անդրադարձ կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերին. մաս առաջին
Ընդամենը մի քանի օր անց՝ սեպտեմբերի 15-ին, արդեն չորրորդ անգամ կմեկնարկի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս տարի ծրագրում ընդգրկված է ընդհանուր առմամբ 21 ֆիլմ՝ 14 երկրից: Փառատոնի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են ազգագրական և մարդաբանական վավերագրությունները, սակայն այս տարվա ծրագրում, կարելի է ասել, ներկայացված են վավերագրական կինոյի գրեթե բոլոր ժանրերը:
1. Ազգագրական վավերագրություն
«Հանդիպում»
Ռեժ.՝ Ռեզա ՄաջլեսիԻրան, 2017, 30ր
Իհարկե, ծրագրում պարտադիր պետք է լինի ազգագրական ֆիլմ: Այդպիսին է ռեժիսոր Ռեզա Մաջլեսիի «Հանդիպումը», որը մեծ նրբությամբ ու օպերատորական գեղեցիկ լուծումներով ներկայացնում է իրանցի մի ծեր գյուղացի կնոջ առօրյան, մտքերն ու հոգսերը: Ֆիլմում կենտրոնական տեղ են գրավում նաև կնոջ նախապատրաստությունները սուրբ ամիս ռամադանին և դրա հետ կապված ավանդույթները:
2. Խրոնիկալ-հրապարակախոսական ֆիլմ
«Արևոտ գիշեր»
Ռեժ.՝ Սոսո Դումբաձե, Լեա ՀարթլաուբՎրաստան / Գերմանիա, 2017, 85ր
Վրաց-գերմանական այս համարտադրության մեջ ահռելի քանակի ու ամենատարբեր տեսակի (հեռուստատեսային, ինտերնետային, անձնական) կինոնյութի միջոցով ներկայացված է Վրաստանի վերջին 30 տարվա պատմությունը՝ 1989թ-ի ապրիլի 9-ի ողբերգական դեպքերից, երբ խորհրդային բանակի գործողությունների արդյունքում Թբիլիսիի փողոցներում զոհվեց 21 ցուցարար, մինչև Գամսախուրդիայի ու նրա հակառակորդների քաղաքացիական պատերազմը, Սահակաշվիլիի Վարդերի հեղափոխությունը, 2008-ի պատերազմը Ռուսաստանի հետ և եկեղեցականների կողմից ուղղորդվող՝ 2013-ի հակա-ԼԳԲՏ բողոքի ակցիաները: Ֆիլմը ոչ միայն չափազանց հետաքրքիր և բացառիկ կադրերի հավաքածու է, այլև ուշագրավ տեսանկյունից ուսումնասիրում է պետության ու եկեղեցու փոխհարաբերությունները՝ միշտ վերադառնալով վրաց պատրիարք Իլյա Բ-ին, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է վերոհիշյալ բոլոր իրադարձություններում։
3. Կենսագրական ֆիլմ
«Ժան Ռուշ. արկածախնդիր ռեժիսորը»
Ռեժ.՝ Լորան ՎեդրինՖրանսիա, 2017, 53ր
Անցյալ տարի «Ծիրանի ծառը» բացվեց համաշխարհային կինոյի մեծագույն վարպետ, «սինեմա վերիտեի» (իրական կինո) և ազգագրական կինոյի հայր Ժան Ռուշի «Մեկ ամռան խրոնիկա» գլուխգործոցով: Այս տարի ծրագրում ընդգրկված է ֆրանսիացի ռեժիսոր (և մեղվապահ) Լորան Վեդրինի պոետիկ վավերագրությունը նրա մասին: Ֆիլմը, մասնավորապես, կենտրոնանում է վարպետի կինոգործունեության առաջին տասնամյակների՝ 1940-50-ականների վրա, երբ երիտասարդ ինժեներ Ռուշը, Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի շրջանում հայտնվելով Աֆրիկայում, սիրահարվում է այս մայրցամաքին, սկսում է իր և աշխարհի համար բացահայտել աֆրիկյան բազմազան մշակույթը, գաղութատիրության սպիները և բնակչության խառնվածքն ու առօրյան: Ֆիլմում կան նաև բացառիկ կեսհումորային խրոնիկալ կադրեր, թե ինչպիսի խենթությունների էր դիմում Ռուշը՝ ընկերների հետ իր երազած ֆիլմը նկարահանելու համար:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսոր Լորան Վեդրինը սիրով կպատասխանի հանդիսատեսի հարցերին:
4. Խաղարկային/ էքսպերիմենտալ վավերագրություն
«Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից»
Ռեժ.՝ Ալինա Կոտովա, Վլադլենա ՍանդուՌուսաստան, 2017, 31ր
Վլադլենա Սանդուն դեռևս 2016թ-ին արժանացել է «Ծիրանի ծառ» կինոփառատոնի Գլխավոր մրցանակին՝ «Սուրբ Աստված» կարճամետրաժի համար: «Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից» ֆիլմը՝ նրա համառեժիսորական աշխատանքը Ալինա Կոտովայի հետ, 8 բեմադրված կադրերի միջոցով ներկայացնում է իրական անձի՝ Անաստասիա Սոկոլովայի առջև ծառացած դժվարությունները աշխատանքի տեղավորվելու բարդ նպատակին հասնելու ճանապարհին: Ռուսաստանը գերորակյալ շրջանավարտների ավելցուկ ունի: Նաստյա Սոկոլովան նրանցից մեկն է: Նրա, այսպես կոչված, կարիերան իրեն առատ ու անսպասելի աշխատանքային փորձ է պարգևել՝ բանկի գրասեղանային ստրուկից մինչև անօրինական հասարակաց տան հաշվապահ: Ֆիլմի ութ դրվագները պատկերում են զանազան աշխատավայրերը, գործընկերներին ու իրավիճակները: Եվ այդ ամենը՝ չոր ու ցամաք արտակադրային խոսքի ներքո:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի ինքը՝ Նաստյա Սոկոլովան:
5. Պոետիկ վավերագրություն
«Ժայռը»
Ռեժ.՝ Համիդ ՋաֆարիԻրան, 2015, 24ր
Ոտքից գլուխ սև հագած կինը հսկա ժայռից բեկորներ է կոտրում՝ օգտագործելով միայն մետաղյա ձողն ու մերկ ձեռքերը: Սիզիփոսի պես՝ նա ասես դատապարտված է հավերժ կատարել միևնույն գործողությունը նորից ու նորից: Նրա տունը հեռու չէ՝ ժայռից անջատված բեկորներից կառուցված խրճիթը: Նրա յուրաքանչյուր օրը բաժանված է ամուսնուն խնամելու և քար կոտրելու վրա ծախսվող երկար ժամերի միջև: Հարավային Իրանի քարքարոտ, լուսնային լանդշաֆտն ու ավանդական կենսակերպը գրեթե բիբլիական մթնոլորտ են հաղորդում այս խաղաղ ու համբերատար պատկերային պոեմին: