«Չկա ավելի սարսափելի երևույթ, քան փակ դուռը»։ Ալֆրեդ Հիչքոկ
Ալֆրեդ Հիչքոկ. սասփենսի անկրկնելի արքան (մաս առաջին)
Ալֆրեդ Հիչքոկ. սասփենսի անկրկնելի արքան (մաս երկրորդ)

1945թ-ին էկրան է բարձրանում «Կախարդվածը» ֆիլմը, որտեղ իր մասնակցությունն էր ունեցել Սալվադոր Դալին։ Սցենարը մշակվել էր Հիլարի Սենտ Ջորջ Սանդերսի «Բժիշկ Էդվարդսի տունը» վեպի հիման վրա։ Այստեղ նկատում ենք նաև բժիշկ Ալեքսանդր Բրյուլովին, ում դերը խաղացել էր ռուսական թատրոնի դերասան, «Դերասանի տեխնիկայի մասին» գրքի հեղինակ Միխայիլ Չեխովը։ Ֆիլմը հովանավորում է Selznick International Pictures ընկերությունը։ Ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով, սպանության ականատես դառնալով, վախից ձեռք էր բերել ամնեզիայի նշաններ (Գրեգորի Պեկ)։ Հոգեբուժարանի շենքերից մեկում մի նոր բժիշկ է հայտնվում, ով իրեն անվանում է գլխավոր խորհրդատու Էնթոնի Էդվարդս․ սա ամնեզիայով հիվանդ երիտասարդն էր՝ Ջոն Բալանթայն իրական անունով, և նա տեսել էր բժիշկ Էդվարդսի սպանությունը։ Նա կասկած է առաջացնում բժիշկների շրջանում, որոնցից միայն մեկն է օգնություն ցուցաբերում հիվանդին։ Բալանթայնը վախենում էր հորիզոնական և ուղղահայաց գծերից (հիշենք Հիչքոկի վախը, որը բանտում էր ձեռք բերել), իսկ թե ինչո՞ւ էր վախենում՝ դա պարզ է դառնում երազի միջոցով։ Բժիշկ Կոնստանս Պիտերսենը (Ինգրիդ Բերգման) որոշում է նրան տանել իր ուսուցիչ Ալեքսանդր Բրյուլովի մոտ (Միխայիլ Չեխով), ով զբաղվում էր հոգեբանական և նյարդային ցնցումներ տարած հիվանդներով։ Ջոն Բալանթայնը պատմում է իր երազը, որի ձևավորումն իրեն բնորոշ յուրօրինակ ոճով իրականացրել էր մեծ նկարիչ Սալվադոր Դալին։
 |
Հիչքոկն ու Ռոս Բաղդասարյանը |
Գոյություն ուներ մի կադր, որտեղ նույնպես արտացոլված էին Դալիի մտահղացումները, սակայն այդ կադրը, ցավոք, անպետք համարեցին։ Ըստ Դալիի՝ այդ երազում պետք է պատկերվեր Պիտերսենի արձանը, որի վրայով մրջյուններ և այլ միջատներ պետք է վազվզեին (սա վկայելու էր այն մասին, որ Պիտերսենը շրջապատված էր կեղծ մարդկանցով, ովքեր գործընկերներ էին ձևանում, մինչդեռ իրականում հենց նրանք էին սահմանափակում իրեն), բայց Սելզնիկը միանգամից մերժեց այդ կադրը՝ հայտարարելով, թե «Բերգմանը նման կադրի համար չէ եկել իր մոտ»։ Եվ ահա երազը․ պատկերված են մեծ աչքեր, որոնք նայում են սառնասրտությամբ ու ատելությամբ լի հայացքով, և դա, իրոք, երազի ձևով էր արտահայտված, ահա նույն աչքերը նկատում ենք նաև մի մեծ տաղավարի պատերին, որտեղ երևում են մարդիկ, ովքեր ամեն մի անկյունում խաղաթղթերով են զբաղված։ Խաղացողների շրջանում երևում է Բալանթայնը։ Ապա մի մարդ, ով խենթացած սկսում է աչքը կտրել (երաժշտությունը ազդեցիկ ու սարսափելի է դառնում), մի աչքը կտրելով՝ մյուսն է ավելանում, և այդպես շարունակ։ Հայտնվում է մի աղջիկ (պարզվում է, որ Պիտերսենն է), ով համբուրում է խաղացողներին։ Դատարկ, ստվերոտ սեղան, որտեղ Բալանթայնը նետում է սև խաղաթուղթը։ Ապա դեմքը կտորով ծածկած մի մարդ սկսում է սպառնալ խաղընկերներից մեկին։ Ահա և Դալիի նշանավոր նկարներից մեկը, որտեղ մի մարդ է ընկնում, ապա երևում է դեմքը ծածկած մարդը, ում ձեռքին ծռված անիվ է նկատվում, նա անիվը նետում է։ Մի բլրակից Բալանթայնն է վազում, նրա ետևից խոշոր ստվեր է ընկած։ Ամեն ինչ պարզ է դառնում, երբ Բալանթայնը, պատմելով իր երազը, նկատում է, որ դրսում ձյուն է գալիս, և բազմաթիվ երեխաներ դահուկների հետքեր են թողել ձյան վրա (սպիտակ ֆոնին՝ սև գծեր), «գծերն ամենուրեք են»։

