումները, չդադարող պատերազմները Մերձավոր Արևելքում, աղքատության աճը մի շարք երկրներում հանգեցրել են բնակչության լայնածավալ գաղթին։ Հրատապ դարձած այդ թեմայով ֆիլմեր ներկայացվել և ներկայացվում են գրեթե բոլոր կինոփառատոներում, ընդ որում՝ հատկանշական է, որ հասարակական այս ֆենոմենին կինեմատոգրաֆն անդրադարձել է իր պատմության ողջ ընթացքում։ Դրանք տարբեր ժամանակային տիրույթներում տեղի ունեցած իրական կամ հորինված պատմություններ են, որոնք բացահայտում են նոր երկիր տեղափոխված մարդկանց խնդիրները, մարտահրավերներն և դժվարությունները։ Մենք առանձնացրել ենք թեմային առնչվող 15 հիասքանչ ֆիլմ․․․
1․ «Գաղթականը» (The Immigrant, 1917)
Գաղթի մասին ամենաառաջին ֆիլմերից մեկը նկարահանել է Չառլի Չապլինը՝ որոշ չափով հիմնվելով իր անձնական փորձի վրա: Ինչպես հայտնի է, Չապլինն ԱՄՆ է ներգաղթել Անգլիայից: Գուցե հենց այդ հոգեհարազատության զգացումն է պատճառը, որ մեծ ռեժիսորը «Գաղթականը» դասում է իր ամենասիրելի ֆիլմերի շարքը: Մյուս կողմից՝ բազմաթիվ քննադատներ այս ֆիլմը դիտարկում են որպես Չապլինի հակաամերիկյան դիրքորոշման վառ օրինակ: Իրադարձությունները տեղի են ունենում մարդկության պատմության ընթացքում եղած ամենահոծ հոսքերից մեկի՝ դեպի Նոր Աշխարհ գաղթի ժամանակ: Ընդամենը քսանչորս րոպե տևողությամբ ֆիլմում կան բոլորիս կողմից սիրված չապլինյան բոլոր հնարքները. փոքրիկ Թրամփը (չքաղաքականացնե՛լ) հայտնվում է տարբեր ծիծաղելի իրավիճակներում, գտնում է անսպասելի լուծումներ, և այդ ամենն ուղեկցվում է գեղեցիկ սիրային պատմությամբ: Միևնույն ժամանակ՝ «Գաղթականը» լի է սարկազմով և ցույց է տալիս, թե ինչ դժվարությունների կարող են բախվել Ամերիկյան երազանքի ետևից ժամանած նորեկները:
2. «Մայրիկ» (Mayrig, 1991)
19-րդ դարի վերջից սկսած՝ Օսմանյան կայսրությունում իրականացվում էր հայերի սիստեմատիկ բնաջնջում, ինչից խուսափելու նպատակով միլիոնավոր հայեր ապաստան էին գտնում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, ապա նաև՝ ՀՀ-ում ու Մերձավոր Արևելքի երկներում: Մի քանի տասնյակ տարի չդադարող գաղթը հանգեցրեց հայկական սփյուռքի ձևավորմանը։ Անրի Վերնոյի «Մայրիկը» մի անձնական պատմություն է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին: Նրանք կորցրել են իրենց տունը, այգին, նրանց աչքերի առջև սպանել են իրենց սիրելիներին, ընկերներին, հարևաններին, սակայն հերոսների ապրելու կամքը և ուժը չեն կոտրվել: Ընտանիքը փորձում է ինտեգրվել նոր հասարակությանը՝ չկորցնելով իր ինքնությունը, ավանդույթները: Ֆիլմը նվիրված է ռեժիսորի մորը և այն բոլոր ծնողներին, ովքեր զոհում են իրենց հանուն երեխաների: Նրանք պատրաստ են անդադար աշխատել, գիշերները չքնել, միայն թե ապահովեն իրենց երեխաներին այն ամենով, ինչն անհրաժեշտ է: «Մայրիկը» թախիծով լի, բայց գեղեցիկ ու զգացմունքային պատմություն է, որն անհնար է դիտել առանց արցունքների: Այն մի հեքիաթ է, որտեղ միշտ հաղթում է բարին:
