«Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի զորությունը կարող է հակաթույն դառնալ ատելության և վախի դեմ»։ Չառլզ Չապլին
Յուրաքանչյուր ռեժիսոր ֆիլմ նկարահանելիս ցանկանում է բարձրաձայնել իրեն հուզող խնդիրներ մասին՝ միաժամանակ առաջարկելով որոշակի լուծումներ կամ պարզապես հանդիսատեսից ուշադրություն պահանջելով: Այդ նպատակով՝ ռեժիսորներն ընտրում են այնպիսի կերպարներ, որոնք անմիջապես կարող են կարեկցանք կամ ցանկացած այլ զգացում առաջացնել դիտողի սրտում: Մանկահասակ կինոհերոսների և նրանց փոքրիկ դերակատարների պարագայում այդ խնդիրը հուզական առումով ավելի հեշտ լուծելի է, որովհետև ռեժիսորը, ողջ սրությամբ պատկերելով այս կամ այն պատմությունը, գիտի, որ միանշանակ արձագանք կստանա հանդիսատեսի կողմից։ Kinoversus-ը ներկայացնում է երեխաների մասին և երեխաների մասնակցությամբ նկարահանված լավագույն ֆիլմերի ցանկը, որտեղ ներառված են տարբեր երկրներում թողարկված անկրկնելի կինոնկարներ։
Մաս առաջին
1․ «Վարքը՝ զրո» (Ժան Վիգո, 1933)«Zéro de conduite», Ֆրանսիա
Ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսորները հաճախ էին որպես գլխավոր հերոսներ ընտրում երեխաներին, և այդ ֆիլմերի մեծամասնությունը ճանաչվում էին գլուխգործոցներ՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով ակադեմիական կարևորություն: Ֆիլմերի այդ ոգեշնչող բազմության մեջ, ուր տեղ են գտել Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարվածը», Ռենե Կլեմանի «Արգելված խաղերը», Լուի Մալի ֆիլմագրությունից հիանալի նմուշներ, շատ բարդ է ընտրել միայն մեկը, որ այս ցանկում կներկայացնի Ֆրանսիան: Այնուամենայնիվ, ֆրանսիական կինոպատմությունն ուսումնասիրելիս անհնար է անտեսել Ժան Վիգոյին, ով իր կարճատև կյանքի ընթացքում ընդամենը չորս ֆիլմ է նկարահանել՝ անգնահատելի ազդեցություն թողնելով ոչ միայն ֆրանսիական «Նոր ալիքի», այլև համաշխարհային կինեմատոգրաֆի վրա: Վիգոյի երրորդ ֆիլմը՝ «Վարքը՝ զրո, կամ Փոքրիկ սատանաները քոլեջում», քառասուներկու րոպե տևողությամբ կարճամետրաժ է, որը պատմում է չորս ընկերների մասին, ովքեր, չհանդուրժելով ուսուցիչների անտեղի պատիժները, ապստամբություն են բարձրացնում դպրոցում և, ի վերջո, հեղաշրջում իրականացնում: Ֆիլմը հարուստ է սյուրռեալիզմի և անարխիզմի դետալներով, սրամտությամբ և սարկազմով: Հետաքրքիր է, որ ֆիլմը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել քննադատների կողմից. թեև նրանց մի մասը հիացած էր Վիգոյի աշխատանքով և նրան կոչում էր «կինեմատոգրաֆի Սելին», սակայն շատ շուտով ֆիլմը արգելվեց և կրկին հասանելի դարձավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
2. «Կրիաները նույնպես կարող են թռչել» (Բահման Ղոբադի, 2004)
«Lakposhthâ ham parvaz mikonand», Իրան
