Հարցազրույց գերմանացի անվանի կինոօպերատոր, կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ ու մանկավարժ Ֆրեդ Քելեմենի հետ։
Նրանք, ովքեր ծանոթ են Քելեմենի օպերատորական ու ռեժիսորական աշխատանքներին, չեն կարող չհամաձայնել, որ նրա նկարահանած կադրերից յուրաքանչյուրն ասես գեղանկարչական կտավ լինի, իսկ նրա ֆիլմերին բնորոշ դանդաղ, խոհափիլիսոփայական ռիթմն ավելի խոր, տպավորիչ ու բանաստեղծական է դարձնում այդ կադր-կտավները։ Սա, իհարկե, լոկ պրոֆեսիոնալիզմի արդյունք չէ, այլ նաև աշխարհայացքի, հարուստ ներաշխարհի և կերպարվեստը, երաժշտությունը, փիլիսոփայությունը, կրոնագիտությունն ու այլ ոլորտներն ընդգրկող բազմակողմանի կրթության։ Քելեմենի ֆիլմագրությունը ներառում է 6 ռեժիսորական և շուրջ 1,5 տասնյակ օպերատորական աշխատանքներ, նա մրցանակների է արժանացել բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում, հանդիսանում է Եվրոպական կինոակադեմիայի, Գերմանական կինոակադեմիայի, ԱՄՆ-ի կինոարվեստի և գիտության ակադեմիայի, Եվրոպական մշակութային խորհրդարանի անդամ։ Քելեմենի՝ Հայաստանում գտնվելու օրերին առիթ ունեցանք հարցազրույց անցկացնելու նրա հետ և անդրադառնալու ամենատարբեր թեմաների։
- Դուք ռեժիսորական և օպերատորական գործունեությունն սկսել եք միաժամանակ՝ այդ երկու մասնագիտություններն ի սկզբանե միավորելով մեկ ամբողջության մեջ։ Հետագայում դժվար չի՞ եղել այդ ամբողջությունը «երկատելը» և ուրիշ ռեժիսորների հետ որպես օպերատոր աշխատելը։
- Իրականում դժվար չէ։ Երբ իմ սեփական ֆիլմերն եմ նկարահանում, ռեժիսորի և օպերատորի գործառույթները դիտարկում եմ որպես մեկ միավոր, և, ի՛նչ խոսք, այս երկուսը չեն կարող միմյանցից անջատ գոյություն ունենալ։ Պատկերը, միզանսցենը, բովանդակությունը պիտի ներդաշնակ հարաբերվեն և ծառայեն նույն նպատակին։ Իմ հեղինակային ֆիլմերը նկարահանելիս ռեժիսորին ու օպերատորին միավորում ու ամբողջացնում եմ իմ գլխում, իսկ այլ ռեժիսորի հետ աշխատելու պարագայում միասին ենք փորձում մեր գլխում ծնունդ առած երկու պատկերը դարձնել մեկ ֆիլմ, ինչն իրականանում է հաղորդակցության ու փոխըմբռնման միջոցով։ Միզանսցենի, դերասանների, կերպարների և այլնի վերաբերյալ ռեժիսորի պատկերացումներն ու իմ պատկերացումները չեն կարող տարանջատված ու միմյանց անհամահունչ լինել։ Ընդհակառակը։ Լոկ այն դեպքում կարող է ստեղծվել ներդաշնակ ու հաջողված ֆիլմ, եթե ռեժիսորն ու օպերատորը կարողացել են մեկ ամբողջություն դառնալ այդ ֆիլմի գաղափարի, պատկերի, տեսլականի շուրջ։ Ավելին՝ ոչ միայն ռեժիսորն ու օպերատորը, այլև աշխատանքներում ընդգրկված յուրաքանչյուրը։ Երբ մեկ գլխում ծնված գաղափարին հաղորդակից է լինում ուրիշը, հնարավորություն է առաջանում նույնիսկ ավելի լավ արդյունքի հասնելու, քան եթե մենակ լինեիր։ Այդ իսկ պատճառով ինձ համար՝ որպես օպերատորի, դժվար չէ ռեժիսորների հետ աշխատելը․ես չեմ խառնվում իրենց գործառույթներին, այդ սահմանը չեմ անցնում, պարզապես