3. «Կրակ ծովի մեջ» (Fire at sea, 2016)
Առաջին վավերագրական ֆիլմը, որն արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի, Ջանֆրանկո Ռոսիի «Կրակ ծովի մեջ» կինոնկարն է։ Այն պատմում է Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից եկած հազարավոր փախստականների մասին, ովքեր հատում են ծովը և ժամանում իտալական Լամպեդուզա կղզի՝ սկսելու իրենց Եվրոպական ոդիսականը: Ռոսին ցույց է տալիս նավերի վրա տիրող անմարդկային պայմանները, մահամերձ գաղթականներին, երբեմն՝ նրանց դիերը՝ վառելիքային արտանետումներից թունավորված կամ պարզապես դժոխային ճանապարհորդությանը չդիմացած: Սարսափազդու տեսարանները համադրված են կղզու բնակիչների խաղաղ կյանքի դրվագների հետ, որոնք փոխանցում են վերջիններիս անտարբերությունն ու ձանձրույթը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 400.000 մարդ հատել է ծովը, սակայն հազարավորները մահացել են: Այս համատեքստում ֆիլմն ունի անհերքելի կարևորություն, քանի որ խոսում է մերօրյա ամենամեծ և դժվար լուծելի խնդիրներից մեկի մասին: Նույն կարծիքին էր նաև Իտալիայի վարչապես Մատեո Ռենզին, ով ֆիլմի 27 օրինակ տարել էր Եվրոպական խորհրդի նիստ և բաժանել Եվրամիության պետությունների ղեկավարներին: «Կրակ ծովի մեջ» ֆիլմը ցուցադրվել է նաև Եվրախորհրդարանում: Շեշտելով ֆիլմի հասարակական և քաղաքական կարևորությունը՝ պետք է անդրադարձ կատարել նաև դրա կառուցվածքային և վիզուալ արժանիքներին: Վավերագրական և խաղարկային ժանրերի սահմանին գտնվող «Կրակ ծովի մեջ» ֆիլմը գեղեցիկ է և ապշեցնում է, ռեալիզմը խորապես ազդում է հանդիսատեսի վրա, իսկ կախարդական ծովը հիպնոսացնում է: Մյուս կողմից՝ ֆիլմը ստիպում է վերանայել գաղթականների հանդեպ մոտեցումը, և եթե թեկուզ մեկ հանդիսական փոփոխություն գտնի իր մեջ այն դիտելուց հետո, ապա հաղթանակը ձեռք է բերված։
4. «Պատին դեմ» (Head-on, 2004)
5. «Հույսից անդին» (The other side of hope, 2017)
«Հույսից անդին» ֆիլմը, ինչպես ռեժիսորի՝ Ակի Կաուրիսմյակիի նախորդ ֆիլմը՝ «Հավրը», ուղղակիորեն վերաբերում է «գաղթականության ճգնաժամին», որը ողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի համար թիվ մեկ խնդիրներից է այսօր: Ֆինն ռեժիսորը պատկերել է սրամիտ սոցիալական դրամա՝ հավատարիմ մնալով սև ու սառը սկանդինավյան հումորին, որը Կաուրիսմյակիի գործերի արժեքավոր առանձնահատկությունն է։ Ֆիլմի հերոսը սիրիացի գաղթական Խալեդն է, ով գալիս է Հելսինկի ՝ հույս ունենալով ստանալ փախստականի կարգավիճակ և գտնել քրոջը՝ իր միակ ողջ մնացած ազգականին, ում կորցրել է սահմանը հատելիս: Երբ Խալեդի դիմումը մերժվում է, նա ապաստան է գտնում մի ռեստորանի տնօրենի տանը, ով վերջերս է լքել կնոջը և գնել այդ ռեստորանը: Կաուրիսմյակին պատկերում է Խալեդի՝ ապրելու անհագ ծարավը՝ անկախ բոլոր դժվարություններից ու դժբախտություններից՝ ցանկանալով