Ինչպես ֆրանսիական, այնպես էլ իրանական կինեմատոգրաֆում շատ են ֆիլմերը երեխաների մասին. Աբաս Քիարոսթամիի առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Հացը և նրբանցքը», Մահմալբաֆների ընտանիքի, Ջաֆար Պանահիի ֆիլմերի մի մասը պատմում է ոչ միայն իրանցի երեխաների պատմությունները, այլև ներկայացնում է Աֆղանստանի, Իրաքի, քուրդ երեխաների մանկական երազանքներն և ոչ մանկական խնդիրները։ Վերոնշյալ ռեժիսորների շարքում հատուկ ուշադրության է արժանի Բահման Ղոբադին, ով, իր արմատներով լինելով քուրդ, ֆիլմերում անդրադառնում է Իրանի հյուսիսում, ինչպես նաև Իրաքում բնակվող քրդերին: Նրա ֆիլմերի շարքում ամենաազդեցիկներից մեկը «Կրիաները նույնպես կարող են թռչել» կինոկտավն է, որը պատմում է ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելուց որոշ ժամանակ առաջ փախստականների սահմանամերձ հանգրվաններից մեկում ծավալվող իրադարձությունների մասին: Տասներեքամյա Սաթելիտը մեծ հեղինակություն է վայելում թե՛ տեղի մեծերի, թե՛ երեխաների շրջանում՝ իր համեստ անգլերենի և նռնակներ հավաքողների խմբակը ղեկավարելու շնորհիվ, սակայն նրա անդորրը խախտվում է, երբ փախստականների հանգրվան է գալիս գեղեցկուհի Ագրինն իր երկու եղբայրների հետ: Ֆիլմը շատ հուզական ու ազդեցիկ է, իսկ հերոսների հիանալի ընտրությունը ծառայում է ռեալիզմի զգացողության ամրապնդմանը: «Կրիաները կարող են թռչել» ֆիլմը մի պատմություն է չափազանց վաղ հասունացած մանուկների, պատերազմի չարիքների և մաքուր զգացմունքների մասին, ֆիլմ, որն անհնար է մոռանալ մեկ անգամ դիտելուց հետո:
3․ «Իվանի մանկությունը» (Անդրեյ Տարկովսկի, 1962)
«Иваново детство», ԽՍՀՄ (Ռուսաստան)
«Իվանի մանկությունը» Անդրեյ Տարկովսկու առաջին լիամետրաժ ֆիլմն է՝ չնայած սա առաջին անգամը չէ, որ ռեժիսորը գլխավոր դերում նկարահանում է երեխայի (Տարկովսկու դիպլոմային աշխատանքը՝ «Գլանիվն ու ջութակը», նույնպես երեխայի մասին է, իսկ ֆիլմից որոշ կադրեր նկարահանվել են Երևանում): Իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական պատերազմի տարիներին, իսկ ֆիլմի գլխավոր հերոսը՝ տասներկուամյա Իվանը, ով կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին, որոշում է հետախույզ դառնալ: Տարկովսկին ցույց է տալիս, թե ինչպես է երեխան, հայտնվելով պատերազմական պայմաններում, շուտով դառնում այդչափ ատելի պատերազմի անբաժանելի մասը, «կենդանի զենք» զինվորների ձեռքում: Թեև Անդրեյ Տարկովսկին միշտ ասել է, որ այդ կինոնկարն իրեն դուր չի գալիս նախևառաջ սիմվոլիզմի պատճառով, այդուհանդերձ, ֆիլմը դրական արձագանքի է արժանացել համաշխարհային հանրության կողմից, հատկապես՝ Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակ ստանալուց հետո: Իսկ երբ իտալական անվանի կինոամսագրերից մեկը սուր քննադատությամբ է հանդես եկել՝ չհամաձայնելով կինոփառատոնի ժյուրիի որոշման հետ, ֆիլմի յուրօրինակ վերլուծություն և բաց նամակ է հրապարակել Ժան-Պոլ Սարտրը՝ հիացմունքով խոսելով «Իվանի մանկության» մասին:
4․ «Մեղր» (Սեմիհ Քափլանօղլու, 2010)
«Bal», Թուրքիա
5․ «Վաջդա» (Հայֆա Ալ-Մանսուր, 2012)
«Wadjda», Սաուդյան Արաբիա
