«Կինոն կյանքն է, որի վրայից մաքրել են ձանձրույթի կեղտաբծերը»։ Ալֆրեդ Հիչքոկ
Ալֆրեդ Հիչքոկ. սասփենսի անկրկնելի արքան (մաս առաջին)
Գլուխ երկրորդ
(«Ես գտա՝ անվանումը «սասփենս է»)
1
Սկսվում է 1928թ-ը, երբ համաշխարհային կինոպաշարը համալրվում է ամենակարևոր (գուցեև՝ խանգարող) բացահայտմամբ՝ ձայնով։ Սա, հիրավի, Հիչքոկին հնարավորություն կտար նախ՝ ազատվել իր ֆիլմերի համար սցենար մշակող Էլիոթ Սթանարդից, ով, 20-ական թթ-ներից սկսած, հարմարվել էր Հիչքոկի յուրօրինակ երևակայությանը, ապա՝ ոչ միայն հարստացնել կադրը բազմաթիվ գործողություններով (որոնց Հիչքոկը մեծ նշանակություն էր տալիս), այլև ձայնի միջոցով ավելի մոտենալ իր մեջ ձևավորված փիլիսոփայությանը, այն է՝ հանդիսատեսի շրջանում ավելի շատ կասկած հարուցել՝ հերոսին հավատալու կամ չհավատալու առումով։ Աշխարհն արդեն դիտել էր «Ջազային երգիչը» և «Նյու Յորքի լույսերը» ֆիլմերը։ Ոմանք ընդունում էին ձայնի անհրաժեշտությունը կինոյում, սակայն կար կինովարպետ Չապլինը, ով միանգամայն ժխտում էր ձայնը՝ համարելով, որ այն խանգարում է «մաքուր կինոյին»։ Հիչքոկն ընդունում էր երկու կարծիքներն էլ, սակայն, ինչպես ինքն էր հավաստիացնում․ «Ձայնը կինոյում հրաշալի է, ինչպես աղը՝ տապակած հավին»։
 |
Սալվադոր Դալիի կտավի կողքին |
Հիչքոկը 1929թ-ին սկսում է աշխատել իր «Շանտաժ» ֆիլմի վրա, որը կարելի է համարել նրա երկրորդ ամբողջական ու լավագույն ֆիլմը։ Այն ընդունվում է մեծ հաջողությամբ, ինչը փաստում է Today's Cinema ընկերությունը՝ հայտարարելով, որ Regal կինոթատրոնում հանդիսատեսը, ֆիլմը դեռևս չավարտված, «յոթ ժամ ծափահարել է», և սա, իրոք, հաջողություն էր։ Անգլիայի փողոցները, գովազդները, ազդագրերը միմիայն հիչքոկյան էին։ Սակայն, մինչ այս ամենը, Հիչքոկը, դիտելով Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» և Պուդովկինի «Մայրը», ծանոթացավ մոնտաժային արվեստին։ Նա դետալներին կարևորություն էր տալիս։ Այդ ամենն ըմբռնեց որպես «մաքուր կինո» և «մաքուր մոնտաժ»։ «Դերասանը,- եզրակացնում է նա,- արդեն գլխավոր տեղը չի զբաղեցնում, հիմա նրա միմիկան, խաղը և ժեստերը, ինչպես նաև՝ ապրումները, միացվում կամ առանձնանում են մոնտաժի շնորհիվ»։ Հետագայում այս փորձերը մեծ հաջողության են հասցնում նրան։ Իսկ կինոյից դուրս Հիչքոկը բազմաթիվ անգամ կազմակերպել է փոքրիկ Hate Club-ներ (նա անվանում էր «նախանձի հավաքույթ»), որտեղ քննարկվում էին վերջին ժամանակներում նկարահանված անգլիական ֆիլմաշարերը։ Մի անգամ, երբ Հիչքոկին համոզում էին, թե «ֆիլմը հանդիսատեսի համար է նկարահանվում», նա իրեն հատուկ ծանրությամբ կանգնեց ու հայտարարեց, որ «ֆիլմը ձևավորվում է ոչ թե հանդիսատեսի, այլ ճակատագրի սկզբունքով, քանի որ երբ հանդիսատեսը դիտում է տվյալ ռեժիսորի ֆիլմը և հասկանում է կամ կռահում է, թե ի՞նչ է լինելու հետո, ապա վերջինիս ճակատագիրը անդունդն է գցում»։ 30-ականներին կինոն լողում էր ձայնային ելևէջներում՝ համարելով, որ ջուրը քաղցր է, և դառը համրության մեջ կարիք չկա լողալու, իսկ Հիչքոկը չէր ժխտում ձայնի նկատմամբ իր համակրանքը։

Նա սկսում է նկարահանել ժամանակակից դրամաներ, մելոդրամներ, երաժշտական ֆիլմեր։ «Ինձ դուր է գալիս օգտվել ժանրային ահռելի բազմազանությունից, սակայն ես չեմ մոռանում, որ գլխավորն ինձ համար մնում է դետեկտիվը, որի հետ կապված եմ»։ Ֆրանսուա Տրյուֆոն, լինելով Հիչքոկի մեծ երկրպագուներից և աշակերտներից մեկը, դիտելով «Լեդին անհետանում է» դետեկտիվ դրամատիկ ֆիլմը, ասել է․ «Երբեմն ես այդ ֆիլմը շաբաթը երկու անգամ եմ դիտում, այն ինձ հիացմունք է պատճառում»։ Ֆրանսուա Տրյուֆոն տարված է Հիչքոկի արվեստով, իսկ վերջինս իր համար բացահայտում է սասփենսը։ Հիչքոկի ֆիլմերի գլխավոր առանձնահատկությունը սցենարի, մոնտաժային և վիզուալ «գործիքների» օգնությամբ վախի, լարվածության ու տագնապի մթնոլորտի ստեղծումն է, ինչը նա վարպետությամբ էր օգտագործում։ Հետագայում, երբ նա նկարահանում է «Գլխապտույտը», «Պսիխոն» և այլ ֆիլմեր, հիչքոկյան մթնոլորտը ավելի սարսափելի է դարձնում երաժշտությունը, որը համեմում էր կադրերն իր մռայլ ու անհարմարավետ երանգներով։ Սասփենսը բացահայտելիս նա եզրակացնում է․ «Սասփենսի հրաշալի մթնոլորտը ստեղծելու համար, որպես կանոն, հարկավոր է, որ հանդիսատեսը տեղյակ լինի կատարվող իրադարձություններից», այսինքն՝ ստեղծել մի խաղ, որտեղ ներկա կլինեն երեքը՝ ֆիլմը, ռեժիսորը և հանդիսատեսը։ Հիչքոկը դետեկտիվի օգնությամբ, որը հեշտացնում էր սասփենսի օգտագործումը, ապահովում էր հետաքրքրություն ֆիլմի նկատմամբ, քանի որ «սասփենսն առանց զգացողությունների անիմաստ է դառնում»։
 |
երեկույթ՝ «Ռեբեքա» ֆիլմի ստացած երկու «Օսկարի» առթիվ |
Նա առհասարակ սիրում էր պայմանագրեր կնքել, հատկապես՝ լավ ֆինանսներ ունեցող պրոդյուսերների հետ։ 1937թ-ին, երբ նա աշխատում էր «Երիտասարդ և անմեղ» ֆիլմի վրա, որոշում է մի քանի ամսով արձակուրդ վերցնել ու ընտանյոք հանդերձ մեկնել Ամերիկա՝ Նյու Յորք, որտեղ, ինչպես համոզված էր, նոր մարդկանց հետ կծանոթանա (ինչը նրա պարագայում շատ դժվար էր)։ Ահա նրանք Նյու Յորքում են, Հիչքոկը հասցրել է այցելել սրճարան և պատվիրել երեք սթեյք ու պաղպաղակ։ Այդ ժամանակ ամերիկացի պրոդյուսեր Դևիդ Օ․ Սելզնիկը, իմանալով, որ Հիչքոկն Ամերիկայում է, իր աշխատողին նրա մոտ է ուղարկում փոքրիկ նամակով, որտեղ իր հիացմունքն է արտահայտում վարպետի հանդեպ։ Սելզնիկը ժամանակին հիմնադրել էր Selznick International Pictures ընկերությունը, որը շարունակում էր մեծ շահույթ ապահովել նրա համար։ Եվ Սելզնիկը պատրաստ էր ներդրում անել Հիչքոկի ֆիլմերում։ Հիչքոկն ընթերցում է նամակը, Մ․ Նահանգներից հեռանալիս կապ է հաստատում նամակագրի հետ, ապա, վերադառնալով Անգլիա, ավարտում է նկարահանումները։ 1938թ-ին Հիչքոկը հայտարարություն է անում․ «Իմ գործերը բավականին արագ առաջ են ընթանում, սակայն եթե մեկնեմ Հոլիվուդ, ապա միայն Սելզնիկի հետ եմ աշխատելու»։ Սա հետագայում հիմք դարձավ «Ռեբեքա» ֆիլմի ստեղծման համար։ 1939թ-ին նա կրկին վերադառնում է Ամերիկա և պայմանագիր է կնքում։

Ամերիկայում է ստեղծվում Դաֆնա դյու Մորիեի «Ռեբեքա» վեպի էկրանավորումը, որը մելոդրամատիկ բնույթ ուներ և զերծ էր դետեկտիվի խստությունից ու արկածայնությունից։ Սակայն եթե այս վեպի հետ պետք է գործ ունենար Հիչքոկը, ապա պարզ է, որ էկրանավորումը մռայլ տեսարաններով լի մի աղետի կվերածվեր։ Մռայլությունը բխում էր ընտանեկան ապարանքից, որտեղ իր զզվելի և մահացու կնիքն էր դրել տանտիրոջ հանգուցյալ կինը՝ Ռեբեքան։ Սուր կադրեր, ճոխ տեսարաններ, հույզերի կուտակում․․․ Ահռելի պալատի տեսքն ու կահավորումը Հիչքոկին մեծ հաջողություն բերեցին՝ բարձր գնահատվելով ամերիկյան մամուլի կողմից։ Ֆիլմի պրոդյուսերը, բնականաբար, Սելզնիկն էր, և վերջինիս կանխատեսումները, թե «Հիչքոկը ամենահաջող տոպրակներից մեկն է, իսկ նրա հետ աշխատելը՝ բավականին հետաքրքիր», ճիշտ արդյունքի հանգեցրին։ Մոտենում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ աշխարհը հայտնվելու էր փախուստի ու վախերի շրջանում։ Հիչքոկն այդ ժամանակահատվածում հասցնում է նկարահանել 6 դրամա և 1 սալոնային դետեկտիվ, որոնք արժանանում են պրոդյուսերների, քննադատների ու հանդիսատեսի բուռն և ոգևորիչ գնահատականին։ Մինչ աշխարհը պատերազմում է, Հիչքոկն իր ընտանիքի հետ մեկնում է Բևերլի Հիլզ, որտեղ ծանոթանում է Կլարկ Գեյբլի և Քերոլ Լոմբարդի հետ։
2
 |
Գրեգորի Պեկի հետ |
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Հիչքոկը որոշեց մշտական բնակության նպատակով տեղափոխվել Ամերիկա՝ Հոլիվուդ, նրա հին բարեկամ Մայքլ Բելքոնը, ով բազմիցս աշխատել էր նրա հետ, սկսեց քննադատել և հոգեբանական հարվածներ հասցնել նրան՝ դառնալով անգլիական մամուլի «խոսափողը»։ Բելքոնը Անգլիայում թշնամական տրամադրություններ էր սերմանում Հիչքոկի դեմ։ Նա, մասնավորապես, հայտարարեց․ «Այս դժվարին ժամանակներում, երբ Անգլիան պատերազմի մեջ է, և ամեն մեկը յուրովի է մարտնչում, նա մեկնել է Հոլիվուդ և մշտապես թողել երկիրը։ Ես նրա անունը չեմ հնչեցնի, քանզի դավաճաններին հարկավոր չէ ճանաչել»։ Այո՛, սա, իրոք, մեծ հարված էր Հիչքոկի համար, ով այս ամենի պատճառով ընկնում է սթրեսի ու անհաջողությունների մեջ։ Հիչքոկը երբեք չէր պատասխանում նամակներին ու քննադատությանը, սակայն Բելքոնի հնչեցրած «դավաճան» բնորոշումը կոտրեց նրա երկարամյա սկզբունքը, և ռեժիսորը պատասխանեց․ «Նա հավերժ Դոնալդ Դաքն է՝ այն բադիկը, ով, մտնելով Հոլիվուդ, հանդիպել էր անհաջողությունների՝ կարծելով, թե որպես «մարդ» է մտնում։ Այն, թե ինչպես եմ ես օգնում իմ երկրին, իմ գործն է, այլ ոչ թե «միսթր» Բելքոնի, և սա քաղաքական գործ չէ»։ Հիչքոկն իրավացի էր, քանի որ մինչ Բելքոնի հայտարարությունը նա մոնտաժում էր Անգլիայում նկարահանված փաստավավերագրական կադրերը՝ պատերազմի ընթացքի և մարտնչումների մասին։ Այլ կերպ օգնել հնարավոր չէր. նա արդեն ծեր էր, ավելի էր գիրացել և ռազմի դաշտում պետքական մարդ չէր։