ցույց տալ գաղթականների անկոտրում և ուժեղ կամքը: Մյուս կողմից՝ նա ներկայացնում է ձանձրացած եվրոպացուն, ով ասես մեծ էկրան է եկել Էռլենդ Լուի և Սոմերսեթ Մոեմի գրքերից։ «Հույսից անդին» ֆիլմը տարբերվում է գաղթի մասին պատմող մյուս ֆիլմերից. այստեղ հումորը թաքնված է հերոսների անտարբեր դեմքերի ետևում, սակայն, սառնությանը հակառակ, ֆիլմից բխում է աներևակայելի բարություն, որը ջերմացնում է հանդիսատեսի սիրտը: Սա ծայրահեղ իրատեսական ֆիլմ է, որից ճառագում է կոտրված սրտի ժպիտը։
6. «Սև աղջիկը» (Black Girl, 1966)
«Սև աղջիկը» համարվում է անդրսահարյան առաջին լիամետրաժ ֆիլմը: Մինչև կինոարվեստ մուտք գործելը ֆիլմի ռեժիսոր Ուսմանե Սեմբենեն արդեն իսկ ճանաչված գրող և հասարակական գործիչ էր և առաջին ֆիլմն էլ նկարահանեց իր կարճ պատմվածքներից մեկի հիման վրա: Թեև այն պատմում է սենեգալցի աղջկա՝ Դայանայի մասին, ով մեկնում է Ֆրանսիա՝ աշխատելու, այդուհանդերձ, «Սև աղջիկը» չի կարելի համարել ֆիլմ գաղթի մասին. սա ֆիլմ-ըմբոստություն, ֆիլմ-ապստամբություն է՝ ուղղված Եվրոպական գաղութատիրության դեմ։ Սեմբենեն ցանկանում է ցույց տալ, որ Աֆրիկան փոխվել է անկախություն ձեռք բերելուց հետո: Դայանայի նորաձև հագուստը, բարձրակրունկ կոշիկներն ու սանրվածքը վկայում են, որ նա այլևս չի պատրաստվում ենթարկվել կամ ստրուկ լինել:
Ըստ ռեժիսորի՝ աֆրիկացի կինը կնախընտրի մեռնել, քան ծառա լինել, և այն ժամանակները, երբ հնարավոր էր գնել աֆրիկացուն, անդառնալիորեն անցել են (թե՛ Դայանան, թե՛ նրա մայրը հրաժարվում են վերցնել ֆրանսիացու առաջարկած գումարը): Եվրոպացիներն այլևս ցանկալի հյուր չեն Աֆրիկայում։ Ֆրանսիացի զույգը հրաշալի հասկանում է, որ ուժերի հավասարակշռությունը փոխվել է․ առաջին կադրերում, Դակարով զբոսնելիս, կինը լի է ինքնագոհությամբ, մեծամտությամբ, մինչդեռ ֆիլմի վերջում՝ արդեն անկախության ձեռք բերումից հետո, ամուսինը թաքցնում է աչքերը սև ակնոցի ետևում և սարսափահար փախչում է երեխայից, ով դիմակ է կրում: Այդ դիմակը ևս կարևոր խորհրդանիշ է: Այն նվիրել էին ֆրանսիացիներին՝ որպես հավասարության և ընկերության խորհրդանիշ, սակայն շուտով դիմակը վերածվում է ինտերիերի մի տարրի, ինչպիսին Դայանան էր: Իսկ այն տեսարանը, որտեղ տանտիկինը և Դայանան կռվում են դիմակի համար, կարգավիճակի, անկախության և հանուն Սենեգալի մղվող պայքար է հիշեցնում: Բայց երկիրը պատկանում է իր ժողովրդին, և նրանք դուրս են մղելու եվրոպացիներին, ովքեր այդքան երկար ճնշել են իրենց։
7. «Պերսեպոլիս» (Persepolis, 2007)
8․ «Խոստումը» (The promise, 1996)