Պիտերսենն ու Բալանթայնը որոշում են գտնել բժիշկ Էդվարդսին սպանողին։ Ֆիլմի ավարտին Բալանթայնին ձերբակալում են, իսկ Պիտերսենը գտնում է մարդասպանին․ դա հոգեբուժարանի բժիշկներից մեկն էր, ով Էդվարդսից հետո պետք է ղեկավարեր հիմնարկը, իսկ Բալանթայնը տեսել էր, թե ինչպես է նա բլրակից հրել բժիշկ Էդվարդսին՝ դահուկ քշելու ժամանակ։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում ամերիկյան կինովարձույթում, իսկ Հիչքոկը, նկարահանելով «Վատ համբավ» (1946թ), «Պարան» (1948թ) և այլ ֆիլմերը, տասը տարի անց էկրան է բարձրացնում իր ամենաճանաչված ֆիլմերից մեկը՝ «Պատուհան դեպի բակ» թրիլերը, որտեղ խաղում են գերաստղեր Ջեյմս Ստյուարտը, Գրեյս Քելլին և Ռեյմոնդ Բյորը (վերջինիս ճանաչում ենք «Պերի Մեյսոն» դետեկտիվից)։
 |
Հիչքոկն ու Ջեյմս Ստյուարտը |
«Պատուհան դեպի բակ»․ ինչո՞ւ հենց դեպի բակ և ոչ թե դեպի փողոց։ Այս հարցն ունի մի պարզ պատասխան․ դեպի բակ բացվող պատուհանի «միջոցով» է բացահայտվելու սարսափելի սպանությունը, որը նկատել է գլխավոր հերոս Ջեֆրիսը (Ջեյմս Ստյուարտ), ով, լինելով լուսանկարիչ, մի ճանապարհորդության ժամանակ կոտրել է ոտքը և ստիպված է մնալ տանը, մինչև կոտրվածքը բուժվի։ Բակին հարակից բնակելի տանը տեղի են ունենում տարբեր պատմություններ։ Այդ պատմությունների դրվագները երևում են բնակարանների պատուհաններից․ ահա մի կին, ով արդեն ծեր է, սակայն իրեն չի զրկում երիտասարդական հաճույքներից, նա լողազգեստով նստել է արևի տակ ու կոկտեյլ է խմում, մյուս պատուհանից երևում է 40-42 տարեկան «միսս միայնակությունը», ով խոսում է ինքն իր հետ՝ պատկերացնելով, թե իր դիմաց տղամարդ է նստած։ Նա անընդմեջ սպասում է, որ կհանդիպի այնպիսի մարդու, ով կկարողանա լիարժեք նվիրվել իրեն։ Մեկ այլ պատուհանից նկատվում են հենց նոր արթնացած ամուսիններ, ովքեր, շոգին չդիմանալով, քնել էին պատշգամբում։ Ահա երևում է, որ կինն իրենց շնիկին իջեցնում է բակ, իսկ շնիկը վազում է դեպի պարտեզ։ Այս պատմություններին և դրանց ընթացքին հետևում էր պարապուրդի մատնված Ջեֆրիսը, ով բավարարում էր իր ձանձրույթը՝ հետաքրքրությամբ նայելով հեռադիտակից։ Նրա պատուհանից երևում էր նաև մարդասպանի բնակարանը (Ռեյմոնդ Բյոր), թեպետ առաջին հայացքից վերջինս ամենևին էլ մարդասպանի տեսք չուներ. ատլետիկ կազմվածքով, բարձրահասակ ու լայնաթիկունք, ակնոցավոր պարոնը մտնում է ննջասենյակ, որի պատուհանից երևում է հիվանդ կինը։ Վերջինս ինչ-որ աղերսանքով, երբեմն էլ բարկությամբ հանդիմանում է նրան՝ չիմանալով, թե հետո ինչ է սպասվելու իրեն։

Այս ֆիլմում ամենագրավիչը, թերևս, Հիչքոկի մոտեցումն է հերոսների պատմությունների հանդեպ։ Հերոսներից ամեն մեկն ունի իր պատմությունը, ավելի ճիշտ՝ ամեն մի պատուհան ունի իր պատմությունը, որի գլխավոր ականատեսն է։ Գեղարվեստական փայլուն մոտեցում է։ Ինչևէ, Ջեֆրիսը, ով տապից ու հոգնածությունից քնել էր, արթնանում է աղաղակներից և, արագորեն վերցնելով հեռադիտակը, նկատում է, որ մարդասպանն ու նրա կինը թունդ վեճի մեջ են։ Ապա մարդասպանը, դուռը փակելով, ինչ-որ տեղ է զանգահարում, և նրա դեմքին նկատվում է մեղմություն ու հանգստություն։ Կինը դուրս է գալիս անկողնուց և, լսելով այդ հեռախոսազրույցը, ավելի բարձր է սկսում բղավել, նրանք վիճում են, ապա Թորվալդը մի քանի վայրկյանով լքում է տունը։ Ջեֆրիսը ամեն ինչ հասկանում է. Թորվալդը սիրուհի ունի, իսկ կինը նրան խանգարողն