2013թ-ին Սաուդյան Արաբիայում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ կանանց թույլատրվում է հեծանիվ կամ մոտոցիկլ վարել, սակայն այդ գործողությունը պետք է կատարել տղամարդկանց բազմությունից հեռու վայրում և տղամարդու ներկայությամբ: Իսկ այս ամենից մեկ տարի առաջ նկարահանվել էր «Վաջդա» ֆիլմը, որը պատմում էր տասնամյա խիզախ աղջնակի մասին, ով երազում էր հեծանիվ ունենալ: Ֆիլմը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց տարբեր կինոփառատոներում, իսկ Բեռլինի կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի: Լայն արձագանքի հիմնական պատճառը նախևառաջ այն էր, որ միջազգային կինոհանրությունն այնքան էլ հաճախ չի դիտում Սաուդյան Արաբիան ներկայացնող կին ռեժիսորների աշխատանքները (ինչ-որ բան հուշում է, որ այդպիսիք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում): Բացի այդ՝ այս ֆիլմով ռեժիսորը բացահայտ մարտահրավեր է նետում իր հայրենիքի կառավարությանը՝ բարձրացնելով կանանց իրավունքների հարցը: Ֆիլմում Վաջդան երազում է հեծանիվ ունենալ, ինչն էլ հենց խորհրդանշում է այն բոլոր հնարավորությունները, որոնցից զուրկ են կանայք Սաուդյան Արաբիայում, և, որքան էլ զավեշտալի հնչի, հերոսուհին կարողանում է հասնել իր ուզածին ոչ թե ծնողների կամ կողմնակի մարդկանց օգնության շնորհիվ, այլ Ղուրան սերտելու և սեփական ուժերի վրա հիմնվելու միջոցով:
6․ «Մնա ինձ հետ» (Ռոբ Ռայներ, 1986)
«Stand by Me», ԱՄՆ
Ամերիկյան կինեմատոգրաֆը հարուստ է երեխաների մասին պատմող հիանալի ֆիլմերով և շատ դժվար է ընտրել դրանցից որևէ մեկը: Ընտրելով «Մնա ինձ հետ» ֆիլմը՝ մենք առաջնորդվել ենք նախևառաջ դրա գրական հիմնաղբյուրով. ֆիլմը նկարահանվել է ամերիկյան ժամանակակից գրականության ամենանշանավոր ներկայացուցչի՝ Սթիվեն Քինգի «Դիակը» ստեղծագործության հիման վրա: Ֆիլմը մանկական անմեղության և դժվարություններով լի աշխարհի արանքում հայտնված իսկական ընկերների մասին է, ովքեր պատրաստ են օգնել միմյանց՝ նույնիսկ վտանգելով սեփական կյանքը, կանգնելով կողք-կողքի ընդդեմ իրենց վախերի և ողջ աշխարհի: Հետաքրքիր է նաև ֆիլմի վերնագրի ընտրությունը. քանի որ Ռոբ Ռայները մի շարք խնդիրներ է ունեցել՝ Քինգի ստեղծագործության էկրանավորման և դրա վերնագիրն օգտագործելու հետ կապված, շուտով որոշում է կայացվել որպես ֆիլմի անվանում ընտրել լեգենդար Բեն Քինգի «Stand by Me» երգը, որը ծառայելու էր որպես սաունդթրեք՝ ընդգծելով և ավելի մեծ հմայք հաղորդելով ընկերների պատմությանը:
7․ «Լուսավորյալների երկիրը» (Պիտեր-Յան դը Պյու, 2016)
«The Land of the Enlightened», Աֆղանստան, Բելգիա
«Լուսավորյալների երկիրը» կիսավավերագրական և կիսախաղարկային կինոնկար է, որը պատմում է Աֆղանստանում գործող մանկական հրոսակներից մեկի մասին: Բելգիացի լուսանկարիչ և ռեժիսոր Պիտեր-Յան դը Պյուն մի քանի տարի անցկացրել է Աֆղանստանում՝ փորձելով ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ դրությանը: Նա ֆիլմը կառուցել է երկու տարբեր սյուժետային գծերի վրա. առաջինը ամերիկացի զինվորների խրամատային առօրյայի նկարագրությունն է, իսկ երկրորդն արդեն վերաբերում է երեխաներին: Դը Պյուն կարողացել է վարպետորեն լուսաբանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երեխաների ներգրավվածությունը ռազմական գործողություններում և թմրանյութերի վաճառքում, անդրադարձել է նաև վաղ ամուսնություններին՝ այս ամենին միախառնելով մանկական «անմեղությունն» ու երազանքները: Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում նաև՝ Սանդենսի կինոփառատոնում, իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել այս կինոկտավին ծանոթանալու «Ոսկե Ծիրանի» շրջանակներում:
8․ «Ճանապարհի երգը» (Սաթյաջիտ Ռայ, 1955)
«Pather Panchali», Հնդկաստան
«Ճանապարհի երգն» ընդգրկված է գրեթե բոլոր կինոցանկերում, որտեղ խոսքը վերաբերում է երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերին: Այս հրաշալի կինոկտավը կարողացավ ճանաչում ապահովել ոչ միայն ռեժիսորի՝ Սաթյաջիտ Ռայի, այլև ողջ Հնդկաստանի համար: Ռայը, ով կրում է իտալական նեոռեալիզմի բացահայտ ազդեցությունը, դարձավ նեոռեալիստական ուղղվածության հիմնադիրը Հնդկաստանում: «Ճանապարհի երգը» ֆիլմն «Ափուի կյանքը» եռագրության առաջին մասն է («Աննվաճը», «Ափուի աշխարհը»), որը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա: Այն պատմում է փոքրիկ Ափուի և նրա քրոջ մանկության օրերի մասին՝ ցույց տալով երկրում տիրող նվաստացուցիչ աղքատությունն ու սովը, որը զրկում է մարդկանց բարեհոգությունից և կարեկցանքից, մինչդեռ երեխաներից չի կարողանում խլել նրանց մանկությունը: Բացի սոցիալական խնդիրներից՝ երիտասարդ ռեժիսորը խոսում է նաև մարդկային իրավունքների ոտնահարման, կանանց դեմ գործող խտրականության մասին:
9. «Լեոլո» (Ժան-Կլոդ Լոզոն, 1992)
«Léolo», Կանադա
Թեպետ Ժան-Կլոդ Լոզոնն իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է ընդամենը երկու ֆիլմ նկարահանել, սակայն նա ընդգրկված է կանադացի լավագույն կինոռեժիսորների շարքում, իսկ այդ ցանկում հայտնվելուն նպաստել է նրա երկրորդ ֆիլմը՝ «Լեոլոն»: Ֆիլմի գլխավոր հերոսը Լեոն է (կամ Լեոլոն, ինչպես ինքն է իրեն անվանում՝ պնդելով, որ իտալական հնչողությամբ անունն իրեն ավելի է համապատասխանում, քանի որ իր հայրը իրականում իտալացի է), ով ապրում է մի ընտանիքում, որի անդամների մի մասն ունի հոգեկան հիվանդություն, և միակ գործոնը, որ թույլ է տալիս Լեոլոյին ապրել այդ աննախանձելի պայմաններում, նրա վառ երևակայությունն է: Մանկական երազանքներով, պատկերացումներով լի այս ֆիլմը անմիջական կապ է ստեղծում հերոսի և հանդիսատեսի միջև, մենք հերոսին հավասար սկսում ենք հավատալ նրա բոլոր հորինվածքներին ու ամբողջ սրտով ցանկանում ենք, որ Լեոլոյի բոլոր սպասումներն արդարանան: Ժան-Կլոդ Լոզոնը պնդում էր, որ սյուժետային գծերի մեծ մասը վերցրել է իր մանկությունից, և գուցե հենց դա է ֆիլմի զգացմունքայնության ու կախարդանքի հիմնական գաղտնիքը:
10․ «Անտեսանելի երեխաները» (Լիսանդրո Դուքե Նարանյո, 2001)
«Los niños invisibles», Կոլումբիա