Բելգիացի Դարդեն եղբայրները հայտնի են իրենց բարոյախրատական ֆիլմերով, որոնք էապես տարբերվում եմ ռոմերյան կինոկտավներից: Եղբայրների ֆիլմերը սոցիալական բարոյականության մասին են, և բնականաբար, նրանք չէին կարող շրջանցել ներգաղթի թեման: Դարդենների առաջին ֆիլմերից մեկը՝ «Խոստումը», ուղղակիորեն անդրադառնում է խնդրին։ Նոբելյան մրցանակակիր Թոնի Մորիսոնի գործերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ռեժիսոր եղբայրները նկարահանում են ֆիլմ տասնհինգամյա տղայի և նրա խոստման մասին, որ նա տվել էր մահացող գաղթականին: Գլխավոր հերոսը՝ Իգորը, ավտոմեքենաներ վերանորոգող վարպետի օգնականն է, օգնում է նաև հորը՝ Ռոջերին: Վերջինս բավականին կոպիտ մարդ է, շահագործում է անօրինական գաղթականներին և նրանց ստիպում անվճար աշխատել:
Երբ նրանցից մեկը ծանր ընկնում է աստիճանի վրայից, մահամերձ վիճակում խնդրում է Իգորին՝ հոգ տանել իր կնոջ և նորածին երեխայի մասին, դեռահասը հայտնվում է բարդագույն երկընտրանքի առջև՝ պահել խոստո՞ւմը, թե՞ ենթարկվել հորը, ով դեմ է որդու՝ աֆրիկացիների ընտանիքին օգնելուն: Ֆիլմում հիանալի պատկերված է, թե ինչպես է խոստումը վերափոխում Իգորին, և երբեմնի անպատասխանատու երեխան, ով հեծանիվներ էր գողանում, ընդամենը մեկ օրվա ընթացքում վերածվում է գիտակից ու հասուն մարդու, համարյա՝ ընտանիքի հոր։ Ինչպես Դարդեն եղբայրների մյուս ֆիլմերը, «Խոստումը» ևս լի է չդադարող շարժումով, միևնույն ժամանակ՝ այն վերաձևավորում է գաղթի և գաղթականության մասին պատկերացումները: Սա մարդասիրական ֆիլմ է, ֆիլմ-կանչ, որը հիշեցնում է, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում իմիգրանտների առջև:
9․ «Ալի. Վախն ուտում է հոգին» (Ali: Fear eats the soul, 1974)
«Ալի. Վախն ուտում է հոգին» ֆիլմը, որը համարվում է կինոյի պատմության մեծագույն գոհարներից մեկը, Ռայներ Վերներ Ֆասբինդերը նկարահանել է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ երկու մեծ ֆիլմերի արանքում: Ֆիլմը պատմում է Էմմիի՝ վաթսունին մոտ մի մաքրուհու և Ալիի՝ Մարոկկոյից ժամանած մի աշխատավորի սիրո մասին: Ամուսնությունից հետո հերոսները սկսում են ամեն քայլափոխի բախվել ռասայական խտրականության դրսևորումներին և հասարակության արհամարհանքին: Սակայն շուտով դրությունն էականորեն փոխվում է, բայց դրա պատճառը բնավ էլ գաղթականների նկատմամբ մոտեցման փոփոխությունը չէ: Ֆասբինդերը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է գերմանական հասարակությունը պատրաստ դեմ գնալ իր գաղափարախոսությանը, եթե կա դրա կարիքը: Նա ցանկանում է, որ տողերի, կադրերի արանքում մենք կարդանք՝ նացիստական իշխանությունները հեռացել են, բայց նացիզմը գերմանացիների մեջ է:
Ինչպես հայտնի է, Ֆասբինդերը դասական Հոլիվուդի մեծագույն երկրպագու է, և «Ալի. Վախն ուտում է հոգին» ֆիլմը ոգեշնչված է Դուգլաս Սիրկի «Այն, ինչ թույլ կտա երկինքը» (1955թ) ֆիլմից և պարունակում է մի քանի ուղղակի հղումներ այդ ստեղծագործությանը։ Թեև պատմությունները երկու ֆիլմերում նման են, սակայն Ֆասբինդերի հանդիսատեսը չի կարողանում ֆիլմում հայտնաբերել այն սերն ու կիրքը, որոնք վառվում են դասական տարբերակում: Հերոսների սառնությունը ստիպում է հարցնել՝ արդյոք սա իրակա՞ն սեր է, թե՞ Ալին պարզապես