է։ Թորվալդը հեռացել էր, իսկ ներքևի պատուհանից երևում էր «միսս միայնակության» կերպարանքը․ նա հագնվում է և դուրս է գալիս։ Բակը լռում է։ Այդ ընթացքում գալիս է Ջեֆրիսի օգնականը և սպասուհին՝ Ստելլան (Թելմա Ռիթեր)։ Ջեֆրիսը ամեն ինչ պատմում է նրան, իսկ նա, նույն եզրակացությանը հանգելով, խորհուրդ է տալիս այդ իրավիճակում հանգստություն պահպանել։ Ապա հայտնվում է Լիզա Ֆրեմոնը՝ Ջեֆրիսի ընկերուհին, ով, հավատալով նրա պատմությանը, մի գիշեր է անցկացնում նրա տանը։ Հենց այդ ժամանակ է կատարվում ամենասարսափելին։
 |
Հիչքոկը՝ դստեր պսակադրության ժամանակ |
Ջեֆրիսը և նրա ընկերուհին ժամանակ են անցկացնում ընթրիքով լի սեղանի շուրջ, երբ հանկարծ Ջեֆրիսը նկատում է, թե ինչպես է Թորվալդը մի պահ մտնում ննջասենյակ (որտեղ կինը բացակայում էր) և արագ դուրս է գալիս տնից։ Ջեֆրիսը սարսափած մտածում է, թե Թորվալդը սպանել է կնոջը, որպեսզի նա չխանգարի իր և սիրուհու հանդիպմանը, իսկ Լիզան կարծում է, թե Թորվալդը նրան պարզապես հիվանդանոց է տարել։ Դժբախտությունն այն էր, որ նրանք չէին նկատել տեղի ունեցածը։ Տիրում է սպասման գերլարված մի պահ (սասփենսի գագաթնակետերից մեկը), հետո գալիս է Ստելլան, ում նրանք ամեն ինչ պատմում են։ Ստելլան, ինչպես և Ջեֆրիսը, նույն կարծիքին է։ Ջեֆրիսը որոշում է հրավիրել իր ընկերոջը՝ դետեկտիվ Թոմաս Դոյլին (Ուենդել Կորի) և պատմել տեղի ունեցածը։ Վերջինս չի հավատում՝ ասելով, թե հարկավոր են փաստեր։ Դետեկտիվը հեռանում է, իսկ Թորվալդը հայտնվում է։ Սարսափի ու վախի զգացումն ուժգնանում է։ Սակայն, ի զարմանս նրանց, Թորվալդը անջատում է բոլոր լույսերը և նստում է մթության մեջ՝ կրակայրիչը վառած։ Առավոտյան Ջեֆրիսն ու Լիզան արթնանում են պատշգամբում քնող ամուսինների աղաղակներից։ Կինը գոռում էր, թե «շնիկը ոչ մեկին ցավ չէր պատճառել, ինչպես կարող էին սպանել նման անպաշտպան արարածի»։ Ի՞նչ էր կատարվել։ Շնիկի անշնչացած մարմինն ընկել էր պարտեզի դիմաց, ու բոլորը նայում էին պատուհաններից։ Բոլորը՝ բացի Թորվալդից։ Գալիս է Ստելլան, և Ջեֆրիսը որոշում է նրա ու Լիզայի օգնությամբ իմանալ, թե ի՞նչ է կատարվել Թորվալդի ընտանիքում։ Սակայն ամեն ինչ պարզ է դառնում այն ժամանակ, երբ բոլորն իրենց երեկոյան ընթրիքն են վայելում, իսկ Թորվալդը լոգասենյակի պատերն է մաքրում (մինչդեռ նա այնքան էլ մաքրասեր չէր)։ Նրա ննջասենյակի պատուհանից երևում են ճամպրուկները։ Ջեֆրիսը հասկանում է, որ նա սպանել է կնոջը, իսկ հիմա արյունն է մաքրում։ Լիզային ու Ստելլային այնտեղ ուղարկելը վտանգավոր էր։ Ջեֆրիսը անիմաստ է համարում դետեկտիվին զանգահարելը, քանի որ նա իրեն չէր հավատալու։

Բայց Թորվալդը ևս մեկ ապացույց է ի հայտ բերում։ Լոգասենյակը մաքրելուց հետո նա գնում է ննջասենյակ և կնոջ պայուսակից հանելով բազմաթիվ ադամանդյա իրեր, այդ թվում՝ ամուսնական մատանին, սկսում է հեռախոսով զրուցել՝ մատանին ձեռքում պտտեցնելով․ երևի սիրուհու հետ է խոսում։ Լիզան մի նոր առաջարկ է անում․ հարկավոր է մատանին վերցնել՝ ոստիկանությանը փաստեր ներկայացնելու համար։ Ջեֆրիսն ընդդիմանում է և, հիշելով բակի պարտեզը, ցույց է տալիս մի լուսանկար, որտեղ կենտրոնի վարդագույն ծաղիկը հավասար էր մյուս ծաղիկներին, իսկ հիմա, երբ իրենք նայում են պարտեզին, այդ նույն ծաղիկը դուրս է ցցված ընդհանուր շարքից (կնոջ դիակը այնտեղ էր թաղված)։ Ավելի հարմար կլիներ փորել և գտնել դիակը, հետո միայն զանգահարել ոստիկանություն։ Փորձը չի հաջողվում․ հողի տակ կա՛մ դիակ չկար, կա՛մ էլ շատ խորն էր թաղված, այնպես որ՝ գտնել հնարավոր չէր (Թորվալդը հենց այդ պատճառով էլ սպանել էր դիակի հոտն առած ու հողը փորող շնիկին)։ Հետաքրքրասեր ու արդարամիտ Լիզան որոշում է հրշեջ սանդուղքով թափանցել Թորվալդի բնակարան։ Ջեֆրիսը տագնապահար է․ նրան ու Ստելլային ոչինչ չի մնում անելու, քան հետևել վտանգի առաջ կանգնած Լիզային։ Հիչքոկը սասփենսը վարպետորեն օգտագործել է նաև այս տեսարանում։