կատարում եմ իմ աշխատանքը՝ այն առավելագույնը, որ կարող եմ ներդնել տվյալ նախագծում։ Իհարկե, ֆիլմ ստեղծելիս ամենադժվարը սկզբնական փուլն է, երբ պիտի հասկանաս ու պատկերացնես, թե ինչպես և ինչից է ծնվելու դեռևս սաղմնային վիճակում գտնվող այդ ֆիլմը։ Իսկ երբ հաղորդակցվում ես ռեժիսորի հետ, երբ մտապատկերն ու տեսլականն ուրվագծվում են ու հստակեցվում, մնում է ամենակարևորը, որ թե՛ ես, թե՛ ռեժիսորը մինչև վերջ հավատարիմ մնանք այդ տեսլականին։
- Ռեժիսորների առաջարկներն ընդունելիս կամ մերժելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում․ հեղինակային կինոյի պարագայում, թերևս, չի կարող դեր չխաղալ «ճիշտ» ռեժիսորի ընտրությունը, այսինքն՝ Ձեզ գաղափարապես հոգեհարազատ ռեժիսորի։
- Իհարկե, դա անվիճելի է։ Դա նման է պարի կանոններին։ Երբ ինչ-որ մեկի հետ պարում ես, պարընկերդ պետք է համապատասխանի քեզ։ Ամեն մեկի հետ չես կարող պարել։ Երկուսի միջև պետք է լինի փոխհամաձայնություն, փոխըմբռնում, ի վերջո՝ փոխադարձ համակրանք, այլապես ներդաշնակությունը կվերածվի քաոսի։ Նախքան որևէ նախագծում իմ մասնակցության վերաբերյալ համաձայնություն տալը միշտ առաջադրում եմ երեք նախապայման։ Առաջինն առնչվում է սցենարին, երկրորդը՝ ռեժիսորին, քանի որ երբեք չեմ համաձայնում աշխատել մի ռեժիսորի հետ, ում հետ անձամբ չեմ հանդիպել և աչքերին չեմ նայել, երրորդն էլ առնչվում է նկարահանման պայմաններին։ Այս երեքից որևէ մեկի՝ իմ պատկերացումներին անհամապատասխանության դեպքում չեմ համաձայնում աշխատել։ Եթե նույնիսկ ֆիլմի սցենարն ինձ գրավել է, բայց ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ նայել եմ նրա աչքերին և չեմ տեսել այն, ինչն ինձ կարող էր դուր գալ և վստահություն ներշնչել, միևնույն է՝ մերժում եմ առաջարկը։ Լավ սցենարը դեռևս բավարար չէ, որովհետև նախագծի առանցքային մասը կազմում են նախևառաջ մարդիկ։
- Ձեր հեղինակած նախավերջին՝ «Անկում» ֆիլմի և վերջին՝ «Սարաևոյի սգերգերը» ֆիլմի միջև 11 տարվա ընդմիջում կա։ Ի՞նչն էր այդ ընդմիջման պատճառը։
- Ստեղծագործական դադար, որպես այդպիսին, չի եղել, ես այդ տարիներին շատ եմ աշխատել, պարզապես՝ այլ կինոնախագծերում։ «Անկումից» հետո ես անմիջապես աշխատանքի անցա ձեզ հայտնի Բելա Տարրի «Մարդը Լոնդոնից» ֆիլմում՝ որպես օպերատոր։ Նրա առաջարկը ստացա «Անկումը» 2005թ-ին Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացնելուց հետո։ 2007թ-ին, երբ աշխատանքն ավարտեցինք, զբաղվեցի մեկ այլ նախագծով, դրան էլ հաջորդեցին Բելա Տարրի մյուս ֆիլմի՝ «Թուրինյան ձիու» նկարահանման աշխատանքները։ Մինչև «Սարաևոյի սգերգերը» նկարահանելը որպես օպերատոր ընդգրկվեցի իսրայելական մի ֆիլմի նկարահանումներում։ Իհարկե, այդ տարիների ընթացքում փորձեցի կյանքի կոչել նաև իմ հեղինակային նախագծերից մեկը, ինչը, ցավոք, չստացվեց ֆինանսավորման անբավարարության պատճառով։ Կինոարտադրության այս ճյուղում ստեղծագործող գործիչների համար, որոնցից մեկն էլ ես