Կոլումբիական կինեմատոգրաֆի, ինչպես նաև ռեժիսոր Լիսանդրո Դուքե Նարանյոյի մասին գրեթե անհնար է անգլիալեզու նյութ գտնել համացանցում, ինչը թույլ կտար գոնե որոշ չափով բացահայտել վերոնշյալ ֆիլմի նկարահանման նախապատմությունը։ Միակ հնարավորությունը, որ ստանում է հանդիսատեսը, ֆիլմը դիտելն ու առանց որևէ կանխակալության կարծիք կազմելն է: Միանգամից նշենք, որ հազիվ թե հնարավոր լինի այս ֆիլմը դիտել անտարբերությամբ, քանզի հանդիսատեսն առաջին իսկ պահին տեղեկանում է, որ այն Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի էկրանավորումն է: Բայցևայնպես, առանց այդ փաստի իմացության էլ անտեսանելի դառնալ ցանկացող երեխաների մասին պատմող ֆիլմը (ա՜խ, այդ անպատասխան սերը, որն ինչի ասես չի դրդում) շատ արագ գերում է դիտողին: Երեխաների պատրաստակամությունը՝ դիմել ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար, կոլումբիական առօրյայի առանձնահատկությունները, և իհարկե, մարկեսյան մոգական ռեալիզմը միաձուլվում են այս հրաշալի ֆիլմում՝ մեկուկես ժամ շարունակ ուրախացնելով հանդիսատեսին։
11․ «Կես» (Քեն Լոուչ, 1969)
«Kes», Անգլիա
Քեն Լոուչի բոլոր ֆիլմերն ունեն սոցիալական, քննադատական, քաղաքական ուղղվածություն: Ռեժիսորն իր՝ գրեթե կեսդարյա գործունեության ընթացքում անդրադարձել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են աշխատավորների իրավունքները, աղքատությունը, իռլանդական ազատագրական պատերազմը և այլն: Սակայն Լոուչի ֆիլմագրության էջերում ամենակարևոր աշխատանքը «Կես» կինոկտավն է, որի հետ էլ ասոցացնում են ռեժիսորին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Անգլիայի հանքարդյունաբերական շրջաններից մեկում, որտեղ ապրում է գլխավոր հերոսը՝ Բիլլին, ում մանկությունը դժվար է երջանիկ համարել: Շուտով Բիլլին որոշում է փոքրիկ բազե որսալ և ընտելացնել։ Ռեժիսորը վարպետորեն ցույց է տալիս այդ շրջանում տիրող աղքատությունը, կանխորոշված մոտեցումը տեղի երեխաների նկատմամբ, ովքեր բոլորի աչքերում ունեն միայն մեկ ապագա, այն է՝ աշխատել արդյունաբերական գործարանում՝ վտանգելով իրենց կյանքը: Նույնիսկ ծնողները, իրենց երեխաների հանդեպ համապատասխան ուշադրություն ցուցաբերելու, օգնելու փոխարեն, ընդունակ են միայն հայտարարելու, թե, միևնույն է, իրենց երեխաները որևէ հույս չեն ներշնչում, և ժամանակը ծառայեցնելու սեփական զվարճանքներին: Իսկ եթե որևէ մեկը որոշի դեմ գնալ չգրված օրենքներին, հասարակությունը ամենայն հեշտությամբ կկոտրի նրա թևերը ու կնետի աղբամանի մեջ: Եվ միայն կամքն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ հնարավորություն կտան փոխելու հերոսի ապագան:
12․ «Վանդակ ճագարների համար» (Փիլիպ Նոյս, 2002)
«Rabbit-Proof Fence», Ավստրալիա
Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ դառնում են ռասսայական խտրականության զոհ, և այս թեմային անդրադարձել են բազմաթիվ գրողներ, ռեժիսորներ: Այնուամենայնիվ, մենք սովոր ենք դիտել, լսել կամ կարդալ պատմություններ ամերիկյան իրականության վերաբերյալ, իսկ, օրինակ, Ավստրալիայի բնիկ բնակչության զրկանքների մասին այնքան էլ տեղեկացված չենք: Այս խնդրին յուրօրինակ լուծում է տվել ավստրալիացի ռեժիսոր Փիլիպ Նոյսը, ում «Վանդակ ճագարների համար» ֆիլմը պատմում է դեռևս 1930-ական թթ-ներին Ավստրալիայում իրականացվող ասիմիլացիայի քաղաքականության մասին (օրենքը շարունակել է գործել մինչև 1970թ): Պետական հատուկ որոշման համաձայն՝ բնիկ աբորիգենների և «սպիտակ ավստրալիացիների» խառնամուսնություններից ծնված երեխաներին խլում էին ծնողներից և բնակեցնում հատուկ հաստատություններում, որտեղ երեխաներին սովորեցնում էին եվրոպական վարվեցողություն: Մինչդեռ ֆիլմի գլխավոր հերոսուհիները որոշում են փախչել պանսիոնից ու վերադառնալ տուն, և նրանց բնավ չի անհանգստացնում այն փաստը, որ տունը գտնվում է 2400 կմ հեռավորությամբ: Ֆիլմը նկարահանված է այս խիզախ աղջիկներից մեկի դստեր հուշերի հիման վրա:
13․ «Կերակրիր ագռավին» (Կառլոս Սաուրա, 1976)
«Cría cuervos», Իսպանիա
Կառլոս Սաուրան արդարացիորեն համարվում է իսպանացի լավագույն ռեժիսորներից մեկը, ով ընդունակ է մեկ կարճատև ֆիլմում ներկայացնել Իսպանիայի ողջ պատմությունը՝ օգտագործելով անկրկնելի ալեգորիաների և սիմվոլների համակարգ: «Կերակրիր ագռավին, և նա կհանի քո աչքերը» ասացվածքն ընդունելով որպես հիմք՝ Սաուրան նկարահանել է իր լավագույն ֆիլմերից մեկը, որը պատմում է իննամյա Անայի մասին, ով երկակի կյանք է վարում. ապրում է երևակայական աշխարհում, որտեղ դեռևս ողջ է իր մայրը, և «իրական» աշխարհում, որտեղ սպանում է հորը, քանի որ համոզված է, թե վերջինս է մոր մահվան մեղավորը: Քննադատները սիրում են քաղաքականացնել Սաուրայի ֆիլմերը, քանի որ ռեժիսորը Ֆրանկոյի վարչակարգի ընդդիմադիրներից էր, և սա բացահայտվում է նրա ֆիլմերի միջոցով ևս: Աղջնակի հայրը, ով մահանում է հենց ֆիլմի սկզբում, զինվորական է և խորհրդանշում է Ֆրանկոյի ռեժիմի անկումը: Իսկ Անայի մորը քննադատները համեմատում են Իսպանիայի հետ, որ տառապում, ոչնչանում է ռազմական վարչակարգի պատճառով: Ամեն դեպքում՝ ռեժիսորը հարցազրույցներից մեկի ժամանակ առաջարկել է ֆիլմի վերլուծության իր տարբերակը՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը: Որքան էլ զարմանալի հնչի, Սաուրան մանկությունը համարում է կյանքի վատագույն շրջանը, երբ մարդը չունի ազատություն և գտնվում է կախվածության մեջ: Ըստ ռեժիսորի՝ Անան հրաշալի հասկանում է սա, և հենց այդ է դրդում նրան՝ գործելու սպանություն: Ֆիլմը չափազանց դիտարժան է, համապատասխան երաժշտության ընտրությունն ամեն ինչ ավելի համահունչ է դարձնում, իսկ գլխավոր հերոսուհին՝ Վիկտոր Էրիսեի ֆիլմի շնորհիվ ճանաչում ձեռք բերած Անա Թորենթը, կլանում է հանդիսատեսին իր մեծ ու թախծոտ աչքերով:
14․ «Ալիսան քաղաքներում» (Վիմ Վենդերս, 1974)
«Alice in den Städten», Գերմանիա