 |
Հիչքոկը և Դանի Ռոբենը |
Հանկարծ, երբ Լիզան գտնում է ամուսնական մատանին և այն հագցնելով մատին՝ պատրաստվում է հեռանալ, միջանցքում հայտնվում է Թորվալդը։ Սասփենսը և սարսափի զգացումը պատրաստ են։ Թորվալդը սկսում է ծեծել աղջկան, իսկ Ջեֆրիսը զանգահարում է ոստիկանություն և իր ընկերոջը։ Ոստիկանությունը վերջապես հայտնվում է, և Լիզան, շրջվելով պատուհանի կողմը, ցույց է տալիս մատանին։ Թորվալդը դա նկատում է և նայում Ջեֆրիսի պատուհանին։ Այժմ արդեն Ջեֆրիսն է վտանգի մեջ։ Թորվալդը հեռանում է ոստիկանի և Լիզայի հետ, ում ձերբակալում են օտար բնակարան ներթափանցելու համար, իսկ Ստելլան, գումար վերցնելով, գնում է Լիզային ազատելու։ Ջեֆրիսը անջատում է բոլոր լույսերը, և հանկարծ լսում է քայլեր, որոնք մոտենում էին իր դռանը։ Ջեֆրիսը կռահում է, որ Թորվալդն է, և պատրաստվում է հարձակման՝ վերցնելով լուսանկարչական տեսախցիկը։ Հայտնվում է Թորվալդը և քաշքշուկի ժամանակ Ջեֆրիսին ցած է նետում պատուհանից։ Ֆիլմի ավարտին ոստիկանությունը ձերբակալում է Թորվալդին, իսկ Ջեֆրիսը վայր ընկնելու հետևանքով կոտրում է նաև մյուս ոտքը։ Հիչքոկի այս հանրահայտ ֆիլմը ստացել է Էդգար Պոյի անվան մրցանակ, Ամերիկյան կինոքննադատների մրցանակը, ինչպես նաև «Օսկարի» է ներկայացվել չորս անվանակարգում։ Առջևում «Գլխապտույտ», «Պսիխո», «Թռչուններ» ֆիլմերն էին, որոնցից յուրաքանչյուրում Հիչքոկը նորովի էր բացահայտում իր մեծությունը։
Գլուխ երրորդ
(«Մարդիկ այնքան տարօրինակ են»)
1
Տրյուֆոյի հետ զրույցներից մեկում Հիչքոկը այսպիսի կարծիք է հայտնում․ «Ավարտված ֆիլմն իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»։ Այս միտքն ընդգծում է նրա ֆիլմերի բացառիկությունը։ «Թռչուններ» ֆիլմում, օրինակ, հերոսները դուրս են գալիս տնից՝ տեսնելով հազարավոր թռչուններ՝ ճայեր, ագռավներ, ապա գնում են դեպի մեքենան՝ դանդաղ ու զգուշավոր։ Եվ ահա ֆիլմը ավարտվում է․․․ Իսկ ի՞նչ է լինելու հետո, արդյոք ճայերը կհարձակվե՞ն՝ այդպես էլ մնում է գաղտնիք, ավելի ճիշտ՝ մնում է ֆիլմի ետևում։ Հանդիսատեսը ֆիլմի ավարտից հետո երկար մտորում է (իսկական կինոյի գաղտնիքներից մեկը)՝ փորձելով նորից ու նորից վերծանել վերջին կադրը։ Հենց սա է հիչքոկյան ֆիլմերի բացառիկության վկայությունը։ 1950-ականներին Հիչքոկը հայտնվում է ճգնաժամային հոգեվիճակում, որը նրան ստիպում է մտորել նոր մտահղացումների ու նոր սցենարների մասին։ Սակայն նոր մտահղացումներ չկային, սցենարներ՝ նույնպես, գիրությունն էլ իր հերթին էր ստիպում անընդհատ պառկել ու քնել։
 |
Հիչքոկը կնոջ հետ |
1951թ-ին նա ավարտում է «Անծանոթները գնացքում» ֆիլմը և դեկտեմբերին մեկնում է Սանտա Քրուզ՝ ամանորյա տոներն այնտեղ անցկացնելու համար։ Նա փորձում էր ազատությանը չտրվել, այլ զբաղվել ընթերցանությամբ և ուսումնասիրել այդ գեղատեսիլ բնակավայրը։ Այդ ժամանակ նա արդեն ուներ իր հաստատուն տեղը ամերիկյան կինոարվեստում՝ որպես սասփենսի մեծագույն վարպետ։ Երբ Հիչքոկը սկսում է համագործակցել Warner Bros. ընկերության հետ, որոշում է կիրառել գունային տարբեր լուծումներ ու մեթոդներ, որոնց շնորհիվ, ինչպես նշում է ընկերությունը, հիչքոկյան պատկերները կարող էին ավելի ճշմարտանման ու ազդեցիկ դառնալ և իսկապես վախ ներշնչել հանդիսատեսին։ Բայց Հիչքոկի նպատակը հանդիսատեսին վախեցնելը չէր, այլ ստեղծագործելը և իր ճանաչած ու ձևավորած արվեստը ցուցադրելը, իսկ մնացյալը նա համարում էր «կեղծ հիմարություն՝ անցողիկ, հին ու պարզունակ»։ Գաղափարական հակասությունները պատճառ դարձան, որ Հիչքոկը հեռանա Warner Bros.-ից և տեղափոխվի Paramount Pictures։ Նա կրկին որոնումների մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք մի մարդու, ով վարում է ծանրաշարժ բեռնատար, որի վրա գրված է «Խամաճիկների սգո քայլերգ»․ եթե չեք պատկերացնում, ապա կարող եք տեղափոխվել, օրինակ, 1955թ-ի հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 10-ի Ամերիկան և, միացնելով հեռուստացույցը, դիտել այդ և մյուս տեսարանները, հետո էլ կարդալ «Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է» հետաքրքիր ազդագիրը։ Սրանք փոքր, կես ժամանոց դետեկտիվներ էին, որոնք նա ներկայացնում էր ամեն օր՝ 7 տարի շարունակ, և որոնք նրան մեծ հաջողություն բերեցին ոչ միայն ֆինանսական, այլև ստեղծագործական ներշնչանքի առումով։

1957թ-ին Հիչքոկը սկսեց նկարահանել «Գլխապտույտ» ֆիլմը, որի սցենարը գրել էր Սեմուել Թեյլորը՝ Բուալոյի և Նարսեժակի «Մեռյալների աշխարհից» վեպի հիման վրա։ Հիչքոկը սյուժեից վերացրեց ռոմանտիկ երանգները՝ պատմությունը դարձնելով ավելի ռեալիստական։ Սցենարի մշակման աշխատանքների ժամանակ նա առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Cedars of Lebanon հիվանդանոց՝ ստամոքսի խոց ախտորոշմամբ։ Հենց որ նա ի վիճակի եղավ ոտքի կանգնելու, իսկույն վերադարձավ նկարահանումներին։ Ընտրվեցին դերասանները․ գլխավոր հերոսի՝ դետեկտիվ Ջոն Սքոթի Ֆերգյուսոնի դերում հանդես էր գալու Ջեյմս Ստյուարտը (ում կարելի է հիչքոկյան դերասան համարել), իսկ արտասովոր հերոսուհու՝ Մադլեն Էլսթերի (և Ջուդի Բարթոնի) դերում՝ Կիմ Նովակը։ Վերջինս, Հոլիվուդում արդեն ճանաչում ձեռք բերած դերասանուհի լինելով, Հիչքոկի մոտ եկավ սեփական ձևավորված սկզբունքներով, որոնք ռեժիսորին դուր չէին գալիս։ Հիչքոկը արվեստին առնչվող երկար խոսակցությունների միջոցով սկսեց իր հոգեբանական «գրոհները»։ Ֆիլմի պրոդյուսեր Հերբերտ Քոուլմանի խոսքերով՝ «նա ստիպեց, որ Նովակը ենթարկվի իրեն, ինչպես փոքրիկ, չարաճճի երեխան կենթարկվեր մորը»։ Այսպիսով, ամեն ինչ պատրաստ էր, և նկարահանումները մեկնարկեցին։
 |
Հիչքոկի ընտանիքը |
Ֆիլմի սկզբում Ջոնին հանդիպում է իր հին ծանոթ Գևին Էլսթերին, ով պատմում է, թե իր կինը՝ Մադլենը, տարօրինակ վարքագիծ է դրսևորում և թողնում է հոգեպես անառողջ մարդու տպավորություն, ինչի պատճառով էլ Ջոնին, Էլսթերի խնդրանքով, պիտի հետևի կնոջ յուրաքանչյուր քայլին։ Ջոնին, ով մի ողբերգական իրադարձության հետևանքով թողել էր աշխատանքը, սկզբում հրաժարվում է, քանի որ ձեռք էր բերել ակրոֆոբիա (վախ բարձրությունից), որն ուղեկցվում էր գլխապտույտներով։ Սակայն հետո համաձայնում է և հայտնվում մի խորհրդավոր պատմության կիզակետում։ Նա պարզում է, որ Մադլենը հաճախակի «կերպարանափոխվում է»՝ վերածվելով ոմն Կառլոտա Վալդեսի և կորցնելով իրականության զգացողությունը (հետագայում պարզվում է նաև, որ Կառլոտան Մադլենի նախատատն է, ով ինքնասպանություն է գործել քսանվեց տարեկան հասակում)։ Ջոնին Մադլենին փրկում է խեղդվելուց և բերում է իր տուն՝ այդ մասին տեղեկացնելով Էլսթերին։ Նա այլևս չի կարող անտարբերությամբ վերաբերվել այս պատմությանը, քանի որ սիրահարվել է Մադլենին։ Վերջինս Ջոնիին պատմում է իր երազը․ իսպանական գյուղակ, հին եկեղեցի՝ զանգակատնով, անանուն գերեզմանաքար․․․ Ճշմարտությունը պարզելու համար Ջոնին նրան տանում է իրականում գոյություն ունեցող Սան Խուան Բաուտիստա եկեղեցի, որտեղ ինչ-որ դեպքեր են տեղի ունեցել։ Եկեղեցու շրջակա տարածքում Մադլենը մտովի տեղափոխվում է 100 տարի առաջ, երբ այդտեղ բնակվում էր Կառլոտա Վալդեսը։ Հետո նա սեր է խոստովանում Ջոնիին և նետվում դեպի զանգակատուն, որտեղ Ջոնին չի կարողանում բարձրանալ իր վախի պատճառով (Հիչքոկը բարձրությունը պատկերում է այնպես, որ հանդիսատեսը նույնպես մոլորության մեջ է ընկնում, քանի որ անդնդանման տարածություն է ստեղծվում)։ Նա տեսնում է միայն Մադլենի վայր ընկնող մարմինը և փախչում դեպքի վայրից։

Եվ ահա, ինչպես ասում էր Հիչքոկը՝ դիտելով այդ կադրը․ «Պատմությունը նոր է սկսվում»։ Ջոնին իր ապրած խոր ցնցման պատճառով հայտնվում է հիվանդանոցում, նա իրեն մեղավոր է զգում, որ չի կարողացել փրկել աղջկան։ Հիվանդանոցից դուրս գալով՝ նա այցելում է այն բոլոր վայրերը, որտեղ նախկինում հետևել էր Մադլենին, նա ամենուր փնտրում է այդ կնոջը և օրերից մի օր պատահաբար հանդիպում է Ջուդի Բարթոնին, ով արտաքուստ շատ նման էր Մադլենին, սակայն սովորական վաճառողուհի էր խանութում՝ բոլորովին այլ բնավորության ու կենսակերպի տեր։ Ջոնին ստիպում է, որ Ջուդին հագնվի ճիշտ այնպես, ինչպես Մադլենն էր հագնվում։ Գևին Էլսթերի կազմակերպած հրեշավոր ինտրիգը բացահայտվում է այն ժամանակ, երբ Ջուդին մի երեկո որոշում է կրել այն հին ու թանկարժեք վզնոցը, որը Ջոնին տեսել էր Մադլենի նախատատի՝ Կառլոտա Վալդեսի դիմանկարում։ Ջոնին հասկանում է, որ Ջուդին նույն Մադլենն է, և նա խելագարված կնոջ դերն է կատարել Էլսթերի պատվերով, քանի որ Էլսթերը նպատակ ուներ ազատվել իր կնոջից, իսկ Ջոնին հարմար վկա էր արդեն իսկ սպանված Մադլենի սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար։ Նա վախենում էր բարձրութունից և չէր կարող բարձրանալ զանգակատան տանիք, որտեղից Էլսթերը Ջուդիի աչքի առաջ ցած էր նետել Մադլենի անշնչացած մարմինը։
Ջոնին, մտովի վերականգնելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, Ջուդիին ուժով տանում է զանգակատան տանիք, որպեսզի վերջապես ազատվի իր վախերից և մեղավորության զգացումից, ինչն էլ նրան հաջողվում է։ Բայց հաջողվում է շատ թանկ գնով, որովհետև Ջուդին կրկնում է սպանված Մադլենի ճակատագիրը․ նա անզգուշաբար ցած է ընկնում այդ նույն տանիքից։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Բեռնարդ Հերմանն էր, ով շարունակաբար աշխատել է Հիչքոկի հետ։
2
 |
Գրեգորի Պեկը համբուրվում է, Հիչքոկը՝ սպասում |
1960թ-ին, երբ աշխարհն արդեն դիտել էր «Գլխապտույտը» և սպասում էր Հիչքոկի նոր գլուխգործոցներին, նա հանդիսատեսին է մատուցում իր մյուս հանրահայտ ստեղծագործությունը՝ «Պսիխոն»։ Սակայն մինչ այդ նրա կյանքում տեղի է ունենում մի տխուր իրադարձություն։ Հոգեպես միշտ միայնակ Հիչքոկը միայնության է դատապարտվում նաև ֆիզիկապես․ նրա կնոջ՝ Ալմայի մոտ բժիշկները հայտնաբերում են չարորակ քաղցկեղ, և Ալման մեկնում է երկարատև բուժման։ Հիչքոկն այդ ընթացքում նոր ու ցնցող պատմություն է փնտրում իր հաջորդ ֆիլմի համար և վերջապես գտնում է։ Ռոբերտ Բլոխի համանուն վեպն իսկույն գրավում է նրա ուշադրությունը՝ հատկապես տպավորելով լոգարանում տեղի ունեցած սպանության տեսարանով։ Հիչքոկը Paramount Pictures-ին դիմում է վեպն էկրանավորելու թույլտվություն ստանալու համար, բայց ընկերության ղեկավարությունը որևէ հետաքրքրություն չի նկատում իր մահացած մոր զգեստները հագնող և սպանություններ գործող մոլագարի պատմության մեջ։ Հիչքոկը, սակայն, մտադրություն չուներ հրաժարվելու իր նպատակից։ «Շատ լավ, ինքս գլուխ կհանեմ»,- ասում է նա և սկսում աշխատանքները։
Հայտնի է, որ գլխավոր հերոս Նորման Բեյթսի դերակատար Էնթոնի Փերքինսը, հրավիրվելով նկարահանման տաղավար, դեռ ներս չմտած՝ լսում է լարային գործիքների կատարմամբ հնչող սարսափազդու երաժշտություն, ինչն էլ նրան ստիպում է բղավել․ «Հի՛չ, որտե՞ղ եք»։ Այնուհետև նա նկատում է Հիչքոկին ու կոմպոզիտոր Բեռնարդ Հերմանին, ովքեր քարացած ունկնդրում էին այդ սարսափը։ Հիչքոկը շրջվում է Փերքինսի կողմը և հանգիստ ասում․ «Այս երաժշտության ներքո դու կսպանես նրան»։

Գոյություն ունի «Պսիխոյին» նվիրված 6 ժամանոց վավերագրական ֆիլմ, որտեղ Հիչքոկը էքսկուրս է անցկացնում նկարահանման տաղավարում՝ պատմելով ընթացող աշխատանքի վերաբերյալ։ Ուրախ երաժշտության հնչյունների ուղեկցությամբ նա մտնում է ֆիլմում ներառված վայրերը, խոսում է Բեյթսի տան, հյուրանոցի, նրա գաղտնիքների, տարբեր իրերի նշանակության մասին՝ իր պատմությունը սկսելով «բարև, իմ անունն է Ալֆրեդ Հիչքոկ» անփոփոխ ու հանրահայտ բառերով։ Նորման Բեյթսի տան ընտրության համար նախատիպ էր դարձել ամերիկացի նշանավոր նկարիչ Էդվարդ Հոփերի «Տունը երկաթգծի մոտ» կտավը, որով ոգեշնչված՝ Հիչքոկը գտնում է իրական մի տուն Նյու Յորք նահանգի Հավեսթրոու քաղաքում։ Վեպի ավարտը համարելով երկարաշունչ ու անհետաքրքիր՝ Հիչքոկը փորձում է ստեղծել ավելի խորհրդավոր ու գրավիչ տարբերակ, ընդ որում՝ մինչև նկարահանումների ավարտը գաղտնի է պահում մանրամասները։ Հեռուստատեսային գունային գամման հայտնաբերվել էր դեռևս 1950-ականներին, իսկ «Պսիխոն» նկարահանվել է 1960թ-ին, սակայն քանի որ ֆիլմում արյունալի տեսարանները բավականին շատ էին (հատկապես լոգարանի տեսարանը), Հիչքոկը որոշում է չկիրառել գույներ և հանդիսատեսին հեռու պահել դեպրեսիա առաջացնող կարմիրից՝ նկարահանելով սև-սպիտակ ֆիլմ։ Արյան փոխարեն ֆիլմում օգտագործվում է շոկոլադե օշարակ։ Ինչ վերաբերում է ֆիլմի երաժշտությանը, ապա Բեռնարդ Հերմանի աշխատանքն այնքան է դուր գալիս Հիչքոկին, որ նա կրկնապատկում է կոմպոզիտորի հոնորարը։
 |
Հիչքոկը և Ջուլի Էնդրյուսը |
Ֆիլմի հերոսուհին՝ գրասենյակային աշխատող Մերիոն Քրեյնը (Ջանեթ Լի), ով դժգոհ էր իր կյանքից և սիրած տղամարդու հետ ունեցած անկայուն հարաբերություններից, գողանում է տնօրենի կողմից իրեն վստահված խոշոր գումարը՝ 40 հզ դոլար, և փախչում է քաղաքից։ Ժամեր շարունակ մեքենա վարելուց ուժասպառ և հորդառատ անձրևից պատսպարվելու նպատակով՝ Մերիոնը հանգրվանում է առաջին իսկ պատահած մոթելում, որի տերը երիտասարդ և առաջին հայացքից հմայիչ Նորման Բեյթսն էր։ Իրականում Բեյթսը տառապում էր անձի երկատվածությամբ․ իր երկակի կյանքերից մեկում նա հյուրատան տնօրեն Նորմանն էր, ով թռչունների խրտվիլակներ էր պատրաստում, քաղաքավարի էր ու բարեհամբույր, իսկ մյուսում նա հանգուցյալ մոր զգեստը հագնող, նրա անունից խոսող և որդուն ամեն ինչ արգելող Նորմանն էր, ով դաժան մարդասպան էր, վտանգավոր խելագար։ Մերիոնը Նորմանին դուր է գալիս, նրանք միասին ընթրում են։ Մենակ մնալով իր սենյակում՝ Մերիոնը թղթի վրա հաշվարկներ է կատարում գողացված գումարի վերաբերյալ, սակայն հետո պատռում է թուղթն ու նետում զուգարանակոնքի մեջ (հենց այդ թղթի՝ պատահաբար անվնաս մնացած կտորներից մեկն էլ հետագայում նկատում են և պարզում, որ նա եղել է Բեյթսի մոթելում)։