հարմարավետ տեղ է գտել ապրելու համար, իսկ Էմմին՝ նոր խաղալիք, որը կօգնի փախչել միայնությունից ու վախից, ինչպես նաև ետ կբերի անցյալը. չէ՞ որ տեսարաններից մեկում վերջինս պատմում է, որ իր հանգուցյալ ամուսինը լեհ էր և ամուսնացել էր Հիտլերի մոլի հետևորդ հոր կամքին հակառակ: Էմմին անգամ սկսում է Ալիին հագցնել իր ամուսնու հին հագուստը։ Անկախ այս բոլոր հարցերից, որոնց պատասխանը հանդիսատեսը երբևէ չի ստանալու, «Ալի. Վախն ուտում է հոգին» ֆիլմը մի ստեղծագործություն է ռասիզմի և անհանդուրժողականության մասին, խնդիրներ, որոնք այդչափ կարևոր են այսօր:
10․ «Բարի գալուստ» (Welcome, 2009)
Թե՛ համաշխարհային մշակույթի, թե՛ գրականության էջերում կարելի է հանդիպել Հերոյի և Լեանդրի լեգենդի զանազան տարբերակների, մինչդեռ ֆրանսիացի ռեժիսոր Ֆիլիպ Լիորեն պատմությունը տեղափոխում է մեր օրեր և ներկայացնում գաղթականության խնդիրների համատեքստում: Լեգենդի հունական տարբերակում հերոսը՝ Լեանդրը, կտրելով Հելեսպոնտը (այժմյան Դարդանելը), Սեստոսից լողում է Աբիստոս, որտեղ ապրում է իր սիրեցյալ Հերոն: Իսկ «Բարի գալուստում» մենք հանդիպում ենք Բիլալին՝ 17-ամյա իրաքցի գաղթականին, ով ցանկանում է Քալաիսից լողալ Բրիտանիա՝ կտրելով Լա Մանշը, որպեսզի թույլ չտա, որ ամուսնացնեն իր սիրելիին: Բայց կա մի խնդիր. Բիլալը լողալ չգիտի: Շուտով նա ծանոթանում է Սիմոնի հետ, ով մասնագիտությամբ լողի մարզիչ է, վերջինս էլ համաձայնում է երիտասարդին սովորեցնել լողալ: Հակասական վերնագրով այս ֆիլմը մի ողբերգական պատմություն է եվրոպական անտարբերության և անհանդուրժողականության մասին: Ոչ ոք գաղթականներին «բարի գալուստ» չի մաղթում, իսկ երբեմն նույնիսկ կոպիտ եղանակային պայմաններն ու սառը ծովն են վերջիններիս դեմ: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են օգնել գաղթականներին, իրենք են ունենում անախորժություններ ու դժվարություններ:
Մյուս կողմից՝ սա քաղաքական ֆիլմ է, որը քննադատում է գաղթականների դեմ ուղղված եվրոպական քաղաքականությունը: Գաղթականների ճանապարհորդությունները պատկերող տեսարանները կարծես վավերագրական լինեն, և հանդիսատեսը ցավով գիտակցում է, որ այս անմարդկային պայմաններին բախվում են բոլոր այն գաղթականները, ովքեր ընդամենը ցանկանում են ողջ մնալ: Ֆիլմում ռեժիսորը նաև համեմատում է եվրոպացիներին ու գաղթականներին՝ ցույց տալով Բիլալի քաջությունը, ով պատրաստ է կտրել նեղուցը՝ հասնելու իր սիրելիին, իսկ Սիմոնը չի համարձակվում անգամ անցնել փողոցը, որպեսզի ետ բերի իր նախկին կնոջը։ Լիոնեի՝ սիրտ կոտրող ֆիլմը կարծես անտարբերության ու արհամարհանքի մեղադրանք լինի, իսկ մյուս կողմից՝ այն մի կանչ է։ Կանչ, որը հանդիսատեսին ստիպում է մտածել սեփական գործողությունների մասին, փոխել վերաբերմունքը և, ի վերջո, ստանձնել պատասխանատվություն։
11. «Հավերժությունը և մեկ օրը» (Eternity and a day, 1998)
Կաննի գլխավոր մրցանակակիր «Հավերժությունը և մեկ օրը» ֆիլմը մի ճանաչված գրողի պատմությունն է, ով անբուժելի հիվանդություն ունի: Հիվանդանոց տեղափոխվելուց մեկ օր առաջ Ալեքսանդրը ծանոթանում է փոքրիկ ալբանացի գաղթական տղայի հետ և նրան փրկում է ոստիկանությունից: Երկու միայնակ հերոսները սկսում են ճանապարհորդել երկրով մեկ՝ ավարտելու բոլոր կիսատ թողնված գործերը, ինչպես նաև տղային հայրենիք ուղարկելու նպատակով: Ալեքսանդրի մելամաղձոտ հիշողությունները համադրվում են ճանապարհորդության հետ, որի միջոցով ռեժիսորը հանդիսատեսին փորձում է ծանոթացնել հունական մշակույթին ու պոեզիային: «Հավերժությունը և մեկ օրը» ֆիլմը ժամանակի, ապագայից ու անցյալից ունեցած վախի մասին է, անհանգստության մասին, որ ժամանակը կարող ես ծախսել անիմաստ ու անպատասխանատու:
Թեոդորոս Անգելոպուլոսն օգտագործում է գաղթականության թեման՝ արտացոլելու միայնության և վտարանդիության զգացումները: «Ինչո՞ւ ենք մենք քայքայվում լռության մեջ՝ երկու մասի կիսվելով ցավի ու ցանկության միջև: Ինչո՞ւ եմ ես ապրել իմ կյանքը վտարանդիության մեջ: Ասա՛, մայրի՛կ, ինչո՞ւ չենք կարողանում սովորել սիրել»,- հարցնում է Ալեքսանդրը: Վերջինս շատ նման է փոքրիկ գաղթականին, ով միայնակ է ու շփոթված, իր ողջ կյանքն ապրել է վտարանդիության մեջ՝ ընտանիքից ու կնոջից հեռու: Սա կարող է ունենալ բազմազան պատճառներ՝ նրա մասնագիտությունը, գրական գործունեությունը, եսակենտրոնությունը, իսկ հիմա նա վերածվել է իր իսկ կյանքի գաղթականի՝ ափսոսանքով ու հիասթափությամբ լի։ Անգելոպուլոսը նկարահանել է ծայրահեղ գեղեցիկ ֆիլմ՝ երկարատև ու ոգեշնչող տեսարաններով, որոնք զուգակցվում են Միկիս Թեոդորակիսի և Էլենի Կարաինդրուի զգացմունքային երաժշտությամբ՝ կախարդելով միջավայրը, որը տխրություն և ցավ է փոխանցում, և որն անհնար է մոռանալ:
12. «Ամերիկա, Ամերիկա» (America, America, 1963)
Մեկ այլ ֆիլմ, որը պատմում է դեպի Նոր Աշխարհ կատարված հերթական էպիկական ճանապարհորդության մասին՝ Էլիա Կազանի կողմից նկարահանված: Պատմությունը հիմնված է ռեժիսորի վեպի վրա, որն էլ իր հերթին ոգեշնչված է Կազանի հորեղբոր՝ Աբրահամ Իլիաս Կազանջօղլուի՝ արկածներով լի ճանապարհորդությունից դեպի Ամերիկա: Աբրահամը Կազանջօղլուների ընտանիքի առաջին ներկայացուցիչն էր, ով ժամանեց Ամերիկա՝ հետագայում իր մոտ տեղափոխելով ընտանիքի մյուս անդամներին՝ բացառությամբ հոր, ով նախընտրեց մահկանացուն կնքել հայրենի հողում: Կազանն այս ֆիլմը նկարահանեց՝ հարգանքի տուրք մատուցելու իր հորեղբորը, ում քայլը փոխել էր Կազանջօղլուների ընտանիքի ապագան:
«Ամերիկա, Ամերիկան» ոչ թե հենց դեպի Ամերիկա կատարած ոդիսականի մասին է, այլ Նոր Աշխարհ հասնելու ցանկության մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը Ստավրոս Թոփուզօղլուն է, ում ուղարկում են Ստամբուլ՝ աշխատելու և ներդրում կատարելու իր զարմիկի ձեռնարկությունում: Մինչդեռ ճանապարհին երիտասարդն ընկնում է մի շարք անախորժությունների մեջ, այդ թվում՝ կորցնում է իրեն վստահված գումարը: Չնայած բոլոր արկածներին, դժվարություններին ու առաջարկներին, որոնք բարեկեցիկ ապագա էին ապահովելու Ստավրոսի համար, վերջինիս միակ երազանքն էր՝ հասնել Ամերիկա: Պետք է նշել, որ ֆիլմն ունի նաև պատմական շերտ. մասնավորապես՝ այն նկարագրում է Օսմանյան կայսրության քրիստոնեական փոքրամասնությունների (հայերի և հույների) դեմ կազմակերպված ճնշումներն ու ջարդերը: Մյուս կողմից՝ Կազանը ներկայացնում է կայսրության ներսում ապրող տարբեր ազգությունների մշակույթը և ընդգծում Արևելքին բնորոշ հակասական տարրերն ու արժեքները՝ դավաճանությունը և սեփական կյանքը զոհելու գնով դիմացինին օգնելու պատրաստակամությունը, աներևակայելի հարստությունն ու ծայրահեղ աղքատությունը, բնության գեղեցկությունը և դաժանությունը:
13. «Դիփան» (Dheepan, 2015)
Համարյա թե անհնար է խոսել ժամանակակից ֆրանսիական կինոյի մասին և չհիշատակել Ժակ Օդիարին, ում հաճախ համեմատում են Մարսել Կառնեի և Ժան-Պիեռ Մելվիլի հետ: Նրա սոցիալական դրամաները կրում են հոլիվուդյան նուարի անժխտելի ազդեցությունը և պարուրված են ռեալիզմով: Ռեժիսորը միշտ ասում է, որ ինքը նկարում է այն, ինչ կատարվում է դռնից դուրս՝ փողոցներում, և, հավանաբար, հենց սա է պատճառը, որ երբեմն Օդիարի ֆիլմերը նմանվում են հեռարձակվող լուրերից վերցված հատվածների: Այս դիտարկումը լիովին համապատասխանում է ռեժիսորի վերջին ֆիլմի բնույթին՝ 2015թ-ին Կաննում գլխավոր մրցանակ ստացած «Դիփանին»: Իսկ այն փաստը, որ ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Անտոնիտասան Ջեսուտասանը վերապրել է նույնատիպ իրադարձություններ, որոնք նկարագրվում են, է՛լ ավելի է նպաստում ֆիլմի ճշմարտացի դառնալուն:
Ֆիլմի գլխավոր հերոսը «Թամիլի վագրերի» նախկին զինվոր Սիվադհասանն է, ով յուրացնում է մի մահացած մարդու՝ Դիփանի ինքնությունը, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա Ֆրանսիայում: Մի կին՝ Յալինին և մի 9-ամյա աղջնակ՝ Իլայալը, միանում են «ընտանիքին»՝ ավելի հավաստի դարձնելու համար հորինվածքը և ունենալով միայն մեկ գլխավոր նպատակ՝ փրկվել: Չնայած Շրի Լանկայից եկած երեք փախստականները փախչում են բռնությունից, բայց շատ շուտով հերոսները հայտնվում են նմանատիպ պայմաններում: «Դիփանը» միայն գաղթականության մասին չէ. այդ թեման կազմում է ֆիլմի բազմազան շերտերից լոկ մեկը: Ֆիլմը գաղթականների թեմատիկան միաձուլում է հանցագործ տարրերի հետ, խոսում է ճակատագրի անխուսափելիության մասին: Անկասկած է, որ Դիփանը շատերին է սպանել ու գործել է շատ այլ հանցանքներ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հնարավոր է մի կողմ նետել անցյալն ու նոր կյանք սկսել: Մյուս կողմից՝ ֆիլմը պատմում է ընտանեկան հարաբերությունների դժվարությունների մասին, անգամ եթե այդ ընտանիքն իրական չէ և պատասխանատվության զգացողությունը թույլ է: Եվ, ի վերջո, «Դիփանը» ֆիլմ է սովորական մարդկանց մասին, ովքեր ունեն սիրո կարիք։