Ի դեպ, գիրության մասին։ Մի անգամ, երբ Հիչքոկը խնջույք էր կազմակերպում իր տանը, հրավիրում է նաև իր մշտական դերձակին, ում հայտնում է, թե ուզում է մեծ չափսի երեք կոստյում, և դերձակի այն հարցին, թե՝ «ինչո՞ւ, դուք դեռ այդ աստիճանի գիրության չեք հասել», Հիչքոկը հանգիստ պատասխանում է․ «Հարգելի՛ս, ես երբեք իմ սիրելի ուտելիքներից և սկզբունքներից չեմ հրաժարվելու»։ Փաստավավերագրական ֆիլմերի մոնտաժումը հնարավորություն տվեց Հիչքոկին, որ իր բազմաթիվ կինոաշխատանքները ներկայացնի Universal Pictures ընկերություն, որի հետ աշխատեց մինչև իր ստեղծագործական կյանքի ավարտը, և որը նրա սիրելի ընկերություններից մեկն էր։ Նա ստանում էր տարեկան 50.000 դոլար, որը նրա համար նոր մտահղացումների ու ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում։ Եվ ահա 1944թ-ին, երբ Հիչքոկը կնոջ հետ ճաշում էր ու զուգահեռաբար թերթ կարդում, նա նկատում է մի անուն, որը լսել էր նաև նախկինում՝ ռադիոյով, որտեղ հայտարարել էին, թե ռեժիսոր Մայքլ Քյորթիսը, հրաշալի դերասանուհու մասնակցությամբ, արդեն ավարտում է իր «Կասաբլանկան», որը մեծ հաջողություն է ունենալու ամերիկյան կինոարդյունաբերությունում։ «Եթե հրաշալի դերասանուհին Մայքլ Քյորթիսի մոտ հաջողության է հասել,- մտածում է Հիչքոկը,- ապա ինձ մոտ կրկնապատիկն է ստանալու»։ Իսկ հրաշալի դերասանուհին միշտ անկրկնելի Ինգրիդ Բերգմանն էր, ում ռեժիսորը հրավիրում է նկարահանման տաղավար և, տեսնելով իր դիմաց կանգնած բարձրահասակ, գեղեցկատես ու աշխույժ Ինգրիդին, ասում է․ «Իմ փոքրիկ, չարաճճի Ինգրիդ Բերգման»։
 |
նկարահանման հրապարակում |
Նրանց ծանոթությունն ի սկզբանե բավականին ջերմ էր, Ինգրիդը հեշտությամբ էր ընկալում Հիչքոկի ամեն մի խոսքը, և այն հարցին, թե՝ «միսս Բերգման, Դուք պետք է «մշտական» ուսանողուհու կարգավիճակում հայտնվեք, դա Ձեզ դո՞ւր է գալիս», նա պատասխանում է․ «Պատրաստ եմ մի նոր բան սովորելու, որքան էլ «մշտական ուսանողուհի» լինեմ»։ Հիչքոկը հրավիրում է նաև Գրեգորի Պեկին, ով մինչ այդ արդեն նկարահանվել էր մի քանի ֆիլմերում, սակայն Հիչքոկի համար նա դեռևս նորեկ էր, ով պետք է ծանոթանար մեկ այլ աշխարհի հետ։ Հիչքոկը Պեկի հարցում չէր սխալվում, թե կարող է նրանից ստանալ հրաշալի կերպար։ Եվ Սելզնիկի արձագանքին, թե՝ «նա դեռևս նորեկ է և կարիերայի ետևից է ընկած», Հիչքոկը պատասխանում է․ «Մենք դեռևս ծնվելուց առաջ էինք կարիերայի մասին մտածում, և չեմ սխալվի՝ ասելով, որ Դուք նույնպես տվյալ պարագայում փորձում եք ինձնից առաջ անցնել»։ Սա վիրավորական չէր Սելզնիկի համար, քանզի նրանց հարաբերությունները, ճիշտ է, արդեն ամուր չէին, սակայն դեռևս տեղի չէին տվել։ Հիչքոկը դեռևս դիմանում էր Սելզնիկի իշխանությանը, իսկ Սելզնիկը հետզհետե անտանելի էր դառնում, հատկապես՝ երբ սկսեց հովանավորել «Կախարդվածը» ֆիլմը, որի համար էլ հավաքվել էին նկարահանող անձնակազմը և գլխավոր դերասանները՝ Գրեգորի Պեկն ու Ինգրիդ Բերգմանը։ Սելզնիկի և Հիչքոկի հարաբերությունների վերջակետը դրվում է նկարահանումներից հետո, որոնք ճակատագրական են դառնում, որովհետև Հիչքոկը մշտապես տեղափոխվում է Universal Pictures։ Առայժմ Հիչքոկը դիմանում էր Ինգրիդի ու Պեկի իմպրովիզացիաներին։ Բայց հետո, երբ նրա երկարատև ջանքերի շնորհիվ ստեղծվում է նոր գոհարներից մեկը, Ինգրիդը դառնում է այդ գոհարի մեկ հատիկը։
Ալֆրեդ Հիչքոկ. սասփենսի անկրկնելի արքան (մաս երրորդ)
Հասմիկ
Կարապետյան