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական կինեմատոգրաֆում ի հայտ եկած երկարատև ճգնաժամի հաղթահարումը կապված է մի քանի անունների հետ, որոնց երիտասարդ սերնդի շարքերում իր տեղն է գրավում, թերևս, ամենամելամաղձոտ գերմանացի ռեժիսորը՝ Վիմ Վենդերսը: Վերջինիս չորրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ալիսան քաղաքներում», նկարահանված է ամերիկյան ակունքներ ունեցող «ճանապարհորդական/ ճանապարհային ֆիլմի» ժանրում (road movie) և պատմում է լրագրող Ֆիլիպի ու իննամյա Ալիսայի եվրոպական ոդիսականի մասին: Վենդերսի լքված հերոսները կարողանում են միմյանց մեջ գտնել այն անհրաժեշտ հատկությունները, որոնց պակասը այդքան զգում են, և ընկերանալ: Սև ու սպիտակ կադրերը, Ֆիլիպի արած լուսանկարները, հերոսների անմեղությունն ու պարզությունը և միայն Վենդերսի ֆիլմերին բնորոշ յուրօրինակ թախիծը անմիջապես գրավում են հանդիսատեսին, ով ֆիլմի առաջացրած զգացումները մտապահում է անգամ ֆիլմը դիտելուց տարիներ անց: Ֆիլմը ճանաչման և բարձր գնահատականի է արժանացել նկարահանվելուց շատ տարիներ անց, երբ Վենդերսի անունն արդեն հայտնի էր դարձել համաշխարհային կինոհանրությանը, ինչպես նաև սկսել է դասվել ռեժիսորի նկարահանած գլուխգործոցների շարքը: Հետաքրքիր է, որ Վենդերսը որոշել էր դադարեցնել ֆիլմի նկարահանման աշխատանքները, քանի որ ներկա էր գտնվել «Թղթե լուսինը» ֆիլմի (1973թ) նկարահանումներին և եզրակացրել, որ այն, ինչ ինքն է ծրագրում նկարել, արդեն նկարահանվել է Փիթեր Բոգդանովիչի կողմից: Չնայած սյուժետային որոշ նմանություններին՝ իրականում ֆիլմերն էականորեն տարբերվում են ռեժիսորների ոճային առանձնահատկությունների շնորհիվ:
15․ «Գիքոր» (Սերգեյ Իսրայելյան, 1982)
Հայաստան (ԽՍՀՄ)
Ամենայն հայոց բանաստեղծի անմահ ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ՝ 1934-ին Ամասի Մարտիրոսյանի կողմից (համր տարբերակ) և 1982-ին Սերգեյ Իսրայելյանի կողմից։ Երկրորդ ֆիլմի սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանն էր: Սյուժեն ծանոթ է բոլորին. գյուղացի Համբոն իր որդուն՝ Գիքորին, ով տասներկու տարեկան է, տանում է քաղաք և աշխատանքի տեղավորում բազազ Արտեմի մոտ՝ հույս ունենալով, թե Գիքորն այստեղ ուսում կստանա և «մարդ կդառնա»: Ֆիլմի ստեղծման համար գերազանց աշխատանք է արված, իսկ հերոսները ասես պատմվածքից դուրս եկած լինեն։ Դերասանական կազմում հայկական կինոյի և թատրոնի ամենասիրված արտիստներն են՝ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը և այլք։ Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը, ինչպես և Հովհաննես Թումանյանը, ծնունդով Լոռու Դսեղ գյուղից է, որտեղ էլ մինչ օրս ապրում է։ Նա հետագայում այլևս չի նկարահանվել, սակայն, իր իսկ խոսքերով, մինչ օրս հիշում է իր կյանքի այդ անմոռանալի շրջանը, երբ աշխատում էր հայտնի անձանցով լի նկարահանող խմբի հետ։ Ձեռքի տակ ունենալով նմանօրինակ ստեղծագործություն՝ Սերգեյ Իսրայելյանին և Հենրիկ Մալյանին մնում էր միայն գործի դնել իրենց ողջ տաղանդը և մեծ էկրան տեղափոխել պատմվածքի վառ ու կոլորիտային հերոսներին։ Թումանյանը կարողացել է հրաշալի կերպով ցույց տալ, թե ինչ պայմաններում էր ապրում հայ գյուղացին 19-րդ դարում՝ վարպետորեն ընդգծելով նրա՝ միամտության հասնող անմեղությունը, բուրժուազիայի ներկայացուցիչների արհամարհանքն ու անտարբերությունը հասարակ գյուղացու նկատմամբ։
Մանուկների մեծ կինոն. մաս 2
Սոնա Կարապողոսյան
COMMENTS