եմ, բավականին դժվար է ֆինանսավորում գտնելը։ Նախագիծը, որի անվանումն էր «Հույս», ֆինանսական աջակցության խոստում ստացավ իմ դիմած բոլոր կինոհիմնադրամների կողմից, սակայն Գերմանիայում գործող օրենքի համաձայն՝ պետք է ներդնես նաև որևէ հեռուստաընկերության կողմից տրամադրված գումար։ Այդ գումարը հեռուստաընկերություններից և ոչ մեկը չհատկացրեց, թեպետ ես հավաստիացնում էի, որ խոսքը հեռուստաֆիլմ նկարահանելու մասին չէ, այլ՝ մաքուր կինո։
- Հեղինակային կինոն, ի վերջո, միշտ էլ նախատեսված է եղել ոչ լայն հանդիսատեսի համար։ Այսօր, թերևս, պակաս լայն, քան 40, 50, 60 տարի առաջ էր։ Այսօր ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում հեղինակային կինոյի համար, կա՞ և լինելո՞ւ է, արդյոք, պահանջարկ։
- Պահանջարկ, իհարկե, կա, իսկ անհրաժեշտություն ավելի մեծ չափով կա՝ այն առումով, որ հանդիսատեսին այսօր հեղինակային կինոն պետք է ավելի, քան երբևէ, ավելի, քան նախկինում։ Մերօրյա կինոարտադրությունն առանձնահատուկ կարիք ունի բազմազանության՝ ոճից, լեզվից, բովանդակությունից մինչև այլ չափորոշիչներ։ Ցանկացած միատեսակություն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու գիտակցության անկմանը, վախճանին։ Իսկ դրա վտանգն այսօր հատկապես մեծ է։ Մեզ պետք է շատ ավելին, քան մեծ ֆինանսավորում ունեցող մեյնսթրիմն է։ Մարդկության համընդհանուր երգչախմբում պիտի հնչեն բազմատեսակ ձայներ, և այդ ձայները պիտի լսելի դառնան նաև մյուսների համար։
- Ձեր «Անկում» ֆիլմում անմիջապես որսում ես Ալբեր Քամյուի համանուն վիպակի մոտիվները, պարզապես՝ այլ երկրում, այլ ժամանակում և իրադարձությունների զարգացման հեռանկարում։ Միայնակ, իրենց աշխարհում ներփակված և ինչ-որ դատապարտվածության զգացումով առաջնորդվող Ձեր կինոհերոսները թվում են խոր էքզիստենցիալիստական։ Ինքներդ Ձեզ համարո՞ւմ եք էքզիստենցիալիստ կինոյում։
- Ես միշտ խուսափել եմ ինձ որևէ ուղղության հետևորդ համարելուց։ Այն, ինչ պատկերված է իմ ֆիլմերում, պարզապես մեր գոյությունն է, մեր կյանքը՝ որպես փաստ, որպես տեսակ, որպես իրողություն։ Իմ ֆիլմերը մերօրյա հասարակության մեջ գոյություն ունեցող մարդկային կյանքերի նկարագրություն են։
- Այդ հերոսներն իրենց տեսակով հոգեհարազա՞տ են Ձեզ։
- Իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հետ էլ որևէ ընդհանրություն ունեմ, այլապես չէի կարողանա խոսել նրանց մասին և համոզիչ պատկերել նրանց։ Բայց ես այդօրինակ ընդհանրություններ գտնում եմ նաև ցանկացած մարդու դիտարկելիս՝ առանց նրա հետ նույնականանալու։ Ինչպես ամենօրյա կյանքում մեզ հանդիպող յուրաքանչյուր մարդու պարագայում իմ ու նրա միջև կան թե՛ ընդհանրություններ, թե՛ տարբերություններ, այնպես էլ դրանք կան իմ ու կինոհերոսներիս միջև։
- Արվեստում ովքե՞ր են Ձեզ վրա շրջադարձային ազդեցություն թողել։