Մերիոնը սպանվում է ցնցուղի տակ լոգանք ընդունելիս, և սա կինեմատոգրաֆի ամենանշանավոր կադրերից է․ հայտնվում է կանացի հագուստով Նորմանը, ում դեմքը չի երևում, և դանակով բազմաթիվ հարվածներ է հասցնում աղջկան։ Սպանությունից հետո Բեյթսը խնամքով վերացնում է բոլոր հետքերը, և Մերիոնի մեքենան, որի մեջ նրա դիակն էր, իրերը և գողացված գումարը (Նորմանը մինչև վերջ էլ չի իմանում, որ ծալված թերթի ներսում գումար է թաքցված), խորտակում է ճահճում։ Մասնավոր խուզարկու Միլթոն Արբոգաստը գողացված գումարի հետքերով փնտրում է Մերիոնին։ Սկսում են փնտրել նաև աղջկա սիրեկանը և քույրը։ Հետքերը խուզարկուին հասցնում են Բեյթսի մոթել։ Բեյթսը սկզբում հերքում է, բայց հետո ընդունում է, որ Մերիոնը գիշերել է իր մոթելում, իսկ հաջորդ առավոտ, իբր, մեկնել է։ Խուզարկուն կասկածում է, և կրկին կերպարանափոխված Նորմանը սպանում է նրան։ Հետաքննությունը շարունակում են Մերիոնի քույր Լայլան և սիրեկանը՝ Սեմը։ Գտնելով Մերիոնի ձեռքով գրված թղթի կտորը՝ Լայլան մուտք է գործում Նորմանի տուն, տեսնում է մոր կմախքը և բացահայտում գաղտնիքը։ Ոչ պակաս հայտնի է ձերբակալված Նորմանի մասնակցությամբ տեսարանը, երբ նա միայնակ նստած է բանտախցում և մտովի խոսում է մոր ձայնով, իսկ ձայնը մեղադրում է նրան բոլոր հանցագործությունների համար։ Ֆիլմն ավարտվում է Մերիոնի՝ ճահճից դուրս բերվող մեքենայի տեսարանով։ Ֆիլմը չորս անվանակարգում ներկայացվել է «Օսկարի»։
 |
Հիչքոկը և Մառլեն Դիտրիխը |
«Պսիխոյից» հետո Հիչքոկը 1963թ-ին նկարահանում է «Թռչուններ» ֆիլմը, որում մեկտեղված են ֆանտաստիկ թրիլերի, ապոկալիպտիկ ֆիլմ-աղետի, սարսափ-ֆիլմի և դասական մելոդրամի տարրեր։ «Թռչունները» նկարահանվել է Դաֆնա դյու Մորիեի պատմվածքի հիման վրա։ Պատկերացրեք մի խաղաղ քաղաք, որտեղ հանկարծ տեղի է ունենում աղետ․ քաղաքը ենթարկվում է անհամար թռչունների գրոհին։ Այդ գիշատիչ գրոհի հետևանքով նույնիսկ մարդիկ են զոհվում։ Թռչունները դառնում են ողջ տարածքի միակ վերահսկողը, իսկ մարդիկ ահաբեկված փակվում են տներում՝ վախենալով դառնալ հերթական զոհը։ 1961թ-ին նմանօրինակ մի պատմություն տեղի էր ունեցել Քալիֆոռնիա նահանգում, որտեղ հարյուրավոր մրրկահավեր գրոհել էին Կապիտոլա քաղաքը՝ հարձակվելով անցորդների վրա և բախվելով տների պատերին ու պատուհաններին։ Ֆիլմը ստեղծելիս Հիչքոկը փորձել է զուգահեռներ անցկացնել մարդկանց ու թռչունների միջև․ առաջին մասում, օրինակ, մարդիկ են թռչուններին պահում վանդակներում, իսկ երկրորդ մասում արդեն թռչուններն են մարդկանց բանտարկում ավտոմեքենաների ու տների «վանդակներում»։
1976թ-ին էկրան է բարձրանում Հիչքոկի վերջին ֆիլմը՝ «Ընտանեկան դավադրությունը»։ Կյանքի վերջին տարիներին ռեժիսորը, առողջության վատթարացման պատճառով, ստիպված էր հաճախակի պահպանել անկողնային ռեժիմ։ 1980թ-ին, 80 տարեկան հասակում, Հիչքոկը վախճանվում է Լոս Անջելեսում գտնվող իր տանը։ «Ես զգում եմ, որ լույսը մարում է․ վերջապես կկարողանամ հանգստանալ և մի կուշտ քնել»,- ասում է նա՝ ընդմիշտ լքելով կյանքն ու կինեմատոգրաֆը։
Հասմիկ Կարապետյան