14. «Գնա և ապրիր» (Live and Become, 2005)
15. «Կարոտախտ» (Nostalghia, 1983)
Ցուցակում ընդգրկված գրեթե բոլոր ֆիլմերի հիմքում կա՛մ ռեժիսորի, կա՛մ նրա ընտանիքի փորձն է, և ֆիլմի ստեղծումը նրանց համար ծառայել է որպես միջոց՝ ազատվելու հիշողություններից, ցավից և կարոտից, որ առաջացել են հայրենիքի հետ կապի խզման հետևանքով: Դրությունն այլ է Անդրեյ Տարկովսկու ֆիլմի դեպքում․ «Կարոտախտը» դարձել է մարգարեական ֆիլմ ռեժիսորի համար: «Կարո՞ղ էի, արդյոք, «Կարոտախտը» նկարահանելիս երևակայել, թե կարոտի խեղդող զգացումը, որ պարուրում է էկրանային ողջ տարածքը, ուղեկցելու է ինձ ողջ կյանքիս ընթացքում… որ մինչև վերջին օրս կրելու եմ այդ անբուժելի հիվանդությունը»,- գրել է Տարկովսկին։ Խնդիրն այն է, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել էին Իտալիայում, և դրանց ավարտից հետո ռեժիսորը դիմել էր խորհրդային իշխանություններին՝ թույլտվություն խնդրելով իր, կնոջ և որդու համար՝ երեք տարի ապրել Իտալիայում: Մերժում ստանալուց հետո Տարկովսկին որոշում է չվերադառնալ:
Անդրադառնալով ֆիլմին՝ պետք է նշել, որ գրեթե անհնար է վերլուծել ֆիլմի բոլոր շերտերը մեկ փոքրիկ հոդվածի շրջանակներում: Այդ իսկ պատճառով ուշադրություն կդարձնենք միայն գլխավոր հերոսի և հայրենիքի հարաբերություններին: Ֆիլմը բաղկացած է Իտալիան և Ռուսաստանը պատկերող տեսարանների համադրությունից՝ մի կողմից ներկայացնելով ռուսական գյուղը, ֆոլկլորը, իսկ մյուս կողմից՝ իտալական ռելիեֆը, եկեղեցիները, ճարտարապետությունը: Ֆիլմի վերջին տեսարանը այդ փաստարկի ակնառու ապացույցն է՝ իտալական տաճարի կամարից այն կողմ հանդիսատեսը նշմարում է Տարկովսկու գյուղը Ռուսաստանում։ Գլխավոր հերոսը Անդրեյ Գորչակովն է, որ եկել է Իտալիա՝ ավարտելու 18-րդ դարի ռուս կոմպոզիտոր Պավել Սոսնովսկու մասին ուսումնասիրությունը: Ողջ ֆիլմը լցված է տխրությամբ և միայնության զգացումով, որով պարուրված է Գորչակովը: Աշխատելու փոխարեն՝ հերոսը զբոսնում է քաղաքամերձ տեղանքում, այցելում լքված տաճարներ, ընկերանում խելագարի համբավ ունեցող մեկի հետ, բայց չի դադարում կարոտել իր գյուղը, ընտանիքն ու երկիրը:
Երկու երկրների, տարբեր իրականությունների միջև երկատվող մարդու կոնֆլիկտը հերոսը փորձում է լուծել «Նոր Բաբելոն» ստեղծելու գաղափարախոսությամբ: Գորչակովը պնդում է, որ երկրների միջև գոյություն ունեցող սահմանները պետք է վերանան, որպեսզի մարդիկ կարողանան միասին ապրել, ունենան մեկ ընդհանուր լեզու: Այդ դեպքում այլևս չի լինի չհասկացվածություն… Հերոսի գաղափարը շատերին կփրկեր ցավից, կարոտից և գաղթելու անհրաժեշտությունից: Սակայն, ցավոք, սա գրեթե անհնար է իրականացնել, և միակ բանը, որ կարող ենք անել, հանդուրժող լինելն է այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը:
Սոնա Կարապողոսյան
COMMENTS