- Դա բավականին ընդգրկուն հարց է։ Իհարկե, կան ստեղծագործողներ ու ստեղծագործություններ, որոնք հուզում են ավելի շատ կամ ավելի քիչ։ Թերևս, հենց այդ շատ հուզողներն էլ դիտարկենք որպես ազդեցության չափորոշիչ։ Վաղ տարիքում ինձ շատ հոգեհարազատ էի համարում Դոստոևսկու ստեղծագործությունները։ Շատ եմ սիրում նաև Չեխովի գործերը։ Առանձնահատուկ սեր եմ տածում գերմանական էքսպրեսիոնիզմի հանդեպ՝ թե՛ կինոյում, թե՛ կերպարվեստում, թե՛ երաժշտության ու գրականության մեջ։ Ինձ շատ հոգեհարազատ եմ համարում Կաֆկայի արձակը, Ռիլկեի պոեզիան, Էգոն Շիլեի գեղանկարչությունը, Բելա Բարտոկի երաժշտությունը․․․ Ի դեպ, սիրում և բարձր եմ գնահատում Տիգրան Մանսուրյանի վերջին շրջանի երաժշտությունը։ Շատ են այն անունները, որոնք ձևավորել են իմ արվեստագիտական տիեզերքը։
- Հայաստանի հետ Ձեր առնչությունները սկիզբ են առել 2004 թվականի՞ն, երբ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանի հետ նկարահանում էիք «Քար, ժամանակ, հպում» ֆիլմը, թե՞ ավելի վաղ։
- Այո՛, հենց Կարինեի միջոցով էլ առաջին անգամ այցելեցի Հայաստան։ Մենք ծանոթացել էինք Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ Իհարկե, հետաքրքրվեցի նրա ազգությամբ, կենսագրությամբ։ Արդեն Հայաստանում նրա միջոցով ծանոթացա կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանի հետ, և հենց այդ ծանոթության արդյունքում էլ ծնվեց Բեռլինում հայկական կինոյի մեկամսյա փառատոն անցկացնելու գաղափարը։ 2004-ից ի վեր Հայաստանի հետ իմ կապը չի ընդհատվել։
- Եթե Հայաստանի ու հայերի մասին ֆիլմ նկարահանեիք, ի՞նչը կդարձնեիք սյուժեի հիմք։
- Ես ֆիլմ կնկարահանեի ոչ թե ընդհանրապես Հայաստանի, այլ Հայաստանում ապրող մարդկանց մասին։ Դժվարանում եմ որոշակիացնել, որովհետև սա ինքնաբուխ ծնված ոգեշնչման հարց է և ոչ թե տրամաբանված դատողության։ Սակայն կարող եմ որոշակի ասել, որ այդ ֆիլմը կլիներ հայաստանյան կյանքի պայմաններում իր գոյությունը պահպանող մարդկային ճակատագրի մասին։ Արդյունքը կարող է շատ հետաքրքիր լինել, քանի որ նաև պատկերային առումով ես այստեղ տեսնում եմ բազմաթիվ վայրեր, որոնք դիտարժան են։
- Ձեր վերջին օպերատորական աշխատանքը Պավել Լունգինի՝ այս տարի նկարահանվող «Եսավ» ֆիլմում է։ Ուրիշ ի՞նչ նախագծերում եք ընդգրկված առաջիկայում։
- Ապրիլին Ավստրիայում Բելա Տարրի հետ պիտի նկարահանումներ անցկացնենք Վիեննայի փառատոնային շաբաթվա համար, որի շրջանակներում ցուցադրվում են թատերական, երաժշտական ներկայացումներ, կազմակերպվում են այլ մշակութային միջոցառումներ։ Մենք 40 րոպեանոց ինստալյացիա ենք նկարահանելու, որը մայիսին՝ այդ շաբաթվա ընթացքում, ցուցադրվելու է օրական 3 անգամ։
- Ո՞րն է Ձեր նշանաբանը կյանքում և կինոյում։
- Ինձ համար ամենակարևորն իմ ներքին ձայնին հավատարիմ լինելն է։ Հավատարիմ ինքդ քեզ, ճշմարտացի ոչ միայն ինքդ քեզ հետ, այլ նաև ուրիշների։ Եվ, իհարկե, արվեստում լինել անկեղծ, որովհետև չես կարող քեզ տարանջատել այն արվեստից, որը ստեղծում ես։
Զրուցեց Անուշ Բաբայանը
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
COMMENTS