հատված Վիմ Վենդերսի «Ապագայի պատկերը․ Թվային դարաշրջանի արշալույսին» աշխատությունից (2000թ)
Մենք բոլորս գիտենք, թե ինչ անենք կինոյի հետ և կինոյում։ Սիրում ենք այդ աշխատանքը։ Մենք ձգտում ենք այնտեղ ներդնել ամեն ինչ։ Մենք բոլորս գիտենք կինոժապավենի պատմությունը, եթե ոչ ինչ-որ մի տեղից, ապա, առնվազն, կինոյում տեսնելով։ Եվ մեզնից շատերը կարոտախտով կապված են ցելուլոիդային ժապավենի հետ, չենք ցանկանում, որ դրա ժամանակն ավարտվի։ Իսկ կինոժապավենի ժամանակն ավարտվել է և փոխարինելու են եկել թվային տեխնոլոգիաները։ Այն տեխնոլոգիան, որը կյանքի այլ ասպարեզներում որոշ ժամանակ առաջ արդեն դուրս է մղել հին տեխնոլոգիաները, օրինակ՝ թերթերում և նկարազարդ ամսագրերում։ Ռեժիսորական աշխատանքում և կինոարտադրությունում ևս անխուսափելի են փոփոխությունները։ Թե դա երբ և ինչպես տեղի կունենա՝ կարևոր չէ։ Կարևորն այլ է․ այդ փոփոխությունները կդիպչեն միայն արհեստի՞ն, թե՞ կփոխեն նաև ստեղծագործական երևակայությունը։

Գուցե կինոյի տեխնոլոգիան, այսինքն՝ կինոն, որպես տեխնիկական միջոց, մեր աչքերում ավելի կարևո՞ր է իրեն վստահված ուղերձից։ Այլ կերպ ասած՝ մենք սիրահարված ենք ցելուլոիդային ժապավենի՞ն, թե՞ այն փաստին, թե ինչ նպատակով ենք այն օգտագործում, ինչ ենք դրանից ստանում։ Հավանաբար, չարժե՞ ուրախանալ, որ այն, ինչի մասին մենք մինչ օրս պատմել ենք ցելուլոիդային ժապավենի վրա, ինֆորմացիայի թվային կրիչների շնորհիվ վստահաբար պահպանված է։ Մեր՝ կինեմատոգրաֆիստներիս գործն է՝ որոշել, թե ինչ ենք ցանկանում անել նոր տեխնոլոգիայի հետ։ «Թվային» բառն արդեն իսկ մոլորության մեջ է գցում։ Շատերն այն նույնացնում են հրաշքի հետ և սպասում են այդ հրաշքին։ Մինչդեռ այն ընդունակ չէ հրաշքի։ Ընդունակ է լոկ այն ամենին, ինչ մենք պատրաստվում ենք անել իր օգնությամբ։ Ինչ վերաբերում է պատկերին, ապա թվային տեխնոլոգիան մինչ օրս եղել է հնարքների հարազատ քույրը։ Այն հանդիսանում է միստիֆիկացիայի հոմանիշը։ Այն օգտագործվում էր միայն գովազդային ֆիլմերում և հատուկ էֆեկտների բնագավառում։ Ասես այն լոկ մանիպուլյացիայի միջոց է։ Բացի այդ՝ ոչ մի տարբերություն չկար պատճենի և բնօրինակի միջև։ Բայց սատանան թաքնվում է ամենևին էլ ոչ տեխնիկայում, այլ այնտեղ, ուր իրեն օգտագործում են։ Կինոարվեստում բուն միջոցի արժեքավորությունը միշտ որոշվում է այն հանգամանքով, թե ինչ պատմություն ենք մենք ցանկանում պատմել իր օգնությամբ, և որքանով է հաջողվում դա վերածել պատկերի։ Նոր տեխնոլոգիան լոկ այն դեպքում է տանում առաջ, երբ բարձրացնում է միջոցի գործունակությունը, հարստացնում է դրա բառապաշարը, ընդլայնում է դրա ուղղագրությունը։ Մինչդեռ թվային տեխնիկան ընդունակ է հենց դրան։ Ընդունակ է պատմելու այնպիսի պատմություններ, որոնք մենք դեռևս չենք էլ հորինել։ Պատմություններ, որոնց մասին մենք միայն գուշակում ենք՝ դիտելով տեսահոլովակներ։ Սակայն արդեն տարբերակվում են ապագա ստեղծագործողները, թեպետ նրանք դեռևս երիտասարդ են, և նրանց հետաքրքրում են միայն համակարգչային խաղերը․․․
Հիշո՞ւմ եք CD-ի ծնունդը 80-ականների սկզբին։ Բոլորը միայն ապշում էին ձայնի նոր հնչողությունից։ Դա ապագան էր, ձայնի նոր կրիչը, «գալիքի երաժշտությունը»։ Իսկ բակելիտային ձայնասկավառակը շուտով անհետացավ շուկայից։ Բայց պետք չէր ունենալ առանձնահատուկ սուր լսողություն՝ հասկանալու համար, որ 33 շրջապտույտով ձայնասկավառակի վրա ձայնագրված երաժշտությունը առավել կենդանի հնչողությամբ էր, պարգևում էր առավել մեծ տպավորություններ ու ապրումներ, իսկ թվային երաժշտությունն առավել «հարթ» էր, սառը, չուներ ո՛չ սիրտ, ո՛չ հոգի։ Թվային կրիչների վրա ձայնագրված երաժշտությանը անհրաժեշտ եղավ ոչ պակաս, քան տասը տարի, որպեսզի հասնի հին տեխնոլոգիայով ձայնագրված երաժշտության մակարդակին և նույնիսկ գերազանցի այն։ Նույնը կկատարվի նաև թվային պատկերի հետ։ Այն կհասնի նույն մակարդակին, և այդ ժամանակ արդեն կարոտախտը չի հանդիսանա ներելի մեղք։ Որովհետև ժամանակն անհնար է կանգնեցնել։
Թեպետ, դատելով բոլոր նշաններից, թվային տեխնոլոգիան մի հզոր քայլ է դեպի առաջ, բայց զգուշությունը չի խանգարի․ զարգացման ընթացքում մենք ամեն մի մեծ քայլը կատարելիս անում ենք նաև մի քանի փոքր քայլեր դեպի ետ։ Վերհիշեք, թե որքան անօգնական, միապաղաղ, անարտահայտիչ էին այն ֆիլմերը, որոնք նկարահանվում էին հնչյունային կինոյի հայտնագործումից անմիջապես հետո։ Դրանք անհնար էր դիտել, դրանցից ամեն մեկն ասես իսկական ծաղր լիներ Աբել Գանսի տաղանդի հանդեպ։ Այո, իհարկե, կար ձայնը, բայց ո՞ւր էին կորել ռիթմը, պոեզիան, համր կինոյի նրբագեղությունը։ Այսօր ևս կան այնքան ֆիլմեր, որոնք թեպետ հպարտորեն ցուցադրում են թվային մոգության նորագույն ձեռքբերումները, սակայն կաղում են երկու ոտքով։ Եվ մեզ վրա չեն ազդում։ Մենք դրանց մասին անմիջապես մոռանում ենք։ Այսօր կատարվում է նույնը, ինչը կատարվել է սկզբում՝ CD-ի հետ։ Բայց անհանգստանալու պատճառ չկա, պետք է միայն սպասել։ Համբերությամբ ու վստահությամբ, գիտակցելով, որ կինոն մեկ ոտքով արդեն քայլ է արել դեպի առաջ և հիմա բարձրացնում է երկրորդ ոտքը։

Le Monde, 2000թ